Հյուրանոցները շատ են, իսկ Աբովյան փողոցը՝ նեղ

Հյուրանոցները շատ են, իսկ Աբովյան փողոցը՝ նեղ
Աբովյան 5/5 հասցեում վերջին ամիսներին բուռն շինարարություն է ընթանում՝ կառուցվում է հյուրանոց, որը կհանդիսանա «Կեմպինսկի» համաշխարհային ցանցի հայաստանյան մասնաճյուղը: Հյուրանոցը կառուցում են «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերությունն ու «Ա.Ս.Դ.Հոթել» ՓԲԸ-ն: Նախագծային աշխատանքներն իրականացվում են «Հայնախագիծ» ընկերության կողմից: Ըստ նախնական հաշվարկների, այն կարժենա 100 մլն դոլար, իսկ շահագործման կհանձնվի աշնանը։ Հյուրանոցի նախագիծն արդեն շրջանառության մեջ է եւ տպագրվել է մամուլում։



Ճարտարապետ **Հրաչիկ Պողոսյանը** չի կարծում, թե հյուրանոցն իր մասշտաբներով մեծ է, որովհետեւ կողքի՝ սպորտկոմիտեի շենքի տեղում արդեն 5-10 տարի առաջ մի հզոր աշտարակ կառուցվեց, որը միգուցե ավելի բարձր է նոր կառուցվելիքի համեմատ։ Թե ինչպիսին է շենքի ճարտարապետական տեսքը նրա կարծիքով, ասաց․ «Ի՞նչ կարող եմ ասել, եթե հեղինակներն այդպես են որոշել»։ Ինչ վերաբերում է տեղի ընտրությանն ու հարցին, թե որքանով է նպատակահարմար 13 հարկանի հյուրանոց կառուցել հենց այդ բանուկ հատվածում, ճարտարապետը նկատում է, որ տարիներ առաջ այդ տարածքը գնեցին հենց հյուրանոց սարքելու համար, ուստի պետք չէ զարմանալ։ «Այն ժամանակ որ վաճառում էին հյուրանոցի համար, թող այն ժամանակ մտածեին, հիմա չես կարող ասել՝ մի կառուցի, որովհետեւ փողը տվել առել են»,- ասում է Պողոսյանն ու նկատում, որ մի բան փաստ է՝ բարդ քաղաքաշինական վիճակ է ստեղծվում, մի կողմից՝ «Երեւան» հյուրանոցը, մյուս կողմից՝ «Մոսկվա» կինոթատրոնը եւ հիմա էլ՝ դիմացից կառուցվող այդ նոր հյուրանոցը։



Ի վերջո, ինչպե՞ս կարելի է քաղաքաշինական այդ խնդիրը լուծել, որպեսզի տարածքի ճարտարապետությունը դրանից չտուժի։ Ճարտարապետը կարծում է, որ այդտեղ ցանկացած դեպքում մի քանի տուժողներ կան․ «Մեկը Ռուսական դրամատիկական թատրոնի շենքն է, որը կարող է տուժել, որովհետեւ նիշերը, դժբախտաբար, իրար չեն համապատասխանում, օրինակ՝ հյուրանոցի դուրս եկած առաջին նիշն ավելի բարձր է, քան թատրոնինը, ես կուզենայի, օրինակ, որ իրար համապատասխանեցնեին այդ նիշը։ Նախագիծը լավ չի պատկերացվում այդ նկարով, ենթադրում եմ՝ ավտոբուսները պետք է իջնեն, սյունաշարի հետեւով մարդկանց իջեցնեն ծածկի տակ, հետո նորից դուրս գան Աբովյան փողոց․ այդպես եմ պատկերացնում, եւ երեւի դրա համար չեն կարողացել նիշն իջեցնել։ Ինչ վերաբերում է կերպարին, ճարտարապետությանը, դրանք արդեն ուրիշ խնդիրներ են։ Ես որ անեի, ուրիշ տեսակ կանեի, բայց ամեն մի ճարտարապետ իր պատկերացումներն ունի այդ խնդիրների մասին»։



Պողոսյանն իր խոսքում նկատում է, որ մինչեւ գործը հասնում է ճարտարապետներին, մի քանի օղակներով է անցնում՝ նախ քաղաքապետարանը համապատասխան հողակտորն է հանում վաճառքի, դրանից հետո գալիս է մասնավորն ու առնում այն, ով հաստատ գիտի, որ այդտեղ հյուրանոց պետք է սարքի։ Այս ամենից հետո նոր գործը հասնում է ճարտարապետին, ով այլեւս չի կարող ասել՝ մի սարքի այդտեղ հյուրանոց․ «Այսինքն՝ որոշում ընդունողներն ուրիշ մարդիկ են, ովքեր ամենասկզբից զբաղվում են հողի առքուվաճառքով։ Կարծում եմ՝ դա սխալ դրվածք է, եւ հողը վաճառելուց առաջ արդեն պետք է պարզ լինի, թե այդ հողի վրա ինչ կարելի է կառուցել, ինչ՝ չի կարելի։ Դրա համար կան գոտեւորման նախագծեր, որոնք արվում են քաղաքի համար, եւ այդ գոտեւորման նախագիծը դառնում է օրենք, բայց բոլոր տեղերը չէ, որ գոտեւորման նախագծերն արված են։ Երկրորդ՝ լինում են դեպքեր, երբ, օրինակ, չի գրվում, թե ինչ հարկայնությամբ կարող է լինել այդ հյուրանոցը։ Սեյսմիկ խնդիր չեմ կարծում, որ առաջանա, որովհետեւ դա կոնստրուկտորական խնդիր է, իսկ կոնստրուկտորները կարող են լուծել այդ հարցը եւ անել 9 բալանոց շենք»։



Ճարտարապետն ընդգծում է՝ այստեղ մի ուրիշ խնդիր կա, հյուրանոցները շատ են, իսկ Աբովյան փողոցը նեղ է, ժամանակավոր ավտոկանգառների խնդիրը շատ վատ է լուծվում։ «Հիմա տեսել եք, երբ «Երեւան» հյուրանոցի մոտ կանգնում են, Աբովյան փողոցը փակվում է, դե պատկերացրեք այդ հյուրանոցի դեպքում։ Այդ տեսանկյունից համարում եմ, որ լավ չէ այդտեղ նոր հյուրանոց կառուցելը, բայց նախագիծն արդեն կա, այն քննարկվել է քաղաքաշինական խորհրդում եւ հավանության է արժանացել»,- ասում է Պողոսյանն ու հավելում, որ եղել են ճարտարապետներ, ովքեր ե՛ւ կողմ են արտահայտվել, ե՛ւ դեմ։



**Սոնա Ադամյան**