Ղարաբաղի պատրվակով ստրկացնել ժողովրդին

Ղարաբաղի պատրվակով ստրկացնել ժողովրդին

Հասկանալի է, որ ներկայումս փորձ է արվում Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանության համար տոլերանտության հաստատուն միջավայր ձևավորել: Արձանագրենք, որ դա ստացվում է և ստացվում է ընդդիմադիրների, որոշ քաղաքագետների, ինչպես նաև խոսքի մեծագույն ազդեցություն ունեցող հրապարակագիրների միջոցով: Այսպիսի մի շատ նուրբ պահ կա, ազդեցիկ խոսքը որպես կանոն քաղաքականության մեջ նորաձև կոնցեպտներ է ձևավորում, իսկ ներկայումս քաղաքական նորաձևության բարձրակետը իշխանությունների նկատմամբ տոլերանտությունն է, իբրև թե քաղաքակիրթ երկխոսությունը: Եթե ես հիմա Սերժ Սարգսյանին դիտարկեմ որպես բռնապետ, ապա նորաձևության տեսանկյունից կընկալվեմ ինչ-որ մարգինալ, ծայրահեղական ընդդիմադիր մնացուկ, որը ժառանգություն է մնացել ՀՀ-ի մութ անցյալից: Ճիշտն ասած այդ նորաձևության բարձրակետը, որն անվանում են քաղաքակիրթ երկխոսություն, ինձ համար մի փոքր խորթ հասկացություն է, քանի որ ես հիշում եմ, որ լեգիտիմ իշխանությունը Հայաստանում բռնազավթված է և համոզված եմ, որ մեր երկրին օդ ու ջրի պես զանգվածային անկարգություններ են անհրաժեշտ (առանց ավտոմատների):

Ոչինչ չի փոխվել, պարզապես մենք soft power կոչվածն ու ազատ մամուլի պատրանքը շփոթել ենք քաղաքակիրթ երկխոսության հետ: Իրականում չկա նման բան։ Կրկնենք՝ ոչինչ չի փոխվել, Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ որպես բռնապետ: Գիտեք, որքան էլ նրա շուրջը փորձեն դրական միջավայր ձևավորել, միևնույնն է դրանից երևույթների էությունը չի փոխվում: Նույնիսկ, եթե Սերժ Սարգսյանը Վիգեն գունդստաբլի հետ միասին ուս ուսի տված ազատագրի Դաշտային Արցախը, Կարեն Կարապետյանի կառավարությունը «հուպ տա» նորաստեղծ Կուր-արաքսյան հանրապետությունը, միևնույնն է, ՀՀԿ-ն խախտել է պետության սահմանադրական կարգը, սա նշանակում է, որ անգամ պետությանը մեծագույն ծառայություններ մատուցելու դեպքում այս իշխանությունները այլևս պաշտոնավարելու իրավունք չունեն: Երբեք չեմ դադարի բերել Մլեհի հայտնի օրինակը: Գիտեք, Կիլիկիայի Հայկական թագավորության ստեղծման սաղմերը դրվեցին հենց Մլեհի օրոք, բայց իշխանին սպանեցին, դիակը քառատեցին և գցեցին քաղցած շների դիմաց, որովհետև նա խախտել էր գահաժառանգության կարգը և բռնազավթել էր իշխանությունը: Եթե փորձում ենք խորանալ պատմության մեջ, ապա խորանանք այսպիսի էպիզոդների մեջ, այլ ոչ թե զբաղվենք դավաճանների ու սրբերի տենդագին որոնումներով: Ձեզ թվու՞մ է միջնադարում իրավունք հասկացությունը չկար, այն էլ ինչպես կար, և եթե միջնադարում կար, ապա պարզապես ծիծաղելի կլինի, եթե 21-րդ դարում մենք չկարողանանք հասնել դրան:

Մի՞թե մարդիկ այդքան կարճ հիշողություն ունեն, մի՞թե ռազմահայրենասիրական դեմագոգիան այնքան է կուրացրել հայաստանցիներին, որ Ղարաբաղի մասին մեկ երկու ստանդարտ տեքստ լսելուց հետո նրանք կարող են մոռանալ իրենց ողորմելի ապրելակերպը, աղքատությունը, քաղցը, սոցիալական անարդարությունը, իրավունքի բացակայությունը և այսպես շարունակ։ Այսինքն՝ տարիներ շարունակ կարելի է մարդկանց շահագործել ու հեծնել, բայց Ադրբեջանի ուղղությամբ մեկ երկու կտրուկ խոսքերից հետո արժանանալ համընդհանուր ծափահարությունների։ Մեծ հաշվով ռազմահայրենասիրական պոպուլիզմը հացի կարգավիճակ է ստացել և ամեն անգամ անհրաժեշտության դեպքում այն շպրտում են մարդկանց դիմաց, որպեսզի ուտեն, կշտանան ու իշխանություններից երբեք չդժգոհեն, որովհետև կա Ղարաբաղի հարց։ Դեռ ինչքա՞ն ժամանակ ժողովրդին պետք է ստրկացնեն այդ Ղարաբաղի պատրվակով։ Ալիևը՝ ադրբեջանցիներին, իսկ Սարգսյանը՝ հայաստանցիներին։

Այսպիսով՝ քանի դեռ Ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել բոլոր քաղաքական-քաղաքացիական լուսավորական շարժումները խեղդվելու են պատերազմական դեմագոգիայի և հայրենասիրական պոպուլիզմի հաշվին: Ամեն անգամ ազգի հերոս են դեմ տալու և ի ծնե դաշնակցական բնակչության մի զգալի զանգվածը մոռանալու է իր քաղցած զավակների մասին, քանզի ազգի հերոս տեսնելուց բոլորի փսլինքները հոսում են: Ու ամբողջ խնդիրն այն է, որ քաղաքական համակարգի և քաղաքացիական կոնտինգենտի մեծագույն հատվածը այս իշխանությունների հետ գաղափարական-արժեքային կոնֆլիտ չունի: Գրեթե բոլորն էլ ազգ-բանակի ջատագովներ են, նույնիսկ ֆեյսբուքում առաջադեմ ֆռացող ռոք լսող սութի երաժիշտներն են այդ գաղափարական դեմագոգիայի կրողները: Կեցցե՛ Սերժ Սարգսյանը, կեցցե՛ գերագույն գլխավոր հրամանատարը։ Վերլուծաբան կոչվածները ասում են․ Նա միշտ ճիշտ է, ժողովուրդն է մեղավոր, ծախված է, հայրենասեր չէ, որովհետև արտագաղթում է, և վերջապես անգրագետ է։ Ահա գաղափարական այս միջավայրն են ձևավորել ֆեյսբուքյան բլոգերներն ու քաղաքագետները՝ խաղալով մարդկանց հայրենասիրական զգացմունքների հետ։ Եկեք մի փոքր դրամատիզացնենք, դառնանք փոքրիկ ֆիդայիններ ու մունաթ գանք խեղճ ժողովրդի վրա, դաշտանային պզուկի պես պայթենք առանց այն էլ սոցիալական անարդարության արդյունքում պայթեցված ընտանիքների վրա: Հեյ հեյ, չեմ արտագաղթելու, ապրի մեր նախագահը, 10-0 արեց ադրբեջանցուն, գինի լից: