Հակոտնյա ուժեր

Հակոտնյա ուժեր
«Բրեժնևյան լճացման» ճանապարհի կեսն անցած հայկական իրականությունը պարտադրում է զանազան պարանոյիկ դրսևորումները, որոնք փոխարինում են սթափ գիտակցությանը, կենսական կշռադատությանն ու խոհեմությանը: Ժամանակ առ ժամանակ տպավորությունն այնպիսին է, թե պատուհանից, սենյակից, էկրանից այն կողմ հայաստանյան կյանքը պարզապես դատարկության պատրանք է՝ երկրում սահմանադրական կարգ է փոխվում, իրենք իրենց համար Մեծ Բրիտանիայից նախագահ են բերում, պետության անվան տակ իրենք իրենց նախագահ են առաջադրում, պարզվում է քննարկումներ են ծավավում, թեժ բանավեճեր, ամեն ինչով՝ վիրավորանք-հայհոյանքով, անցյալի փոշիները սրբագրելով, անցյալը մատնանշելով: Հազար ու մի բան է կատարվում, բայց որտե՞ղ… իհարկե նախ և առաջ սոցիալական կայքերում:



Կա համոզմունք իբր եթե Հայաստանում այսպես ասած «իրական, կենսունակ կյանքի» պատառիկներ դեռ մնացել են և ահա կարող եք այդ պատառիկներին ծանոթանալ, ինչու չէ նաև օգտվել դրա ընձեռած հնարավոր «բարիքներից» ասենք Ֆեյսբուքում: Արդեն քանի տարի է քաղաքացիական ակտիվությունը իսպառ վերացել է, իշխանությունները ինչպես ասում են՝ «խելոքացել» են, անցյալի փորձառությունը նրանց քիչ բան չսովորեցրեց, հիմա նրանք ավելի քան ճկուն են առհասարակ վարվեցողության, հանրային տարածքների, բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ իրենց որդեգրած քաղաքականության մեջ, նաև կայացրած որոշումներում՝ ավելի հաշվենկատ են դարձել, ավելի խորամանկ ու շողոքորթ:



Ամենօրյա «գաղջին» հետևողականորեն հավատարիմ Սերժ Սարգսյանի թիմը վերջնական հաղթանակն է տոնում՝ կեղծ իրականության հաղթանակը, մահվան վախի, մահվան փառաբանման հենքի վրա ստեղծելով Ազգ-Բանակ շինծու, սոսկ իշխանության հարատևությունը կայունացնող գաղափարախոսության աշտարակը: Կամ այն լայն տարածում գտած «լուսավոր բաներ էլ կան» վերտառությամբ սկսվող զզվելի շարադրանքը, ասես դրանով պարտադիր ուզում են ընդգծել հոռետեսության նսեմությունը, իբր թե լավատեսությունը ինչ որ իրական, կենարար, բանի է հանգեցնում իսկ հոռետեսությունը արի ու տես կազմաքանդում է ամեն ինչ:



Վերաշինության ու կազմաքանդության հակաոտնյա ուժերի փոխադարձ ապտակը, ամբողջովին ձեռնտու է իշխանությանը, մանավանդ, երբ իշխանությունը «լավ մարդ, լուսավոր մարդ» փնտրելու և հրամցնելու էթիկետ է որդեգրել: Իսկ վիրտուալաբնակների գիտակցության տիրույթից դուրս իհարկե Հայաստանում կա մեկ այլ իրականություն՝ աղքատության, ամայության, հուսալքության ու վաղահաս զառամախտության իրականությունը: Կեղծ իրականության ներկայացուցիչները ի՞նչ անեն, չէ՞ որ հոգեվարքը ևս որոշակի ջանքեր է պահանջում, ի վերջո մինչ ի մահ ամեն ոք ինչ որ զբաղմունք պիտի գտնի։



**Արամ ՊԱՉՅԱՆ**