Մութալիբովի հետողորմյան

Մութալիբովի հետողորմյան
ԵԽԽՎ նստաշրջանում Խոջալուի մասին ադրբեջանցի պատվիրակի հարցին անդրադառնալով՝ Սերժ Սարգսյանը հիշեցրել է Ադրբեջանի առաջին նախագահ Մութալիբովին, որը հանգամանալի ներկայացրել է այդ ողբերգական դեպքը եւ նշել կազմակերպիչներին: Մութալիբովն այդ մասին մի քանի հարցազրույց է տվել: Բայց անցել է տեւական ժամանակ, նա ներկայումս վայելում է էքս-նախագահի իր կյանքը: Եւ, բնականաբար, նրանից պանաջում են բոլորովին այլ բաներ:



Բաքվի լրատվամիջոցները նախկին նախագահին հնարավորություն են տվել, որպեսզի «հերքի» Սերժ Սարգսյանին: Մութալիբովը ջանացել է, բայց արդյունքում ստացվել է հետեւյալը. «Ես ասել եմ, որ ժողովրդական ճակատն օգտագործել է Խոջալուի դեպքերը, որպեսզի ինձ պաշտոնանկ անի: Ես չեմ ասել, որ մարդկանց սպանել են ժողճակատայինները»,- ասելիքն ամփոփել է Ադրբեջանի նախկին նախագահը: Ինչպես տեսնում ենք, նա շարունակում է պնդել, որ Խոջալուն է եղել իր պաշտոնանկման պատճառը, ժողովրդական ճակատն օգտագործել է առիթը, որպեսզի հասնի իշխանափոխության: Ասված է շատ հստակ. եթե չլիներ քաղաքական դիմակայություն, ապա Խոջալուի ողբերգությունը տեղի չէր ունենա: Իսկ տեղի է ունեցել, որովհետեւ ժողովրդական ճակատն առաջանորդվել է «ինչքան վատ՝ այնքան լավ» սկզբունքով: Ավելին պետք չէ ասել. Մութալիբովը փաստացի կրկնել է քսանվեցամյա վաղեմության հարցազրույցների հիմնական թեզը՝ Խոջալուն դարձել է Ադրբեջանում ներքաղաքական կատաղի պայքարի զոհը: Նույնն է ասել Սերժ Սարգսյանը՝ ԵԽԽՎ ադրբեջանցի պատվիրակին հորդորելով առերեսվել սեփական երկրի պատմությանը: Մութալիբովը կարող է ավելին ասել: Ժամանակներն այն չեն: Բայց պետք է հուսալ, որ Ադրբեջանի էքս-նախագահն ունի իր կառավարման շրջանի մասին անձնական հուշեր: Եւ դրանք մի օր լույս են սփռելու իրականության, այդ թվում եւ՝ Խոջալուի ողբերգության վրա: