Պետական մտածելակերպը, քաղաքացիական կեցվածքն ու իրավագիտակցությունը կամաց նահանջել են

Պետական մտածելակերպը, քաղաքացիական կեցվածքն ու իրավագիտակցությունը կամաց նահանջել են
Հանրապետությունը հին հույները դեմոկրատիա էին կոչում, իսկ հին հռոմեացիները` ռեսպուբլիկա։ Այդ երկու բառն էլ նույն իմաստն ունեն` դեմոսի կամ, որ նույնն է՝ պուբլիկայի (ազատ քաղաքացիների) իշխանություն: Հանրապետություն ասվածն առանց դեմոկրատիայի չի լինի, եթե հանրապետություն ես, ուրեմն դեմոկրատական պիտի լինես, հակառակ դեպքում ոչ թե հանրապետություն ես, այլ բռնապետություն։ Սա աքսիոմա է:



«Դեմոկրատիա» բառը ժամանակին ժողովրդավարություն թարգմանելով, կարելի է ասել՝ մեծ սխալ են թույլ տվել, որովհետեւ ժողովուրդը երկրի ամբողջ բնակչությունն է, իսկ, օրինակ, Հին Հունաստանում դեմոսն ամբողջ բնակչությունը չէր, ստրուկներն ու մյուս անազատները դեմոսի մեջ չէին մտնում, ու, հետեւաբար, նրանք պետության գործերին խառնվելու, ընտրելու եւ ընտրվելու իրավունք չունեին: Հիմա մեր հասարակության մեջ ազատ մարդիկ չկան, մեր բնակչությունն իրականում ոչ թե քաղաքացիներից է բաղկացած, այլ հպատակներից։ Իհարկե՝ մեր մեջ կան մարդիկ, որոնք ազատ մարդու, այսինքն՝ քաղաքացու հոգեկերտվածք ունեն, ու չնայած մեր Սահմանադրության մեջ գրված է, որ մենք քաղաքացիներ ենք եւ մենք ենք իշխանության կրողը մեր երկրում, սակայն մեր այդ իրավունքն արգելափակված է։ Այսինքն՝ նույնիսկ հոգեկերտվածքով իսկապես ազատ մարդիկ եւս զրկված են իրենց քաղաքացիական իրավունքներից ու ազատություններից, եւ դրա հիմնական պատճառն այն է, որ մեր ազգակիցներն ու համերկրացիները, այսինքն՝ Հայաստանի բնակչության գերակշիռ մասը, այսօրվա դրությամբ քաղաքացիական գիտակցությունից զուրկ հպատակների ու տարաբնույթ խառնամբոխի հավաքականություն է: Եթե, օրինակ, Հին Հունաստանում, ինչ-որ դեմոկրատական քաղաք-պետությունում հանցագործ տարրերը զավթեին իշխանությունը եւ դեմոկրատական կարգերն արգելեին, ապա դժվար թե ստրուկներն ու ամեն տիպի իդիոտներից (իդեաներից զուրկ, ապաքաղաքական մարդիկ) կազմված օխլոս-խուժանը վրդովվեին դրանից: Ընդհակառակը, իրավազուրկ հոգեխեղված մարդիկ ազատություն չեն սիրում, նրանց հոգեհարազատ է բռնատիրությունը:



Պատկերացրեք, որ այսօր նույն իրադրությունը Հայաստանում է, մենք մարդկանց բացատրում ենք, որ մեր եւ ձեր իրավունքներն արգելափակված են, որ երկիրը բռնազավթված է, որ մենք պիտի չհամաձայնենք այս ամենի հետ, բայց մարդկանց մեծ մասը ոչ թե չի հասկանում դա, այլ իրենց համար, փաստորեն, շատ էլ նորմալ է այս վիճակը, որովհետեւ իրենք հոգեկերտվածքով ստրուկներ են (ի դեպ՝ հիշեցնեմ, որ «ստրուկ» բառը «ստոր» բառի փաղաքշական ձեւն է, հայերենը շատ արտահայտիչ լեզու է իրականում): Նրանք ազատ քաղաքացի լինել չեն էլ ցանկանում, նրանք երազում են այն մասին, երբ մի գեղեցիկ օր կդառնան իրենց տերերի նման ինչ-որ մեկը եւ կսկսեն նվաստացնել ու հալածել մյուսներին, ինչպես հիմա իրենց են նվաստացնում ու հալածում:



Հայերը, ցավոք սրտի, դարեր շարունակ օտարների բռնապետության տակ են ապրել՝ անազատ հպատակների կարգավիճակով, հետեւաբար՝ միշտ օտարված են եղել պետական եւ հասարակական կյանքը կարգավորող պրոցեսներից, սեւեռվել են միայն իրենց ընտանիքների կենսական խնդիրները լուծելու վրա ու վերջ, դրա համար էլ պետական մտածելակերպ, քաղաքացիական կեցվածք ու իրավագիտակցություն հասկացությունները սերնդեսերունդ նահանջել են հայերի մենթալ տարածքից, իսկ վերջին սովետական ու, առավել եւս, հետսովետական շրջանում այդ բացասական մենթալիտետին գումարվեց նաեւ ավազակաբարո արժեհամակարգի գերակայությունը հայոց առանց այդ էլ բռնաբարված ուղեղներում, եւ այդ ամենի արդյունքն այսօրվա մեր խորապես հիվանդ ու դեգրադացվող հասարակությունն է:



Հիմա շատերը նորից կսկսեն դժգոհել, որ ժողովրդին վատ բաներ եմ ասում, բայց, միեւնույն է, ես պնդում եմ իմ տեսակետի վրա. հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը ստրուկների եւ իդիոտ-օխլոս-խառնամբոխ-խուժանի հավաքածու է, քիչ են արժանապատիվ, բարոյական ու սոցիալական պատասխանատվության գոնե միջին մակարդակ ունեցող անհատները: Մնացածը գողական ու բոզական մասսան է, ու բնական է, որ այդ մասսայի, այսպես կոչված, պետությունն էլ կամ, ավելի ճիշտ՝ պսեւդոպետությունը, այսպիսին պիտի լինի։



**Թորոս ԱԼԵՔՍԱՆՅԱՆ**