«Մուլտիկուլտուրական» Բաքու

«Մուլտիկուլտուրական» Բաքու
Ադրբեջանը ջանք, եռանդ եւ ահռելի ֆինանսական միջոցներ չի խնայում, որպեսզի զանազան միջոցառումներ կազմակերպելու միջոցով աշխարհին ներկայան որպես «բազմամաշակութային եւ հանդուրժողական երկիր»: Հանուն ճշմարտության պետք է ասել, որ անընդմեջ կրկնվող այդ կեղծիքը երբեմն նաեւ ճշմարտության տեղ է անցնում: Հատկապես դա վերաբերում է Բաքվի մասին օտարերկրյա այցելուների տպավորություններին: Նրանց, իհարկե, ամբողջ իրականությունը չի ներկայացվում:



Չի ասվում, որ անցած երեսուն տարում Բաքվից բռնատեղայանվել է շուրջ 250 000 հայ, նույնքան ռուսներ հեռացել են, արտագաղթել է գրեթե ամբողջ հրեական համայնքը: Զբոսաշրջիկներին, քաղաքական եւ մշակութային գործիչներին ցույց են տալիս այն, ինչ դեռեւս պահպանվում է, եւ խնդիրը համարում են լուծված: Բաքվի լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանի մայրաքաղաքի Խաթայիի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի կարգադրությամբ «Ուրֆա» ռեստորանի դիմացի պուրակից ապամոնտաժվել են ռուսական ազգային հեքիաթների կերպարներով արձանները: Ո՞րն է այդ քայլի պատճառը՝ բացատրություն չկա:



Պետական պաշտոնյային, ամենայն հավանականությամբ, սխալ է թվացել, որ «Ուրֆա» ռեստորանում ժամանցից հետո մարդիկ հանդիպում են ոչ թուրքական մշակույթի: Ըստ երեւույթին, մոտ ապագայում պուրակը կզարդարեն թուրքական հեքիաթների կերպարների արձանները: Կամ էլ կբարձրանի Ղաչաղ Նաբիի արձանը: Դրանով Բաքուն վերջնականապես կդառնա «մուլտիկուլտուրական»։



**Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ**