Նախագահների հանդիպու՞մ է նախապատրաստվում

Նախագահների հանդիպու՞մ է նախապատրաստվում
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Պոպովը որոշ մանրամասնություններ է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների կրակովյան հանդիպումից: Ամենահետաքրքրքրկանն այն է, որ Պոպովը խոսել է փետրվարի առաջին տասնօրյակում համանախագահների տարածաշրջանային այցի մասին եւ ակնարկել, որ միջնորդները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ կքննարկեն հարցեր, իսկ նրանց գրաֆիկի հաշվառմամբ հնարավոր է հնչի նոր գագաթաժողովի առաջարկություն:



Պոպովը խոսել է այն մասին, որ առկա է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի դիտորդական հնարավորությունների ընդլայնման սկզբունքային համաձայնություն, «մնացել են մի քանի տեխնիկական հարցեր»: Ըստ երեւույթին, հարցի շուրջ վերջնական որոշման համար հարկ է նախագահների մակարդակով վերջնական պայմանավորվածություն: Ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն նույնիսկ ասել է, որ կա «փետրվարին նախագահների հանդիպում կազմակերպելու առաջարկություն»: Կարելի է ենթադրել, որ միջնորդներն իրոք մտադիր են հասնել հայ-ադրբեջանական եւս մեկ գագաթաժողովի անցկացման, եւ դա կարող է տեղի ունենալ մինչեւ Հայաստանում խորհրդարանական կառավարման անցումը: Ադրբեջանում արդեն հայտարարվել է նախագահական ընտրությունների մասին:



Օրենքով դրանք պետք է տեղի ունենան աշնանը: Այդուհանդերձ, որոշ աղբյուրներ չեն բացառում, որ Ալիեւը կարող է նշանակել վաղաժամկետ նախագահական ընտրություններ: Այսպես, թե այնպես՝ համանախագահները փետրվարի առաջին տասնօրյակում կայցելեն Հայաստան եւ Ադրբեջան: Եւ,աամենայն հավանականությամբ, նախագահներին կառաջարկեն անցկացնել եւս մեկ գագաթաժողով:



**Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ**