Ֆաշիզմի գործակալը

Ֆաշիզմի գործակալը
Ռուսաստանցի քաղաքագետ Մարկովը ստորագրահավաք է սկսել՝ Երեւանում Նժդեհի արձանն ապամոնտաժելու պահանջով: «Հիմնավորումն» այն է, որ Նժդեհը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին «համագործակցել է ֆաշիստների հետ»:



Խորհրդային հատուկ ծառայությունները Նժդեհին ձերբակալել են Սոֆիայում, տեղափոխել Մոսկվա: Նրան ֆաշիստների հետ համագործակցություն չի մեղսագրվել: Նժդեհին մեղադրել են 1920թ. Սյունիքում խորհրդային իշխանության դեմ զինված ապստամբության եւ կոմունիստների դեմ բռնություններ գործելու մեջ: Ակնհայտ է, որ Մարկովը նենգափոխում է իրականությունը: Եւ նրան արժանի պատասխան տալու համար հարկ է խնդիրը ձեւակերպել այսպես. եթե Գարեգին Նժդեհը ֆաշիստական գործակալ է եղել, ինչու՞ խորհրդային դատարանը նրան դատել է 1920թ. Սյունիքում խորհրդային իշխանության դեմ զինված ապաստամբություն կազմակերպելու եւ կոմունիստների նկատմամբ բռնություններ գործելու մեղադրանքով:



Ինչ վերաբերում է ֆաշիստների հետ համագործակցությանը, ապա խորհրդային կառավարությունը՝ Ստալինի գլխավորությամբ, եղել է Հիտլերի դաշնակիցը: Այդ հանցավոր համագործակցությունն է դարձել Գերմանիայի կողմից Լեհաստանի գրավման, Արեւելյան Եվրոպայի՝ Գերմանիայի եւ ԽՍՀՄ միջեւ բաժանման պատճառը: Պատմաբանները նույնիսկ ենթադրում են, որ եթե Ստալին-Հիտլեր դաշինքը չստեղծվեր, ապա Գերմանիան հազիվ թե սանձազերծեր Երկրորդ համաշխարհային պատերազմը: Ֆաշիստների հետ համագործակցել են խորհրդային բանակի բարձրագույն հրամանատարները, ինժեներա-տեխնիկական մասնագետները, կոնտրուկտորները: Այսօր Ռուսաստանում բնակչության 45 տոկոսը պանծացնում է Ստալինին: Եւ դա նաեւ պետական վերաբերմունք է: Ստացվում է, որ Ռուսաստանում հարգում եւ մեծարում են այն Ստալինին, որի առաջնորդությամբ ԽՍՀՄ-ը հաղթել է Հայրենական մեծ պատերազմում: Եւ մոռացության են տալիս Հիտլերի հետ նրա համագործակցությունը, որն այդ պատերազմի գլխավոր պատճառն էր:



Հայ ժողովուրդը Գարեգին Նժդեհին գիտի որպես Սյունքի ինքնապաշտպանության կազմակերպչի, զորավարի, ում անձնուրացության շնորհիվ Սյունիքը մնացել է Հայաստանի կազմում: Հայ ժողովուրդը պանծացրել եւ պանծացնելու է Նժդեհին: Իսկ ֆաշիստական գործակալներ Մարկովը եւ նրա նմանները կարող են գտնել Մոսկվայում՝ Կրեմլի պատի տակ:



**Վահրամ Աթանեսյան**