«Կրեմլի ցուցակի» մեր բաժին կայֆը

«Կրեմլի ցուցակի» մեր բաժին կայֆը
Պաշտոնական Մոսկվայի արձագանքն ԱՄՆ ֆիննախի, այսպես կոչված` «Կրեմլի ցուցակին» չի կարելի միանշանակ հերոսական որակել: Կրեմլում, անշուշտ, անհանգստացած են, եթե չասենք` վախեցած: 2014 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ն ընտրողաբար պատժամիջոցների թիրախ է դարձնում ոչ թե ռուսական առանձին կազմակերպություններ, արտադրական ուղղություններ, տնտեսական ոլորտներ եւ հակաամերիկյան հռետորաբանություն ցուցաբերած գործիչների, այլ ՌԴ նախագահին ու նրա մերձավոր բարձրաստիճան շրջապատը: Անձամբ Պուտինի անունը չկա այդ ցանկում, բայց նույնիսկ ոզնուն էլ հասկանալի է, որ «Կրեմլի ցուցակ» ասվածն ավելի շատ եւ ավելի շուտ «Պուտինի ցուցակ» է, որով փորձ է արվել ՌԴ նախագահին հասկացնել իր վարած քաղաքականության միանգամայն անհեռանկար եւ վտանգավոր լինելը հենց Ռուսաստանի համար: Հետելցինյան առաջին տարիներին Պուտինին մեծ դժվարությամբ հաջողվեց լեզու գտնել ռուս եւ ռուսաստանցի մեծահարուստների հետ եւ նրանց պահել Ռուսաստանում: Կժպտա՞, արդյոք, բախտը նրան այս անգամ, թե՞ պատժամիջոցների նոր ալիքը հիմնահատակ կփլուզի մեծ զոհողությունների գնով կառուցված մենիշխանական բուրգը: Այլ խոսքով` «Կրեմլի ցուցակը» ոչ այլ ինչ է, եթե ոչ ՌԴ իշխանությունների եւ միլիարդատերերի միջեւ նետված անվստահության որդ, որ իսկապես կարող է տնտեսապես, բարոյապես, ինչու ոչ՝ նաեւ քաղաքականապես ծնկի բերել Ռուսաստանին:



Սա արդեն սիրիական պատերազմ չէ, որ Ռուսաստանը փորձի իր օդանավերով, տանկերով, սուզանավերով, ՀՕՊ միջոցներով եւ ճշգրիտ խոցման թեւավոր հրթիռներով չափվել ԱՄՆ-ի հետ: ԱՄՆ-ն Ռուսաստանին ներքաշում է ֆինանսական պատերազմի մեջ, ընդ որում՝ հենց Ռուսաստանի տարածքում, որտեղ մարտի 19-ին սպասվում են նախագահական ընտրություններ:



Պուտինը, ինչպես բնորոշ է նրան, «Կրեմլի ցուցակի» առնչությամբ հասցրել է կատակել. «Իմ անունը չկա այդ ցուցակում: Նույնիսկ վիրավորական է»: Քաջությունը, իհարկե, լավ հատկանիշ է, բայց, որպեսզի այն չվերածվի քաջության խաղի, դեռ պետք է իմանալ՝ արդյոք ցուցակում հայտնվածների համար ընկերովի մահը հարսանի՞ք է, թե՞ նրանք նախընտրում են փրկությունը, որ այս դեպքում շատ նման կլինի նավը լքելուն:



Ռուսաստանյան իշխանության վերնախավում ժամանակից շուտ իրարանցում թույլ չտալու համար Վաշինգտոնից շտապել են հայտարարել, որ «Կրեմլի ցուցակի» շրջանակներում նոր պատժամիջոցները հապճեպ չեն կիրառվելու: Այսինքն՝ դրանով Պուտինին հուշել են, որ արտաքին քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ կատարելու, աշխարհաքաղաքական գործընթացներում առավել համեստ եւ բոլորի հետ համաձայնեցված գործառույթներ ստանձնելու, խաղի համընդհանուր կանոններին ենթարկվելու ժամանակն է: Վաշինգտոնի այս արագ թայմ-աութը նաեւ ջրեց այն վաղահաս տեսակետը, թե «Կրեմլի ցուցակը» ՌԴ նախագահական ընտրություններին միջամտելու պարզունակ փորձ է: Իհարկե, չի կարելի բացառել ԱՄՆ նախագահական վերջին ընտրությունների համար Մոսկվայի նկատմամբ ռեւանշի հասնելու Վաշինգտոնի ձգտումը, բայց հազիվ թե Վաշինգտոնը դա աներ այսպես ուղղակի եւ բացահայտ:



«ՌԴ նախագահական ընտրություններին միջամտելու» մասին հայտարարությունները շատ հեռու են ամերիկյան նոր պատժամիջոցներին հակաքայլ համարվելուց: Գերակշռողը «Կրեմլի ցուցակի» տնտեսական բաղադրիչն է, որն ունի առավել հեռահար նպատակներ, քան մեկուկես ամսից Պուտինի վերընտրությանն ընդամենը միջամտելն է: Որքան էլ տարօրինակ հնչի, Պուտինն այսօր միակ կանխատեսելի գործիչն է, որի նախագահության տարիներին կարելի է մինչեւ թույլատրելի աստիճան տկարացնել Ռուսաստանին` չվախենալով անկառավարելի քաոսից, որ կարող է բռնկվել աշխարհի մոտ մեկ վեցերորդն զբաղեցնող տարածքում: Այստեղ արժե հիշատակել Կրեմլի մեկ այլ մեկնաբանություն` կապված խնդրո առարկա ցուցակի հետ: Պուտինը բաց տեքստով հայտարարեց, որ ԱՄՆ-ն պարտավոր է այդ ցուցակի հետեւում տեսնել ոչ միայն Ռուսաստանն ու ռուս ժողովրդին, այլեւ Ռուսաստանի հետ ամուր կապերով կապված բազմաթիվ պետությունների ու ազգերի: Սա ակնարկ էր Վաշինգտոնին` պատժամիջոցները կիրառելուց առաջ մտածելու եւ հաշվարկներ անելու մասին:



Դատելով այն հանգամանքից, թե ինչ արձագանք գտավ «Կրեմլի ցուցակի» եւ այդ ցուցակում հայ մեծահարուստների անունների առկայության մասին լուրը Հայաստանում, կարելի է միանշանակ պնդել, որ Պուտինի դիտարկումը հիմնազուրկ չէր, թեեւ Վաշինգտոնին «խղճահարեցնելու» նրա այդ փորձն ավելի շուտ ժամանակ շահելու եւ համախոհների շրջանակ ձեւավորելու նպատակ է հետապնդում: Այդուհանդերձ, կարծում ենք, որ այս իրավիճակում հետեւություններ պետք է անենք նաեւ մենք, որպեսզի վերջնարդյունքում հենց մենք չհայտնվենք պատժամիջոցների ազդեցության ամենաթեժ կետում: Այն, ինչ այսօր հուշում են որոշ տաք գլուխներ, թե ժամանակն է թռնելու, մեղմ ասած, «շանտղության» նման մի բան կարող է դիտվել, ընդ որում` բոլոր կողմերից: Այլ հարց է դիմակայելը, դժվարությունների մասին Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ խոսելը: Ի վերջո, մենք պատանդ չենք Պուտինի եւ Թրամփի ձեռքին, որոնք չեն կարողանում կարգավորել իրենց հարաբերությունները: Նրանց այս նոր մենամարտը կարող է երկար տեւել, ինչին, այո, պատրաստ չեն Հայաստանը եւ Հայաստանի նման շատ երկրներ:



Մեր խոցելիության պարզ օրինակ է Հայաստան մտնող երկաթուղու աբխազական հատվածի շուրջ ռուս-վրացական բանակցությունների վերջին փուլի անհաջող ավարտը: Վրացական կողմը պնդում է, որ ռուսներն են նոր պահանջներ ներկայացրել Աբխազիայի մուտքին եւ ելքին մաքսակետեր դնելու հարցում, մինչդեռ Վրաստանը կողմ է, որ դրանք չլինեն, որպեսզի Թբիլիսին պարտավորված չլինի պաշտոնապես հարաբերվել չճանաչված Աբխազիայի իշխանությունների հետ: Կողմերը, ինչպես տեսնում ենք, ճիշտ են` ամեն մեկն իր տեսանկյունից, բայց դրանից, ինչպես միշտ, տուժում ենք մենք, որ չունենք հաղորդակցության ուղիների, այսպես ասենք` լայն ընտրություն: Մեր նման երկիրը չի կարող նաեւ ներդրումներ հայթայթելու այնքան մեծ հնարավորություններ եւ ընտրություն ունենալ, որ հեշտությամբ համակերպվի ռուսական եւ ռուսահայ կապիտալից ԱՄՆ պատժամիջոցների պատճառով զրկվելու փաստի հետ:



Հիմա ասում են` թռնենք: Հարց չկա, թռանք` մեկ, երկու… բայց ո՞ւր, որոշե՞լ եք: Մեր որոշ երգիչներ դարձյալ հիշել են ԱՄՆ դեսպանի խոստումները` Հայաստանում 8 միլիարդի ներդրում անելու մասին: Ի դեպ, ճիշտ ժամանակն է, որ ԱՄՆ դեսպանն սկսի ներդրումները, որպեսզի Հայաստանը չտուժի «Կրեմլի ցուցակից»: Մենք միայն կողջունենք նրա այդ մեծահոգությունը:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**