Սյունիքի Տեղ համայնքի հատվածում որևէ միջադեպ չի գրանցվել․ Ն․ Շադունց

Սյունիքի Տեղ համայնքի հատվածում որևէ միջադեպ չի գրանցվել․ Ն․ Շադունց

Առավոտյան հայտնի դարձավ, որ Արարատի մարզի Երասխ գյուղի դիրքերի հատվածում ժամը 10։30-ի սահմաններում փոխհրաձգություն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև։

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմից մահացու հրազենային վիրավորում էր ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը:

Ադրբեջանական կողմից վիրավում է ստացել Սադարակի զորամասի զինծառայող Մարդանլի Իբադուլլա Մահսուդօղլուն, ում «ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո նրան տեղափոխել են բժշկական հաստատություն [Ադրբեջանում]»։

Այնուհետև մամուլին հրապարակումներից հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ հուլիսի 14-ի լուսադեմին կորել է կապը ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Զինածառայողներն անհետացել են Սյունիքի մարզի Սև լճի տարածքում։ 

«Հրապարակը» նախ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցից հետաքրքվեց անհետացած զինծառայողներից։ «Ես այս պահին որևէ տեղեկություն չունեմ։ Երեկ էլ, առավոտյան էլ տարածքում մառախուղ է եղել։ Կարող է, որ նաև դա է պատճառ հանդիսացել, բայց պաշտոնական որևիցե տեղեկություն չունեմ, չեմ կարող որևիցե բան ասել», - ասաց նա։

«Սև լճի հատվածը մեզանից մի քիչ հեռու է ընկնում, ավելի շատ Գորիս համայնքի տարածքում է։ Մեր տղաներն են, բան չունեմ ասելու, ուղղակի ինձ որևէ բան հայտնի չէ», - հավելեց նա։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական շփման հատվածում իրավիճակին, ապա Տեղի համայնքապետն ասաց, որ «ամեն ինչ վերահսկողության տակ է»։ «Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է։ Հետագան ի՞նչ կլինի, չեմ կարող ասել, բայց այս պահին նորմալ է», - նշեց նա։ Ըստ նրա՝ գիշերը նույնպես որևէ միջադեպ չի գրանցվել։

Մայիսի 12-ից ադրբեջանական ուժերը Տեղ համայնքի ուղղությամբ մոտ 2 կիլոմետր խորությամբ ներթափանցել են Հայաստանի սուվերեն տարածք ու ինժիներական աշխատանքներ կատարելով ամրացել։ 

Անհետացած զինծառայողների մասով ՀՀ ՊՆ-ն նաև նշել էր, որ ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։ «Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի», - հայտարարել էր Հայաստանի ռազմական գերատեսչությունը։