Ո՞վ է նա

Ո՞վ է նա
ՀՀ նախագահի փնտրտուքը վերջապես ավարտված է` այլեւս գուշակություններ անելու, կուլիսներից տեղեկատվություն կորզելու կարիք չկա։ Երեկ հրապարակվեց այն անունը, որը մեծ ջանքերի գնով իշխանությունը գաղտնի էր պահում՝ դա բացատրելով ժամանակից շուտ թեկնածուին թիրախ չդարձնելու մտահոգությամբ։



Թե ինչ է նշանակում դա, եւ ինչով են քննարկումները վնասում մեր երկրին՝ պարզ չէ։ Ի վերջո, հասարակությունն իրավունք ունի քննարկել բարձրաստիճան պաշտոնյաների անձը, վերլուծություններ անել, վեր հանել նրանց կենսագրության մութ էջերը, նաեւ՝ քննադատել։ Դա է դեմոկրատիայի կանոնը, եւ դրա դեմ ոչինչ չես անի, որքան էլ յոթ փակի տակ պահես հանրությանը հետաքրքրող ինֆորմացիան եւ մինչեւ վերջին պահն անգամ թիմակիցներիցդ գաղտնի պահես նախագահի կամ վարչապետի թեկնածուների անունները։



Հիմա, թեեւ մեկ ամսից ավելի ժամանակ կա մինչեւ ընտրությունները, սակայն ե՛ւ մամուլը, ե՛ւ սոցցանցերը, ե՛ւ հանրային տարբեր հարթակներ սկսել են ՀՀ նախագահի թեկնածուի շուրջ քննարկումները։ Բնականաբար, մարդիկ հետաքրքրված են՝ ով է ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուն, ինչ ուղի է անցել, ինչքան ունեցվածք ունի, ինչպիսի ընտանիք, ինչ է սիրում, ում հետ է շփվում։ Եվ, բնականաբար, առաջին հերթին հիշել են այն հեռավոր 1996 թվականը, երբ նա առեղծվածային պայմաններում նշանակվեց երկրի վարչապետ եւ նույնքան առեղծվածային պայմաններում էլ հեռացավ՝ մառախլապատ Լոնդոնը նախընտրելով վարդագույն Երեւանից։



Ցավոք սրտի, այդ օրերի անմիջական մասնակիցների մի մասը մեզ հետ չէ, եւ իրականությունը լիովին պարզել դժվար թե հաջողվի, բայց մարդկանց չես կարող արգելել խոսել, քննարկել, անգամ՝ բամբասել։ ՀՀ նախագահի պաշտոնի ու անձի նկատմամբ միշտ է եղել, կա ու կլինի նման շահագրգիռ հետաքրքրվածություն։



**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**