Հայաստանում պետք է պաշտոնավարեն նրանք, ովքեր ուղնուծուծով հայաստանցի են

Հայաստանում պետք է պաշտոնավարեն նրանք, ովքեր ուղնուծուծով հայաստանցի են
Այո, վատը չէր Արմեն Սարգսյանի հարցազրույցը։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ մեր իշխանավորները ազատ, անկաշկանդ խոսելու, այդ խոսքում հազար ու մի կիքսեր թույլ չտալու խնդիր միշտ են ունեցել։ Բավական է միայն հիշել, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մտքի ու թեւավոր խոսքի ինչ «գոհարներ» են իրենց պաշտոնավարման ընթացքում ավանդել մեզ՝ սկսած կլիզմայից, վատ պարողին խանգարող հանգամանքներից, վերջացրած թարս աճող խիարով ու «եկել ես մեր տոնը փչացնում ես, որ ինչ անես»-ով։ Այնպես որ միանգամից արձանագրենք, որ դատելով «Շանթին» տված հարցազրույցից, նորմալ, գրագետ, զուսպ մարդու հետ գործ ունենք, որի նման նախագահ ունենալն անպատվաբեր չէ, անգամ՝ խոստումնալից է։ Ուստի չենք կարող չհամաձայնել Սամվել Նիկոյանի հետ, որի գնահատմամբ Արմեն Սարգսյանի ընտրությունը «քաղաքակրթական ընտրություն է»։ Այնպես, ինչպես ժամանակին նման «քաղաքակրթական» ընտրություն էր Կարեն Կարապետյանին հրավիրելը։ Օֆշորների մեծ մասնագետներից, «մկներից» եւ այլ մականունավորներից հետո կիրթ, գրագետ մարդու վարչապետ նշանակվելը եւս «քաղաքակրթական» ընտրության դրսեւորում էր։ Այս շարքում թերեւս կարելի է դնել նաեւ բժիշկ Արա Բաբլոյանին ԱԺ նախագահ կարգելը, որոշ մականունավորների խորհրդարանից հեռացնելը, մի շարք մականունավորների նախարարների աթոռներից իջեցնելը։ Ամեն դեպքում, տենդենց կա եւ ազնիվ չէր լինի եթե դա չնկատեինք։



Բայց, ինչպես ասում են, շատից շատ են պահանջում։ Երբ մարդը խոշոր վրիպումներ, անգրագետ խոսք, տափակ հումորներ թույլ չի տալիս, լկտի չէ, ավելորդ ինքնավստահ չէ, մուննաթ չի գալիս ունկնդրի վրա, հիմա էլ այլ՝ շատ ավելի բարձր պահանջներ ես ներկայացնում նրան։ Սկսում ես խորանալ ասվածի բովանդակության, իր հայացքների ու սկզբունքների, կողմնորոշման նրբությունների մեջ։ Ասենք՝ ուշադրություն ես դարձնում, որ մարդը պատմում է մանրամասներ իր եւ այն անձանց հարաբերություններից, որոնք այլեւս չկան եւ չեն կարող վկայել՝ ասվածից որն է ճիշտ եւ որն է սխալ․ Վազգեն Սարգսյան, Կարինե Ղազինյան, Մոսո՝ Վազգեն Սարգսյանի թիկնապահ։ Կարծում եմ՝ մեծ հայտնագործություն արած չեմ լինի, որ ասեմ՝ սա առնվազն կոռեկտ չէ, գեղեցիկ չէ։ Շատ ավելի ազնիվ կլիներ, եթե 97-ին վարչապետի պաշտոնից իր հեռանալու պատմությունը հնարավորինս ազնիվ շարադրվեր, կամ՝ ասվեր այն, ինչ կարելի է, մնացածի դեպքում՝ ներողություն խնդրեր եւ ասեր, որ ավելին ասել չի կարող։ Քանզի՝ մի ողջ երկիր, մի ամբողջ հասարակություն չէր կարող մատից ծծած կոնֆլիկտ հորինել, ստի վրա կառուցեր մի հսկա լեգենդ՝ միանգամայն անհիմն եւ այն 20 տարվա երկարակեցություն ունենար։ Բացի այդ՝ 96-97 թվերին իր հետ աշխատող մարդիկ դեռ կան եւ հիշում են այդ շրջանի իրադարձությունները։



Հիշում են, որ Արմեն Սարգսյանի հեռանալը Հայաստանից ոչ միայն անսպասելի էր, այլեւ տեւական ժամանակ, ինչքան հիշում եմ, մոտ մեկ ամիս ոչ մի ձայն չկար հեռավոր Ալբիոնից։ Իշխանական կուլիսներում պարզապես մոլորված էին՝ չգիտեին ինչ անեն, ինչ ասեն՝ վարչապետը երբ է վերադառնալու, ինչ բացատրությամբ են ձեւակերպելու եւ հասարակությանը մատուցելու նրա անսպասելի հեռացման պատմությունը։ Եթե հեռանալը մեն մի պատճառ ուներ՝ ծանր հիվանդությունը, ինչպես պնդում են Արմեն Սարգսյանն ու տարբեր իշխանավորներ այս օրերին, ի՞նչն էր խանգարում, որ մարդավարի հրաժարական տար ու հեռանար, հասարակությանն էլ իրազեկեին հրաժարականի բուն պատճառների մասին, այլ ոչ թե օրեր շարունակ անորոշ սպասեին ու չիմանային, թե ինչ պաշտոնական բացատրություն հորինեն այդ ամոթալի փախուստն արդարացնելու համար։ Էլ չեմ ասում՝ ինչն էր խանգարում, որ դեռ այն ժամանակ, երբ կար Վազգեն Սարգսյանը եւ այլ գործող անձինք, հերքեին, ապացուցեին, որ ոչ մի կոնֆլիկտ էլ չկա։ Առիթ գտնեին՝ համատեղ ցուցադրելու կոնֆլիկտի «կողմերին», որ հանրության շրջանում պտտվող այդ կասկածները հերքվեն։ Այս նույն հարցազրույցները ժամանակին տային, նույն հավաստիացումները ժամանակին հնչեցնեին։ Հարցեր, որոնք պատասխան չունեն։



Երկրորդ պահը հարցազրույցից, որ գրավեց մեր ուշադրությունը․ դա ապագա նախագահի հպարտությունն էր, որ իր զավակներն ու թոռները հայերեն գիտեն։ Ըստ իս, այդ պահին հայ ունկնդիրը միայն մի բանի մասին կարող էր մտածել՝ այս ո՜ւր ենք հասել, որ երկրի նախագահի պաշտոնին հավակնող անձը հպարտանում է նրանով, որ իր զավակները տիրապետում են մայրենի լեզվին։ Այս ինչպե՜ս պատահեց, որ մեր երկրում սկսեցին պաշտոնավարել մարդիկ, ովքեր ոչ միայն չեն ապրել Հայաստանում՝ իրենց մաշկի վրա չեն կրել հայաստանյան իրականության դժվարությունները, չեն ապրել մութ ու ցրտի պայմաններում, չեն տեսել հոկտեմբերի 27 ու մարտի 1, ընտրությունների օրերին չեն գնացել ընտրատեղամասեր, հետո՝ չեն մասնակցել հանրահավաքներին, շունչները պահած չեն սպասել սահմանից եկող լուրերին, չեն մասնակցել ապրիլյան պատերազմում զոհված 100 տղաներից ոչ մեկի թաղմանը, չեն արտասվել նրանց ծնողների հետ եւ էլի շատ ու շատ բաներ չեն արել, եւ հիմա հպարտանում են, որ հայերեն են խոսում։ Որքանո՞վ է բարոյական սկուտեղի վրա բարձր պաշտոն ստանալն՝ ունենալով օտար երկրի քաղաքացիություն եւ զավակներ, որոնք մեծացել են այլ երկրում եւ այլ երկրի քաղաքացին ու լեզվի կրողն են, բայց որպես մեր հասարակությանն ուղղված շնորհ նշել, որ նրանք հայերեն էլ գիտեն։



Չգիտեմ ով էր առաջարկել համացանցում՝ բոլոր նրանք, ում զավակներն ու ընտանիքի անդամներն այլ երկրների քաղաքացիներ են, այլ երկրներում բիզնես են ծավալում եւ այլն, իրավունք չպետք է ունենան բարձր պաշտոններ զբաղեցնելու մեր երկրում։ Ժամանակին Տիգրան Սարգսյանի ընտանիքն էր Իսպանիայում բնակվում, զավակներն էլ Իսպանիայի քաղաքացիներ էին։ Արմեն Ամիրյանի զավակներն են ԱՄՆ-ում բնակվում։ Ռոբերտ Քոչարյանի թոռները ծնվել են ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում։ Վովա Գասպարյանի փեսան է ողջ տարին ԱՄՆ-ում բնակվում, Սերժ Սարգսյանի եղբայրը, Գագիկ Խաչատրյանի որդիներն են ԱՄՆ-ում բիզնես ծավալում եւ այլն՝ շարքը շարունակելի է։



Առհասարակ՝ Հայաստանում պետք է ապրեն, աշխատեն, ընտրվեն, պաշտոնավարեն այն մարդիկ, որոնք ապրում են այս երկրի հոգս ու ցավով, ուղնուծուծով հայաստանցի են, Հայաստանը սիրում են, պաշտում են, գիտեն նրա պատմությունն ու առանձնահատկությունները եւ պատրաստ են նրա համար զոհողությունների։



**Արմինե Օհանյան**