Հրամանագրված «ցեղասպանություն»

Հրամանագրված «ցեղասպանություն»
Հունվարի 18-ին Իլհամ Ալիեւը կարգադրություն է ստորագրել, որով կառավարությանը պարտավորեցնում է «ադրբեջանցիների ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ կազմակերպել»: Միլլի մեջլիսին հրահանգված է այդ առթիվ անցկացնել հատուկ նիստ: Ադրբեջանցիների «ցեղասպանություն» հասկացությունը 1998թ.-ի հատուկ հրամանագրով շրջանառության է դրել Ադրբեջանի այն օրերի նախագահ Հեյդար Ալիեւը: Խոսքը վերաբերում է 1918թ. մարտի 30-31-ի քաղաքացիական ընդհարումներին, որի ընթացքում զոհեր եղել են նաեւ խաղաղ բնակչության շրջանում:



Այդ ժամանակ Բաքվում սուր պայքար էր ընթանում մի կողմից բոլշեւիկների, մյուս կողմից՝ մուսավաթականների միջեւ: Արդյունքում բոլշեւիկյան ուժերի հաջողվում է ճնշել մուսավաթական զինված խմբավորումների դիմադրությունը եւ հաստատել իրենց իշխանությունը: Սա է պատմական իրողությունը, որը տասնամյակներ անց ներկայացվում է իբրեւ ադրբեջանցիների «ցեղասպանություն»: Ընդ որում, չի կոնկրետացվում, թե ովքե՞ր են կազմակերպել այն: Ադրբեջանական քարոզչությունը դա վերագրում է հայկական «ավազակախմբերին»:



Իրականում, ինչպես ասացինք, ընդհարումները կրել են քաղաքացիական բնույթ, չեն ունեցել ազգային երանգ: Կատարվածի արդյունքում Բաքվում հաստատվել է ոչ թե հայկական, այլ՝ բոլշեւիկյան իշխանություն, որի կազմում ընդգրկվել են նաեւ ադրբեջանցիներ: Եւ եթե խնդիրը դիտարկենք այս կտրվածքով, ապա կստացվի, որ ադրբեջանցիների «ցեղասպանության» համար պատասխանատու են նաեւ Ստեփան Շահումյանի կառավարության ազգությամբ ադրբեջանցի անդամները, բոլշեւիկյան գաղափարներին հարող՝ սոցիալ-դեմոկրատական «Հումմեթ» կազմակերպությունը, որը նույնպես մուսավաթների դեմ ռազմական գործողությունների մասնակից է եղե: Ի՞նչ են Ադրբեջանում շահում՝ պետական հրամանագրի եւ կարգադրությունների միջոցով հասարակության ներարկելով «ցեղասպանվածի» բարդույթ:



Նպատակը մեկն է՝ արմատավորել եւ տարածել հայատյացություն, հայ ժողովրդին վերագրել ադրբեջանցիների «ցեղասպանության» համար պատմական պատասխանատվություն: Եթե Բաքվում չեն առաջնորդվում հիշյալ շարժառիթներով, ապա կարող էին հարյուրամյա վաղեության դեպքերը քննել պատմաքաղաքական սթափ հայացքով, կատարվածի համար մեղադրել բոլշեւիկներին եւ մուսավաթականեներին, որոնք Բաքվի խաղաղ բնակչության անվտանգությունը ստորադասել են սեփական իշխանատենչությանը եւ դարձել հազարավոր անմեղ մարդկանց սպանության պատճառ:



**Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ**