Հայացք` ՀՀԿ-ին

Հայացք` ՀՀԿ-ին
ՀՀԿ-ն իր հիմնադրումից ի վեր երբեք այնքան բազմաբղետ չի եղել, ինչպես Սերժ Սարգսյանի ղեկավարության տարիներին: Բազմաբղետ ասելով` նկատի ունենք մերօրյա ՀՀԿ-ի մեջ այլազան գաղափարների եւ քաղաքական հայացքների առատությունը: Կարծում ենք, որ այդ բազմազանությունն էլ ավելի կընդլայնվի, եթե Սերժ Սարգսյանը շարունակի գլխավորել ՀՀԿ-ն առաջիկա եւս մի քանի տարիների ընթացքում, որոնք գործնականում լինելու են փոփոխությունների տարիներ:



ՀՀԿ-ն բոլորովին կողմնակի դեմքերով «ճոխացնելու» Սերժ Սարգսյանի արշավն սկսվել է դեռ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից, երբ կուսակցության ցուցակի անցողիկ տեղերում հայտնվեցին Նժդեհի ուսմունքի հետ բացարձակապես կապ չունեցող, իսկ որոշ դեպքերում էլ՝ միանգամայն հակառակ տեսակետների վրա կանգնած քաղաքական ու կիսաքաղաքական մարդիկ: ՀՀԿ-ում մինչ օրս էլ չեն կարողանում մարսել ՍԻՄ նախկին փոխնախագահ Հայկ Բաբուխանյանի, Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանի, «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանի, հայ երգարվեստի, լրագրության եւ շոուբիզնեսի առանձին ներկայացուցիչների` իրենց փոխարեն խորհրդարանում հայտնվելու «խայտառակությունը»: Շահե՞լ է հավաքական ՀՀԿ-ն դրանից` չենք կարող ասել, բայց եթե մոնիթորինգ արվի, կպարզվի, որ Սերժ Սարգսյանին քծնելու գործով վերոնշյալներն ու ՀՀԿ-ում բազմազանություն ապահոված մյուս քաղաքական էակներն իրենց հավասարը չեն ունեցել այս տարիների ընթացքում: Իսկ ներկուսակցական քծնանքը, հավատացեք, ամենավատ բանն է, որ կարող է լինել կուսակցությունում:



Ֆուրշեթային մեկ երեկոյի ընթացքում ՀՀԿ-ական դարձան վարչապետ Տիգրան Սարգսյանն ու մի խումբ նախարարներ, որոնք կա՛մ թռել էին այլ կուսակցություններից, կա՛մ էլ իրենց կյանքում երբեք կուսակցական չէին եղել: Զանգվածային ՀՀԿ-ացման հաջորդ հոսքը գլխավորեց գործող վարչապետ Կարեն Կարապետյանը, որը, եթե հավատանք նրա հայտարարություններին, իր հետեւից հազարավոր մարդկանց բերեց ՀՀԿ: Վարչապետի պաշտոնում արտահհկական գործիչների նշանակումը խոսում է ոչ այնքան ՀՀԿ կադրային բազայի աղքատության, որքան Սերժ Սարգսյանի կուսակցապետական ձեռագրի մասին: Քաղաքական խառնամբոխը ղեկավարելն ավելի դյուրին է, քան քաղաքական լուրջ ճանապարհ անցած եւ որոշակի ավանդույթներ ունեցող կուռ կուսակցությունը: ՀՀԿ-ի ղեկավարումը հեշտացնելու առումով, պետք է ասել, Սերժ Սարգսյանը հաջողել է 100 տոկոսով:



Այս օրերին ՀՀԿ-ն հերթական փորձաշրջանն է մտել: Նոր մարդ է հայտնվել ասպարեզում` Արմեն Սարգսյանը, որին «բախտ է վիճակվել» լինելու ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն: Ավելորդ է, կարծում եմ, խոսել ՀՀԿ-ականների շփոթմունքի մասին: Եթե նրանց տրվեր նախագահի իրենց թեկնածուն առաջադրելու հնարավորությունը, հազիվ թե ՀՀԿ-ում որեւէ մեկը հիշեր Արմեն Սարգսյանի մասին: Մինչդեռ նրանք մի օր գործի եկան եւ իմացան, որ ՀՀ նախագահի իրենց թեկնածուն Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Թող զարմանալի չթվա, բայց ՀՀԿ գրասենյակում կազմակերպված հանդիպմանը շատերն իրենց թեկնածուին առաջին անգամ տեսան: Ինչ են խոսել այդ հանդիպմանը` ՀՀԿ-ն այդպես էլ չմանրամասնեց, իսկ առանձին ՀՀԿ-ականներ էլ, եթե խոսում են Արմեն Սարգսյանի մասին, ապա ոչ թե նրան քարոզելու մղումով են դա անում, այլ հերթապահ կարգով որեւէ բան ասելու պարտավորվածությամբ:



Արմեն Սարգսյանը հազիվ թե հետագայում ընկալվի որպես ՀՀԿ բերված Սերժ Սարգսյանի հերթական կադր, թեեւ ինչ իմանաս, թե ինչ կկատարվի առաջիկա 7 տարիների ընթացքում: Մեկ էլ տեսար` 2022 թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորեցին անգլերենին քաջ տիրապետող մարդիկ, որոնց մասին ՀՀԿ պահպանողական վերնախավում չեն էլ լսել: ՀՀԿ-ի ապագան այս տեսանկյունից իսկապես խոստանում է հետաքրքիր լինել:



Բոլորս էլ խելահաս մարդ ենք, ու թեեւ ուշացումով, բայց արդեն հասկանում ենք, որ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման մանավանդ երկրորդ հնգամյակը նպատակային է օգտագործել եւ այժմ պատրաստվում է վայելել իր աշխատանքի պտուղները: Նա, հավանաբար, կդառնա ՀՀ առաջին գործադիր նախագահը, որ անցում կկատարի գործադիր վարչապետի պաշտոնին: Որքան հասկանում ենք` նա չի պատրաստվում նույնիսկ նստավայրը փոխել, թեեւ այդ շենքը մեր հիշողության մեջ միշտ էլ կմնա որպես նախագահական: Դեռ կա՞ն խանգարիչ հանգամանքներ, որոնք թույլ չեն տա Սերժ Սարգսյանին զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը: Կարծում ենք` ոչ, եթե, իհարկե, ինքը վերջին պահին այլ որոշում չկայացնի: Դատելով ամեն ինչից` ընդդիմությունը չի կարող եւ չի էլ հասցնի ինչ-որ բան կազմակերպել այդ որոշման դեմ, փողոցային պայքարի հակված չէ նաեւ ժողովուրդը, որն այս իշխանություններին այլընտրանք չի տեսնում՝ «Աստված էլ բեթարից ազատի» հայտնի խոսքի համատեքստում: Խորհրդարանական ընդդիմությունը շունչը պահած սպասում է Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը: Արմեն Սարգսյանը պատրաստվում է հանդիպել նաեւ արտախորհրդարանական ուժերին, ՀԿ-ներին, ընդհուպ` առանձին կոլեկտիվների: Մինչեւ մարտի 2-ը նա կփորձի դառնալ բոլորի թեկնածուն: Չէի ցանկանա որեւէ վատ բան ասել մեր ընդդիմությանը, բայց սա, իսկապես, նորություն է Հայաստանի ներքաղաքական կյանքում: Հազիվ թե Սերժ Սարգսյանի նախորդները կարողանան պարծենալ ընդդիմադիրների հետ «աշխատանքներում» երբեւէ ունեցած այսպիսի արդյունքով եւ իրավիճակով:



Սրան հակառակ` վերջին շրջանում հաճախ է խոսվում ՀՀԿ-ի ներսում խմորումների մասին, որոնք, իբր, արդյունք են կադրային հարցում Սերժ Սարգսյանի կտրուկ որոշումների: Ասում են` առանց կրակ ծուխ չի լինում, բայց ՀՀԿ-ի պարագայում մի քիչ դժվար է խոսել նրա շարքերում այլախոհության առկայության մասին: Այլ հարց է, որ առանձին ՀՀԿ-ականներ կարող են ունենալ անձնական ամբիցիաներ, որոնք վերջին 10 տարիներին փշրվել են կուսակցության ղեկավարի անսպասելի որոշումների պատճառով: Ինչպե՞ս կարտահայտվի ՀՀԿ-ի ներսում «կուտակված այդ նեղացածությունը», Արմեն Սարգսյանի թեկնածության կապակցությամբ ԱԺ-ում մենք ականատես կլինե՞նք արտառոց քվեարկության: Հազիվ թե, որովհետեւ պահն ավելի քան պատասխանատու է, իսկ առջեւում հաջորդ խորհրդարանական ընտրություններն են, որոնք ոչինչ չեն խոստանում վատ ծառայող ՀՀԿ-ականներին: ՀՀԿ-ն տակավին պատրաստ չէ դուրս գալու «ոնց մեր նախագան կասի, տենց էլ կքվեարկենք» ֆրազի մոգական շրջանակներից:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**