Յուվեցի Կարոյի փեսան մահացել է պատգամավորին պատկանող հյուրանոցում

Յուվեցի Կարոյի փեսան մահացել է պատգամավորին պատկանող հյուրանոցում
Այսօր առավոտյան «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսայի՝ Գոռ Առաքելյանի դին, նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել։



_**Ի՞նչ հանգամանքներում է մահը վրա հասել**__․_ Հարցի պատասխանը դեռեւս պարզ չէ, սակայն փաստն այն է, որ Գոռ Առաքելյանին անշնչացած են գտել եւ նրա մարմնի վրա հետքեր չեն եղել։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ինչն էլ կպարզի դեպքի հանգամանքները։ Սակայն, մինչ կպարզվեն մահվան պատճառները, նշենք, որ վարկածներից մեկն էլ այն է, որ Գոռ Առաքելյանը մահացել է թմրանյութի չարաշահման հետեւանքով։



Ի դեպ, «Նաբերեժնի» հյուրանոցը, որտեղից հերքում էիին լուրերը, թե իրենց մոտ տղամարդու դի է հայտնաբերվել, պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։ Այս հյուրանոցը հանրությանը հայտնի է՝ որպես կարճաժամկետ հաճույքների անցկացման վայր, հիմնականում սենյակները ամրագրում են մի քանի ժամով։



Նշենք, որ Գոռ Առաքելյանը հանրությանը հայտնի է Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների գործից։



2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով:



Գոռ Առաքելյանը մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտել 6,5 տարվա ազատազրկման: Նա ազատ էր արձակվել Սերժ Սարգսյանի ներմամբ: