Սեֆիլյանի գործով դատապարտվածին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»․ նրան կվիրահատեն

Սեֆիլյանի գործով դատապարտվածին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց»․ նրան կվիրահատեն
Վերջերս Ժիրայր Սեֆիլյանի գործի անջատված մասով անցնող Արթուր Մովսիսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը բարձրաձայնել էր այն մասին, որ իր պաշտպանյալը ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք տեւական ժամանակ է՝ չեն լուծվում։



Փաստաբանը **Hraparak.am**-ի հետ զրույցում ասաց, որ խնդրի մասին բարձրաձայնելուց հետո, այն կարգավովել է․ «Այդ նույն օրը, երբ մենք բարձրաձայնել էինք, իրեն այցելեցին եւ բժիշկը, եւ մարդու իրավունքի պաշտպանի աշխատակազմից, հետազոտել էին։ Երեկ իրեն տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց», հավանաբար հետազոտություն անցկացնելու եւ նաեւ վիրահատության կարիք կա։ Ես երեկ տեսակցել եմ իրեն, երկուշաբթի հետազոտություն կանեն եւ հետագա բուժման ընթացքը կորոշեն բժիշկները։ Դրական տեղաշարժ կա, դա կարող եմ հստակ ասել։ Ես որքան հասկացա հանդիպումների ժամանակ, «Դատապարտյալների հիվանդանոցում հնարավորություն կա նմանատիպ վիրահատություն անելու։ Հիմա չգիտեմ՝ արդյունքները ինչպիսին կլինեն։ Իրեն բավականին լավ է զգում, եթե հաշվի չառնենք, որ պարբերաբար սաստիկ ցավեր է ունենում, իրեն հիմնականում մտահոգում է որովայնի վրայի ճողվածքը, որը այլ օրգանների եւս վնաս է հասցնում»։



Ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական նշանակության շենք-շինություններ զավթելու նպատակով Արթուր Մովսիսյանն իր բնակարանում թաքցրել է հրազեն ու ռազմամթերք՝ այն փոխանցելով ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված զինված խմբի մյուս անդամներին: Մովսիսյանը, պնդում է, որ Սեֆիլյանին չի ճանաչում: Ավելին՝ այդ օրերին ինքը Ռուսաստանի Դաշնությունում է գտնվել, որտեղ էլ կալանավորվել է ու միայն 6 ամիս հետո է տեղափոխվել Երեւան։