Փողն ու իշխանությունը ոչինչ են

Փողն ու իշխանությունը ոչինչ են

Աղվան Վարդանյանի հայտարարությունը Ազգային ժողովի 2021թ. սեպտեմբերի 14-ի նիստում.

«1999 թվական: Վազգեն Սարգսյանը վարչապետ է: Նայում է տնտեսությունը: Պարզվում է՝ տասնյակ բիզնեսմեններ ժամկետանց պարտքեր ունեն պետությանը: Ցուցակը բաժանում է նախարարների միջեւ: Հանդիպեք, ասեք՝ պետության պարտքը վերադարձնեն, հանձնարարում է Վազգեն Սարգսյանը:  

Մի շաբաթից կանչում է՝ զեկուցեք՝ ինչ եք արել: Նախարարներից մեկը զեկուցում է՝ իմ ցանկում հինգ հոգի էր: Չորսի հետ պայմանավորվել եմ, ժամանակացույց ենք կազմել, կվճարեն: Հինգերորդին հանդիպեցի, սուրճ խմեցինք, ասացի՝ էսպես֊-էսպես, պետության փողը պիտի վերադարձնես: Ասաց՝ ձեզ տալու չունեմ, պետության մերն էլ... Էդպես էլ ասա՞ց, հարցնում է Վազգեն Սարգսյանը: Այո, այդպես էլ ասաց: Դրան կբերես ինձ մոտ, ասում է վարչապետը:

Գալիս են, ներս մտնում: Բարեւ ձեզ, պարոն վարչապետ, ասում է նախարարը: Բարեւ ձեզ, զեկուցեք, պարոն նախարար։ Մյուսն էլ է բարեւում: Վրան չի նայում, սենյակում էդպիսի մարդ չկա, գոյություն չունի: Այս մարդուն հանդիպեցի, պարոն վարչապետ, ասաց՝ ձեզ տալու չունեմ,  պետության մերն էլ... Մյուսը փորձում է՝ թույլ կտաք, պարոն վարչապետ... Չկա, վրան չի նայում, գոյություն չունի: Դուք ուժային նախարար եք, չէ՞: Այո, պարոն վարչապետ: 

Գնդակահարել:  Բիզնեսմենը չոքում է, կաղկանձում: Հատակը, կարծեմ, թաց է: Կատարել, պարոն նախարար, ասում է Վազգեն Սարգսյանը, ազատ եք: Նախարարը շրջվում է՝ դուրս գա: Էս աղբն էլ հետդ տար, ասում է Վազգեն Սարգսյանը: Երեք օր հետո պետության պարտքը վճարված էր: 

Զի՞նչ ցուցանե պատմությունս: Անցել է 22 տարի: Մարդիկ դուխավորվել են: Այս դահլիճում փորձում են վարկաբեկել Վազգեն Սարգսյանին: Մեղադրում են պետական հեղաշրջում անելու մեջ: Ինչպես տմարդի Ռոբերտ Քոչարյանին էին մեղադրում։

Ձեզ տղա դառնալու համար 22 տարի՞ էր պետք: Այն ժամանակ մեղադրեիք: Թե խառնել եք՝ ինչ է պետությունը, ինչ է բիզնեսմենը: 
Սա հարցի մի կողմն է: Երկրորդն էլ կա:  

Վազգեն Սարգսյանը ազգային մտածողության սիմվոլ է, պետական գործիչ, Արցախի ազատության նվիրյալ: Սա են փորձում ոչնչացնել: Խայտառակ պարտությունից, համազգային ողբերգությունից, Շուշիում Վազգեն Սարգսյանի արձանը պղծելուց հետո սա են անում: Հանուն թուրք-ադրբեջանցիների հետ բարիդրացիության: Իրականում՝ հանուն փողի եւ իշխանության: 

Միջանկյալ մի հարց էն պուճուրին. Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիից հանելու համար միայն Ստեփանակերտ ես զանգե՞լ, թե՞ նաեւ Հայաստանի կառավարություն:

Չեք հաջողելու ոչնչացնել սիմվոլները։ Ձեր ժամանակը կարճ է: Փողն ու իշխանությունը ոչինչ են ազգային-պետական մտածողության, արժեքների դիմաց: Վազգեն Սարգսյանը լինելու է, դուք՝ ոչ։


Այս կարճ խոսքի մեջ ես տասնմեկ անգամ եմ տալիս Վազգեն Սարգսյանի անունը, երկու անգամ՝Ռոբերտ Քոչարյանի։ Այս երկու և էլի անուններ հաղթանակի հոմանիշ են։ Լսեք այս անունները։ 

Որ սրանից հետո տասներեք անգամ մտածեք խոսելուց  առաջ»: