Մշակույթի նախարարությունը արգելել է Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը:

Մշակույթի նախարարությունը արգելել է Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի  շնորհանդեսը:
«Հրապարակի» տեղեկությունների համաձայն Մշակույթի նախարարությունը արգելել է «Եղիշե Չարենց»-ի տուն թանգարանում իրականացնել Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի թարգմանության շնորհանդեսը:



Շնորհանդեսը պետք է տեղի ունենար փետրվարի 7-ին «Եղիշե Չարենց»-ի տուն-թանգարանում: Գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը նախապես թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի հետ համաձայնության էր եկել, վերջինս որևէ առարկություն չէր ունեցել և արդյունքում կողմերի միջև համաձայնություն էր կայացել:



Միքայելի խոսքով իրենք հունվարի 25-ին իվենթ էին բացել, որպեսզի մարդկանց հրավիրեն միջոցառմանը: Իվենթը տեսել է նաև բնապահպանության նախարարի օգնական Մեսրոպ Եսայանը, որը հենց այդ նույն իվենթում հարց է բարձրացրել, թե արդյո՞ք գրքի մեջ ներառված են Վրաստանի նախկին նախագահի հակահայկական գործունեության մանրամասները, բայց բացասական պատասխան ստանալուց հետո, սկսել է պնդել, որ Սահակաշվիլին հակահայ գործիչ է, ինչպե՞ս է թանգարանի տնօրինությունը այդպիսի միջոցառում թույլ տվել:



Այս խոսակցության հաջորդ օրը Միքայել Նահապետյանի հետ է կապվում թանգարանի տնօրենը՝ նշելով, թե տեխնիկական պատճառներով հնարավոր չէ գրքի շնորհանդեսը իրականացնել «Չարենցի» տուն-թանգարանում:



Մեր տեղեկություններով անակնկալ որոշումն այս միջամտության և պարտադրանքի արդյունք է: Մշակույթի նախարարությունը ուղղակիորեն արգելանք է իջեցրել՝ թույլ չտալով թանգարանի տնօրենին այդպիսի միջոցառում կազմակերպել:



Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ գրաքննություն: Մշակույթի նախարությունը ընտրողաբար արգելանք է դնում բոլոր այն մշակութային միջոցառումների վրա, որոնք դուրս են իշխանությունների գաղափարական-քաղաքական հետաքրքրություններից:



Հիշեցնենք, որ ամիսներ առաջ փակվել էր նաև «Թումանյանի» տուն թանգարանի բակում բացված ցուցահանդեսը, որը նվիրված էր ստալինիզմի զոհերին:



Գրաքննության արատավոր միջավայրը, կարծես թե, Հայաստանում ավանդույթ է դառնում: