Առասպելաբանություն

Առասպելաբանություն
Լրանում է ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Մամուլում հայտնվում են հուշեր, հեռուստաէկրաններին՝ ժամանակի գործիչներ կամ մարդիկ, որ հետագայում իրենց վրա են քաշել համաժողովրդական ընդվզման «կազմակերպչի վերմակը» եւ այնքան են իրենց դերին հարմարվել, որ հիշեցնում են Հրանտ Մաթեւոսյանի «հին պարտիզան» հերոսին: Իմացողը կհասկանա: Այդ մարդիկ իրենց են վերագրում փետրվարի 20-ի նստաշրջանին պատգամավորների մասնակցությունն ապահովելու առաքելություն եւ ներկայացնում են, որ այդ պատասխանատու հանձնարարությունն ստացել են... «Կռունկ» կոմիտեից: Այդ ոչինչ, որ հիշյալ ոչ ֆորմալ կառույցը, որի պատմաքաղաքական դերակատարությունն օբյեկտիվ հայացքով չափազանց վիճելի եւ նույնիսկ երկիմաստ է, ստեղծվել է մարզխորհրդի նստաշրջանից տասը օր հետո՝ մարտի 2-ին:



Բանականաբար, այդ կառույցը փետրվարի 20-ին գոյություն չի ունեցել եւ չէր կարող իր անդամներին տալ մարզխորհրդի պատգամավորների անվտանգության ապահովման հանձնարարություն: Առասպելի ժանրից է նաեւ այն, թե փետրվարի 20-ին «փակ էին դեպի Ստեփանակերտ տանող բոլոր ճանապարհները»: Եթե այդպես լիներ, ապա շրջկենտրոններից,ամենահեռավոր գյուղերից տասնյակ հազարավոր մարդիկ չէին հասնի Լենինի հրապարակ եւ ժամերով «սեսիա՜-սեսիա՜» չէին վանկարկի: Ասում եմ ականատեսի եւ մասնակցի իրավունքով. այդ օրը մարզխորհրդի պատգամավոր Անգին Սուքիասյանին, նա այսօր էլ ապրում է մեր գյուղում, Ստեփանակերտ ենք ուղեկցել ես, գյուղխորհրդի նախագահը եւ պետտնտեսության տնօրենը՝ վերջինիս «Ուազ» ծառայողական մեքենայով: Ստեփանակերտ ենք հասել ոչ թե շրջանցիկ, այլ՝ հիմնական ճանապարհով, որն անցնում էր Խոջալուի միջով:



Ոչ ոք մեզ չի կանգնեցրել: Մարզխորհրդի գործկոմի շենքի մոտ Անգին Սուքիասյանին դիմավորել են մարզգործկոմի համապատասխան ծառայության աշխատակիցներ, ստուգել մանդատը, տարել ներս: Սա է իմ տեսածը: Չեմ կարծում, թե Անգին Սուքիասյանը մարզխորհրդի միակ պատգամավորն է, որ Ստեփանակերտ է հասել անվտանգ, չի հանդիպել որեւէ խոչընդոտի: Անհասկանալի է, թե ինչու՞ է առասպելաբանվում իրականությունը, որն առանց այդ էլ այնքա՜ն հերոսական էր...



**Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ**