Սոչիում ընթանում է Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը

Սոչիում ընթանում է Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը
Ռուսաստանի Սոչի քաղաքում այսօր մեկնարկել է Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը: Միջսիրիական այս ֆորումն անցկացվում է Սիրիական կարգավորման Աստանայի հարթակի երաշխավոր երկրներ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի համատեղ նախաձեռնությամբ: Կոնգրեսին մասնակցում է ավելի քան հազար հարյուր պատվիրակ, թեեւ հրավիրվածների թիվը եղել է հազար վեց հարյուր: Ֆորումին մասնակցում է նաեւ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի` Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան: Նշենք, որ այսօր տեղի ունենալիք միջոցառումները սկսվել են ուշացումով, ինչը պայմանավորված է եղել դիտորդների մի մասի ուշացմամբ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարը: Պաշտոնական Մոսկվան երկրի նախագահի մակարդակով իր գնահատականն է արդեն հնչեցրել ֆորումի մեկնարկի հետ կապված, ըստ որի, այս ֆորումը հնարավորություն է տալիս սիրիացի ժողովրդին կրկին վերադառնալու խաղաղ կյանի բնականոն հուն: Պաշտոնական Թեհրանն էլ հայտարարել է ԱԳ նախարարի մակարդակով, որ Սոչիի կոնգրեսը միտված չէ փոխարինելու Սիրիական կարգավորման Ժնեւյան հարթակին, որը գտնվում է ՄԱԿ հովանու ներքո: Օրը չի անցնում առանց սրացումների: Արդեն հայտնի է դարձել, որ Սիրիական զինված ընդդիմության պատվիրակությունը, որի գլուխ կանգնած է այսպես կոչված Սիրիական ժամանակավոր կառավարության ղեկավար Ահմադ Թոհամեն, թեեւ ժամանել է Ռուսաստան եւ համաձայնել մասնակցել կոնգրեսի աշխատանքներին, սակայն վերջին պահին հրաժարվել են եւ սպասում են հետդարձի թռիչքին: Վերջիններս Turkish Airlines-ի միջոցով, Ստամբուլի վրայով կվերադառնան Սիրիա: Նշված պատվիրակության կազմում են զինված ընդդիմության առաջնորդներից Յասըր Աբդուռահիմը, եւ Սիրիական ազատ բանակ խմբավորման գլխավոր շտաբի պետ Ահմադ Բարրին:Զինված ընդդիմության պատվիրակությունից մեկնաբանել են ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությանը, որ գալով Սոչի հույս են ունեցել,որ քաղաքական անցման գործընթացում տեղաշարժեր կլինեն դրական, սակայն ժամանելով տեսել են, որ նախապես իրենց տրված խոստումները չեն իրականացվել: Այս պահին արդեն հայտնի է, որ հնարավոր է եղել քննարկել սահմանադրական հանձնաժողով ստեղծելու հարցը: