Հանդիպումներ գալոչկայի համար

Հանդիպումներ գալոչկայի համար
Գուցե դեռ իներցիան է աշխատում, որ մենք այսքան կարեւորություն ենք տալիս ՀՀ նախագահի պաշտոնին ու դրա հավակնորդի անձին, սակայն փաստ է, որ վերջին շաբաթներին հայ հանրությունը զբաղված է մեկ հարցի քննարկմամբ՝ ով է ՀՀ նախագահի թեկնածուն, ինչ է փոխելու նա մեր կյանքում, ինչ ծրագրերով է ժամանում։ Դրսից պաշտոնյա հրավիրելը կարծես թե մեզանում «հին, բարի ավանդույթի» է վերածվում։



Ռուսաստանից վարչապետ հրավիրելու օրվանից դեռ երկու տարի էլ չի անցել, ահա՝ ՀՀ նախագահ ենք հրավիրում Մեծ Բրիտանիայից։ Ըստ էության, երկուսն էլ իրենց ապրած միջավայրի, մշակույթի կրողներն են․ մեկը՝ ռուսական, մյուսը՝ բրիտանական։ Սա թերեւս այն դեպքն է, երբ սփյուռքը դոնորի, կադրերի դարբնոցի դեր է կատարում։ Ինչ-որ տեղ աշխատում է նաեւ դրսից «փրկչի» հրավիրման ֆենոմենը։ Թող լինի։ Այլ բան է, որ «փրկիչները» գալիս խառնվում են «մայր գետերին» ու կարճ ժամանակ անց դառնում նրանց խոնարհ վտակները՝ անզոր որեւէ բան փոխելու, կյանքը լավացնելու։



2 օր է՝ Արմեն Սարգսյանն ասպարեզում է․ մեկնարկը Եռաբլուրից էր։ Բանակի օրվա առիթով նա տարօրինակ «ուղեկցումով»՝ իր անվանակցի՝ Արմեն Սարգսյանի ու ղարաբաղյան աքսակալի՝ Զորի Բալայանի հետ այցելել էր զոհվածների շիրիմներին, ծաղիկներ դրել։ Երեկ արդեն քաղաքական հանդիպումներն էին օրակարգում՝ ՀՀԿ, ապա ՀՅԴ գրասենյակներում։ Այս հանդիպումների բովանդակությանը մենք դեռ կանդրադառնանք, բայց դրանց փաստն արդեն խոսում է այն մասին, որ Արմեն Սարգսյանը ոչ թե իշխող կոալիցիայի թեկնածուն է, այլ անձամբ՝ Սերժ Սարգսյանի։



Հակառակ պարագայում՝ ենթադրվում է, որ իրեն առաջադրող թիմի հետ հանդիպումը շատ ավելի վաղ պիտի կայանար, այլ ոչ թե մյուս քաղաքական ուժերի հետ՝ գալոչկայի համար կազմակերպվող հանդիպումների շարքում։



**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**