Աշխարհազոր

Աշխարհազոր
Այդ օրը հիշում եմ բոլոր մանրամասնություններով. գյուղում հայտարարեցինք պատերազմական դրություն: 1991թ. նոյեմբերի 26-ն էր: Ադրբեջանի Գերագույն խորհուրդը պաշտպանության եւ ՆԳ նախարարություններին պարտավորեցրել էր պաշտպանել «Վերին Ղարաբաղի ադրբեջանական բնակչության անվտանգությունը»: Դա նշանակում էր հայ բնակչության դեմ պատերազմի սանձազերծում: Հավաքագրվեց 181 հոգի: Բայց զենք որտեղի՞ց: Մի քանի օրից Ստեփանակերտից Արկադի Կարապետյանը հասցրեց 12 ավտոմատ: Այսպես սկսեց կազմավորվել աշխարհազորային ջոկատը: Պատերազմի տարիներին շուրջ 100 հոգի զենքի տակ էր: Երեք տասնյակից ավելի զոհ է տվել մեր գյուղը: Երկու ընտանիք կորցրել է երկու տղաներին: Զոհվածների զգալի մասը ժառանգ չի թողել: Նրանք թաղված են եղբայրական գերեզմանոցում կամ տոհմական հանգստարաններում: Նրանց պատվին հուշակոթող չի կանգնեցվել:



Պատերազմից փրկվածները դանդաղ ծերանում են: Մեկ կամ երկու հոգի երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» է ստացել, մի քանիսը՝ ինչ-որ մեդալ, որ նրանց ավելի շատ դառնություն է պատճառում: Որովհետեւ առիթ է տալիս հիշել անցյալը՝ ողջ նողկալիությամբ: Նրանք գերադասում են լռել, որովհետեւ գեղեցկախոսել չգիտեն, իսկ ճշմարտությունը, թե ինչպես է Էդիկ Աբրահամյանը մի լրիվ իր թուրքի մոտ պատանդ մնացել, որպեսզի մյուսները փորեն-գտնեն մեր կողմից սպանվածների դիակները եւ հասցնեն ծնողներին,- այս եւ ուրիշ շա՜տ իրական պատմությունները ոչ ոքի հետաքրքիր չեն:



Պատերազմի, հրադադարի հաստատումից հետո եւս երեք տարվա չարքաշ ծառայությունից նրանք լուսանկար, տեսագրության ոչ մի կադր չունեն, քանի որ անունավոր ջոկատ կամ կուսակցական առանձին խումբ չեն եղել: Ընդամենը՝ Խաչենի գումարտակի առաջին վաշտ, որ մի կլոր տարի դիրքային զզվելի պատերազմի մեջ է եղել Կիչան-Սրխադենդ- Ենի Գարալար-Ալիաղալու գծի վրա, որտեղ ցնցող-հերոսական ոչինչ չի կատարվել: Վաշտը պարզապես պահել է Մարտակերտ-Ստեփանակերտ ուղղության մեր վերջին բնագծերից մեկը: Հետո իջել է Աղդամի Քենգերլի, Բոյահմեդլի, Փափրավենդ գյուղերը: Եւ երբ ունեցել են կարճաժամկետ արձակուրդ՝ գյուղացի տղաները թուրքի այգիներից արքայախնձորի տնկիներ են բերել, որ հիմա ծաղկում-բերք են տալիս:



Դա նրանց միակ ռազմավարն է: Մեկ էլ՝ որ Բոյահմեդլիի գինու-կոնյակի գործարանից կուշտ խմել են: Այդքան բան: Նրանք դեռ կան, ոտքի վրա են: Տնամերձում լոբի-կարտոֆիլ են ցանում, անասուն են պահում, խոզ, հավուճիվ: Ապրում են: Նրանց զավակներն ամուսնացել, երեխայի տեր են: Նրանց դռներին մեքենա է կանգնում: Թոռները դպրոց են շտապում՝ բջջային հեռախոսն ուսապայուսակի թաքուն գրպանում: Ֆեյսբուքում նրանք կան եւ կանանց վրա այլեւս չեն գոռում, թե ինչու բանջարանոցն անջուր թողած՝ նստել-սերիալ են նայում: Նրանք ոչ շքանշանի են սպասում, ոչ դրամական պարգեւի եւ խրախուսման: Դանդաղ ծերանում են եւ գիտեն, որ մահը կգա նույնքան անսպասելի, որքան որ եղել է պատերազմից փրկությունը: Երբ նրանցից մեկնումեկը փակի աչքերը, թաղման հանձնաժողով չի կազմվի: Կտանեն, գյուղավարի հողին կհանձնեն տոհմական հանգստարանում:



Գյուղի աչքաբացներից մեկը կհիշի հանգուցյալի բարեմասնությունները, հոգեհացի սեղանին կխմվի հինգ բաժակ տնաքաշ օղի: Հետո տարեկիցներից մեկնումեկը կհիշի պատերազմից մի զավեշտալի պատմություն, զուսպ կծիծաղեն եւ կցրվեն տները: Կանցնի եւս մեկ-երկու տասնամյակ, եւ աշխարհազորը կմոռացվի:



**Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ**