Խնդիրն այն չէ, թե ով է նախագահը, այլ, թե ով է նրան նշանակել

Խնդիրն այն չէ, թե ով է նախագահը, այլ, թե ով է նրան նշանակել

Ներքին և արտաքին բավականին բարդ և անլուծելի թվացող մարտահրավերների առջև կանգնած Հայաստանի Հանրապետությունը ներկայումս ներքաշված է համալիր փոփոխությունների պարտադրված, բայց անկասելի ընթացքի մեջ: Ընդամենը հաշված օրեր անց կավարտվի Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը և ԱԺ-ն պետք է ընտրի չորրորդ նախագահին, իսկ Հայաստանն էլ կդառնա խորհրրդարանական հանրապետություն։ Այլ խնդիր է, թե փոփոխությունն այդ որքանով է կապված հանրության և ընդհանրապես պետության շահերի հետ և զարգացման ինչպիսի հեռանկարներ է նախատեսում վերջինների համար: Այնուամենայնիվ, գրեթե կասկած չկա, որ Չորրորդ Հանրապետության նախագահ է ընտրվելու Արմեն Սարգսյանը։

Սահմանադրության փոփոխությունից հետո Սերժ Սարգսյանը փորձում էր աստիճանաբար հին կառավարման համակարգը ադապտացնել նոր համակարգի և խաղի կանոնների հետ, որոնք վերջնականապես ձևավորվեցին 2017 թ. խորհրդարանական ընտրություններից հետո: Ադապտացիոն գործընթացն ի սկզբանե նախաձեռնեց և առաջնորդեց վարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ հաղթական ավարտին, ինչպես տեսնում ենք, հասցնելու է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը: Այսինքն՝ համակարգի վերարտադրությունն իրականացվել և իրականացվում է այս երկու գործիչների միջոցով, բայց՝ Սերժ Սարգսյանի անմիջական վերահսկողությամբ ու կամքով։

Նախագահի ընտրության փաստի հետ կապված պետք է արձանագրել կարևորագույն մի հանգամանք. այլևս ով էլ լինի նախագահի պաշտոնում, միևնույնն է, նա խաղալու է ապագա վարչապետ Սերժ Սարգսյանի խաղի կանոններով, դառնալու է նրա համակարգի անբաժանելի մասնիկը: Այսինքն՝ խնդիրն այն չէ, թե ով է նախագահը, այլ, թե ով է նրան նշանակել: Քանի որ բոլոր առանցքային ոլորտները կենտրոնացված են լինելու վարչապետի ձեռքում, իսկ վարչապետ վստահաբար դառնալու է Սերժ Սարգսյանը։

Իշխանության վերարտադրության և Սերժ Սարգսյանի մենիշխանության հաստատման երկարատև գործընթացը կարծես թե հասնում է իր տրամաբանական ավարտին։ Այդ գործում մեծ դեր խաղացին վարչապետ Կարեն Կարապետյանն ու նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, որին վերապահված է գործողության եզրափակիչ շրջափուլը։

Այսպիսով մոտենում է 1990 թ․ ստեղծված Հայաստանի Հանրապետության մայրամուտը և միաժամանակ արձանագրվում է մեկնարկը բովանդակային տեսանկյունից մի նոր պետության, որն է՝ Խորհրդարանական Հայաստանը։ Անկախ ամեն ինչից ներհայաստանյան գավառական, ինչու չէ նաև քաղքենի միջավայրը ըստ էության չի գիտակցում իրավիճակի լրջությունը։ Նորից ու նորից քննարկվում են անհատների հետ կապված երկրորդական նշանակություն ունեցող էպիզոդները։ «Վազգեն Սարգսյանն Արմեն Սարգսյանին ծեծել է, թե՞ ոչ», «հարուստ է, չի թալանի», «գիտնական է, կիրթ է»։ Ահա սրանք են հանրության քննարկման հիմնական թեմաները։ Հիշեցնենք, որ գրեթե նույն իրավիճակը ձևավորվել էր նաև նորանշանակ վարչապետ Կարեն կարապետյանի անձի շուրջ։