ԱՄՆ-ն պատրաստ է միջուկային զենք օգտագործել․ Պենտագոն

ԱՄՆ-ն պատրաստ է միջուկային զենք օգտագործել․ Պենտագոն

Միացյալ Նահանգները հավատարիմ է զսպման նպատակով և Հարավային Կորեային պաշտպանելու համար սովորական և միջուկային զենքերի օգտագործման իր պարտավորությանը։

Այս մասին Սեուլում Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարար Լի Չժոն Սոպի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։

«Մեր հանձնառությունը Կորեայի Հանրապետության պաշտպանությանը մնում է անսասան։ Միացյալ Նահանգները հաստատակամորեն հավատարիմ է ընդլայնված զսպմանը, որը ներառում է ԱՄՆ ռազմական հնարավորությունների ողջ զինանոցի օգտագործումը, այդ թվում՝ սովորական և միջուկային զենքերը, ինչպես նաև հակահրթիռային պաշտպանության հնարավորությունները», - ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ 2022 թվականին ԿԺԴՀ-ն «աննախադեպ» բազմաթիվ սադրանքներ է իրականացրել։ Միացյալ Նահանգները Հարավային Կորեայի հետ միասին, նշել է նա, դատապարտում են այդ «վտանգավոր գործողությունները», որոնք, ըստ կողմերի, ապակայունացնում են իրավիճակը տարածաշրջանում։

Օսթինը նշել է, որ Հարավային Կորեայում ծառայում են 28500 ամերիկացի զինծառայողներ, սա ԱՄՆ-ի ամենամեծ ռազմական կոնտինգենտներից մեկն է արտասահմանում։

«Սա ցույց է տալիս Կորեական թերակղզում խաղաղություն պահպանելու մեր անսասան նվիրվածությունը։ Անցած տարվա ընթացքում մեր երկրները զգալի հաջողությունների են հասել համագործակցության խորացման հարցում»,- հավելել է Պենտագոնի ղեկավարը՝ ընդգծելով, որ կողմերը ԿԺԴՀ-ի «սպառնալիքների» ֆոնին ուժեղացրել են արձագանքման միջոցառումները և վարժանքներ են անցկացնում։