Եւս մեկ պատճառ, թե ինչու է Արմեն Սարգսյանը ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուն

Եւս մեկ պատճառ, թե ինչու է Արմեն Սարգսյանը ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուն
Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները ե՛ւ ներքին դաշտում, ե՛ւ արտաքին աշխարհում: Հայկական լրատվական դաշտը բավական լավ լուսաբանում է այդ հանդիպումները, նույնիսկ կատարելիք այցերի մասին է գրում: Առհասարակ, Արմեն Սարգսյանի մասով մամուլը, այսպես ասենք՝ «թեման միշտ տաք է պահում», հասարակության ուշադրությունն էլ նրա վրա է սեւեռված: Ու այս պահին առկա վերլուծությունների, մասնագիտական ու փորձագիտական կարծիքների եւ գնահատականների առատության մեջ, ամեն դեպքում, պակասող մի օղակ կա, առանց որի կարծես թե Արմեն Սարգսյանի նախագահացման շղթան ամբողջական չէ: Խոսքը, անշուշտ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին է, հակամարտություն, որը համարվում է մեր ժամանակների ամենաձգձգված եւ ամենավտանգավոր հակամարտություններից մեկը, որը թեժանալու դեպքում կարող է պայթեցնել ոչ միայն Հարավային Կովկասը: Իսկ աշխարհի մեծ քաղաքականության հիմնական խաղացողներին հիմա ամենաքիչը նման պայթյունն է պետք:



Հետեւաբար պարզ է, որ այս հակամարտությունը լուծելու ժամանակն արդեն կարծես թե եկել է, եւ, ամենայն հավանականությամբ, գուցե այս տարում, գուցե սկսած այս տարվանից, առաջիկա տարիներին կլինեն գործընթացներ, որոնք կբերեն հակամարտության լուծմանը կամ լուծման հաջորդ հանգրվանին, ըստ Մադրիդյան սկզբունքների` ԼՂ միջանկյալ կարգավիճակին, խաղաղապահ ուժերի տեղակայմանը, սահմանների բացմանը եւ այլն: Ինքնին հասկանալի է, որ Հայաստանի գործող իշխանությունները, իբրեւ բանակցային գործընթացում ԼՂ շահերը ներկայացնողներ, այս սցենարի հարցում որեւէ առարկություն չունեն եւ համաձայնել են Մադրիդյան սկզբունքներին այս կամ այն խմբագրմամբ, ինչի մասին ամենատարբեր մակարդակներում պաշտոնական հայտարարություններ հնչել են եւ հնչում են: Խնդիրը կամ, այսպես ասած` «անհնազանդ դժվար երեխան» այս հարցում կարծես թե մնում է Բաքուն:



Գոնե վերջին տարիների փորձառությունը ցույց տվեց, որ Բաքուն այնքան էլ ենթարկվող չէ Մոսկվայի կամքին եւ կարողանում է նաեւ «ատամներ ցույց տալ»՝ խաղարկելով իր ամենազորեղ խաղաքարտ նավթը: Իսկ ադրբեջանական նավթի խաղաքարտն արդեն Բաքվի դեմ կարող է օգտագործել միայն ու միայն այն կազմակերպությունը, որն ըստ էության տնօրինում է այդ նավթի հետ կապված գրեթե ամեն ինչ. խոսքը բրիտանական BP-ի մասին է: Ու այս դեպքում որեւէ մեկի համար գաղտնիք բացած չենք լինի, եթե ասենք, թե ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատման մեջ քիչ դերակատարություն չի ունեցել նաեւ այս վերազգային կորպորացիան: Մեկ անգամ չէ, որ վերազգային այս կորպորացիայի` Հարավային Կովկասի քաղաքական կլիմայի վրա ներազդման մասին խոսվել է: Արմեն Սարգսյանն այս դեպքում, իբրեւ արեւմտյան աշխարհի եւ բրիտանական վերնախավի մոտ «յուրային» համարվող մարդ, ամենահարմար թեկնածուն է, ով կարող է բալանսավորել ամեն բան եւ նույնիսկ, իբրեւ «անգլիայի թագուհու» լիազորություններն ունեցող նախագահ, անձնական կապերի եւ ազդեցության ներդրմամբ մասնակցել ղարաբաղյան կարգավորման գործընթացին:



Իսկ սա արդեն աչքի առաջ ունենալով՝ լիովին կարելի է ասել, որ Արմեն Սարգսյանի թեկնածության հարցում որոշում կայացվել է ոչ թե Սերժ Սարգսյանի կողմից, այլ համաշխարհային քաղաքականության խոշոր խաղացողների։ Եվ Սերժ Սարգսյանը, ըստ ամենայնի, ընտրության հնարավորություն չի էլ ունեցել, քանի որ, ասենք, ընդդիմացումը կարող էր բերել այն բանին, որ նա կզրկվեր որոշ անդրկուլիսային պայմանավորվածություններից։ Իսկ դրանք կան այսօր՝ կապված Հայաստանից հանված կապիտալի ապահովության եւ այլնի հետ, որոնց բավական ուշագրավ գրառմամբ անդրադարձել է փորձագետ Ստեփան Դանիելյանը: Չի բացառվում, որ ԵՄ կազմից դուրս եկող Միացյալ Թագավորությունը փորձելու է իր շահերն առաջ տանել՝ պլացդարմ ունենալով Բաքուն: Ամենեւին չի բացառվում նաեւ, որ այս ամենը Լոնդոն-Մոսկվա պայմանավորվածությամբ է իրականացվում: Իսկ այստեղ արդեն պարզից էլ պարզ է, որ բոլորն էլ ցանկանում են տեսնել խաղաղ, հանգիստ ու կայուն Հարավային Կովկաս՝ զերծ պայթյունավտանգ խնդիրներից:



**Տիգրան ՎԱՀԱՆԵ**