Ընդդեմ մամուլի
Երբ արտգործնախարարության խոսնակն իրեն թույլ է տալիս լրագրողին ասել՝ կօգնեմ հարցազրույցդ անես, եթե նյութը «Հրապարակում» չես տպելու։ Երբ մեր ուղարկած հարցմանն ի պատասխան՝ մամուլից ինչ-որ հոդվածի քսերոքս են ուղարկում, թե՝ այս լրատվամիջոցին արդեն պատասխանել ենք՝ օգտվեք սրանից։ Եվ վերջապես՝ երբ կառավարությունը որոշում է իր նիստերն այլեւս փակ անցկացնել, չնայած շատ ավելի վաղ էին դրանք «փակվել»՝ նիստերից առաջ նախարարների գաղտնի նիստում կազմակերպելով իրական քննարկումները։
Պարզ է դառնում, որ մամուլի համար եկել են դժվարին ժամանակներ։ Երբ տեղեկատվության հայթայթումը-ճշտումը բարդագույն խնդիր է դարձել, իսկ մեր յուրաքանչյուր սխալն ու վրիպումը՝ դատարանում հայտնվելու ռեալություն։ Երբ ամեն մի չինովնիկ ու քաղաքական գործիչ իր պարտքն է համարում մամուլի ու լրագրողների աշխատանքը խոչընդոտել, իսկ օգնողներին կարելի է մատների վրա հաշվել։ Երբ այդ նույն՝ մամուլի թշնամիների թեթեւ ձեռքով դաշտում այնքան կեղծ լրատվամիջոցներ են հայտնվել, որ այդ բազմազանության մեջ իրականների աշխատանքն էլ է «ոտքի տակ գնում» ու արժեզրկվում։ Մի խոսքով՝ լրագրող աշխատելը նմանվել է կամավոր ինքնախոշտանգման պրոցեսի։
**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**
Կարծիքներ