Իրականությունը դաժան է, բայց պետք է դիմանալ

Իրականությունը դաժան է, բայց պետք է դիմանալ
Հավատացեք` ոչ մեկի համար հեշտ չէ այս օրերին: Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի, իսկ դա ենթադրում է մի շրջան` լի տարատեսակ անակնկալներով եւ անսպասելի լուծումներով, որոնք ոչ միայն ի դերեւ են հանում մեր քաղաքական մտքի նախընթաց քննարկումներն ու կանխատեսումները, այլեւ զանազան բնույթի տվայտանքների մատնում հանրությանը, քաղաքական ուժերին, առանձին գործիչների, վերլուծաբանների ու քաղաքագետների: Այսուհանդերձ պետք է հասկանալ, որ Սերժ Սարգսյանն իր «կայֆի» համար չի անում այդ ամենը: Ըստ երեւույթին, այս ամենը հաշվարկված, իսկ հաշվարկն անհամեստ աչքից խնամքով թաքցված է եղել վաղուցվանից, երբ նույնիսկ չգիտեինք էլ, որ Սերժ Սարգսյանը որոշել է իր կամքին հակառակ փոխել երկրի կառավարման կարգը: Նա հո չէ՞ր կարող ձեռնարկել մի բան` չիմանալով, թե ինչ է լինելու դրա վերջը:



Շախմատային պարտիայում պատահական սխալը խիստ որոշակի դերակատարություն ունի: Շարքային խաղացողներն անգամ գիտեն, որ մինչեւ մրցակիցներից մեկը չսխալվի, մյուսը չի կարող հաղթել: Երբ Սերժ Սարգսյանի այս ողջ «դրայվը» համեմատում ենք շախմատային դժվարին պարտիայի հետ, տեսնում ենք, սակայն, որ նա որեւէ մեկի սխալի վրա հույս չի դրել եւ, առհասարակ, խաղում է՝ սխալվելու մասին չմտածելով: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը խաղում է ինքն իր դեմ, այսինքն՝ պարտիայի ցանկացած ելքի դեպքում հաղթողն ինքն է լինելու:



«Սա (նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը՝ Էդ. Ա.) յուրահատուկ խոստովանություն էր առ այն, որ Հայաստանի քաղաքական դասն անորակ է, իսկ հայկական քաղաքականությունը՝ աղբ: Դա Սերժ Սարգսյանի հազվադեպ ճշգրիտ գնահատականներից մեկն էր»,- օրերս գրել էր «վեչնը» ընդդիմադիր հակումներով մի լրատվամիջոց, որը մինչ այդ ում թեկնածությունն ասես, որ չէր շրջանառել՝ որպես ՀՀ ապագա նախագահի: Ըստ իս` լրատվամիջոցի ձեւակերպման մեջ ամեն ինչ հասցված է ծայրահեղության: Անշուշտ, Հայաստանում էլ կային ոչ փոքր թվով չվարկաբեկված, քաղաքականությամբ չզբաղված, լեզուներ իմացող, դրսում հարգանք վայելող մարդիկ: Մյուս կողմից էլ դրսում քիչ չէին Արմեն Սարգսյանից ոչ պակաս հայտնի հայեր, որոնցից ում էլ նշանակեր Սերժ Սարգսյանը, պետք է ասեինք` տեսա՞ք ինչ արեց, ոնց մատ արեց… Չի կարելի մտածել, թե Սերժ Սարգսյանն անասելի տիտանական ջանքերի շնորհիվ է պեղել Արմեն Սարգսյանին: Ոչ: Սերժ Սարգսյանը դա արել է մեծ թեթեւությամբ, չմտածելով նույնիսկ` կսխալվի՞, թե՞ չի սխալվի: Նա քայլ է արել այն հաշվարկով, որը կատարվել է, ինչպես վերեւում ասացի, դեռ վաղուց, երբ նա որոշեց գնալ սահմանադրական փոփոխությունների:



Միանգամայն այլ հարց է` արդյոք լա՞վ նախագահ կլինի Արմեն Սարգսյանը: Կներեք, բայց Սերժ Սարգսյանն իր ֆունկցիան կատարել է, եւ դա այսուհետ կախված կլինի Արմեն Սարգսյանի, թույլ տվեք ասել, բնավորությունից, որովհետեւ ՀՀ ապագա նախագահը, իսկապես էլ, պետության գլուխ համարվելուց բացի ուրիշ, առանձնապես ծանր գործառույթ չունի: Մյուս կողմից էլ` Սահմանադրությամբ նախատեսված 7 տարին Արմեն Սարգսյանի դեպքում բավականին երկար ժամանակահատված է, եթե հաշվի առնենք կտրուկ հրաժարական տալու նրա «փորձառությունը»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է արդեն, որ Արմեն Սարգսյանն իրենց թիմի անդամ է: Ինչո՞ւ այդպես կոպիտ եւ առանց նախաբանի: Պարոն Բաղդասարյանին կխնդրեի չհուշել կողքից, երբ Սերժ Սարգսյանը խաղում է ինքն իր դեմ: Այդպես կարելի է փչացնել ոչ միայն Սերժ Սարգսյանի տրամադրությունը, այլեւ Արմեն Սարգսյանի, որ բավականին քաղաքավարի եւ նրբանկատ մարդ է, թեեւ, կարծես, համաձայնել է զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը: Հուսանք` նրա դեպքում չեն կրկնվի Տիգրան Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի կուսակցականացման պատմությունները:



Ինչեւէ, այսքան բանից հետո կենտրոնում դարձյալ Սերժ Սարգսյանն է, որ անվրդով շարունակում է իր պարտիան: Շուտով, ապրիլի 17-ին, մենք պետք է իմանանք նաեւ ՀՀ ապագա վարչապետի անունը: Դրանից առնվազն 8 օր առաջ Սերժ Սարգսյանը պետք է որ հանրությանը ներկայացնի ՀՀ վարչապետի թեկնածուի իր տեսլականը, ինչպես դա արեց ՀՀ նախագահի թեկնածուի պարագայում: Հենց ներկայացրեց, եւ նկարագիրը չհամընկավ իր նկարագրին, ուրեմն պետք է պատրաստվել նոր անուն լսելու, իսկ եթե նա լռություն պահպանի, ապա դա կարելի է ընդունել որպես մեսիջ առ այն, որ պարտիան ավարտվեց, եւ մենք պարտավոր ենք ինքնուրույն հասկանալ, թե ով է լինելու հաղթողը` այս դեպքում ապագա վարչապետը:



Սերժ Սարգսյանը հաղթում եւ իշխանության մեջ իր վճռական դերակատարությունը պահպանում է նաեւ վարչապետ չդառնալով: Այս մասին էլ շատ է խոսվել եւ որպես տարբերակ նշվել է ՀՀԿ ղեկավարի նրա կարգավիճակը, որը կարող է շարունակվել ցմահ, եթե ՀՀԿ-ն շարունակի նույն հաջողությամբ հաղթել ԱԺ հետագա ընտրություններում: Իհարկե, վարչապետի պաշտոնում մնալն էլ կախված է ՀՀԿ հաղթանակներից, բայց այդ դեպքում շատանում են դրսի ճնշումները, իսկ Սերժ Սարգսյանն Անգելա Մերկելը չէ, որին ոչ ոք չի հարցնի, թե այսքան տարի իշխանությունից չես հեռանում, որ ի՞նչ անես: Հետեւաբար, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը հենց կուսակցական աշխատանքը նկատի ուներ, երբ ասում էր, որ պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո կնախընտրեր իր սիրած գործով զբաղվել մեկ այլ, ոչ պակաս հարմարավետ գրասենյակում:



Իսկ մինչ հանգուցալուծումն առաջարկում եմ հիանալ քաղաքական շախմատի տախտակի առջեւ Սերժ Սարգսյանի «ինքնամենամարտով»: Սա իսկապես նորություն է, եթե հիշենք նրա նախորդների պարզունակ հեռացումները, որոնք նույնիսկ քաղաքական նարդու եւ բլոտի չձգեցին: Իրականությունը դաժան է, բայց, ինչ արած, պետք է դիմանալ:





**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**