Լուրջը կատակ չի սիրում

Լուրջը կատակ չի սիրում
Զարմանահրաշ ժամանակներում ենք ապրում, դժվարանում ենք կողմնորոշվել, երբ խոսում են մեծ թե նվազ ճանաչում ունեցող մարդիկ. հաճախ ստիպված ես լինում խորհել` լո՞ւրջ են ասում, թե՞ կատակում են: Ավելի շատ հոլովվում է երկրորդ վարկածը, մանավանդ՝ երբ բանը հասնում է անչափ լուրջ եզրահանգումների, ինչն էլ երբեմն պարզապես վերածվում է սկանդալի: Ահա, օրերս էլ Դուբայ մեկնած Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային թիմի բացօթյա պարապմունքների ժամանակ խաղացողներից մեկը` Գեորգի Ջիքիան, այսպիսի անվայել արտահայտություն թույլ տվեց՝ խոսքն ուղղելով սեւամորթ ակումբակիցներին. «Մի տեսեք, թե ինչպես են արեւի տակ հալվում այս շոկոլադիկները»: Սա էլ բավական էր, որպեսզի մեծ աղմուկ տարածվեր Եվրոպայում, իսկ անգլիացիներն ավելի հեռու գնացին, խիստ եզրակացության գալով` նման ռասիստական տրամադրություններ դրսեւորող երկրում մի՞թե կարելի է ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնել: Սրան անմիջապես հետեւեց արձագանքը Ռուսաստանից․ «Ի՞նչ ռասիզմ, ի՞նչ բան․ սա սովորական կատակ էր…»:



Թե ինչ ավարտ կունենա այս աղմկալի միջադեպը, ցույց կտա ժամանակը: Իսկ ես ակամա հիշեցի մեր Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, երբ նրա հետ հանդիպման գնացած լրագրողները նրան հիշեցրին իր իսկ հայտարարությունն այն մասին, որ եթե մեր ազգային հավաքականն անկարող լինի նվաճելու աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիրը, ինքն անմիջապես հրաժարակա՞ն է տալու: «Ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը, բան էր՝ ասացի ընկերական շրջապատում, իսկ դուք դա լո՞ւրջ եք ընդունել: Հույս չունենաք: Նույնիսկ մեկ տարի հետո էլ կայանալիք նոր ընտրություններում միայն ինձ եմ տեսնում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Ես իմ գործը կատարել ու կատարում եմ…»: Այս վերջին բառերը, կասկածից վեր է, ասվեցին ամենայն լրջությամբ ու վճռական շեշտադրումով: Ուրեմն հավատանք, որ մեր ֆուտբոլին լուսավոր ապագա է սպասվում: Այս հարցի պատասխանը մենք կստանանք ավելի ուշ: Ճիշտ է, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը հիմա էլ համոզված է, որ ֆուտբոլը վերելք է ապրում: Այս առումով տեղին է հիշեցնել երկրի անցյալ տարվա 10 առավել աչքի ընկած մարզիկների ընտրության նախօրյակին լրագրողներին ուղղված նրա հայտարարությունը. «Ի՞նչ եք կպել ըմբշամարտին, չէ՞ որ մենք ունենք նաեւ այլ մարզաձեւեր, օրինակ՝ ֆուտբոլը…»:



Ստացվում է, որ մենք իրոք բարձրակարգ ֆուտբոլ էլ ունենք: Այդ դեպքում, հարգելի փոխնախարար, կարո՞ղ եք լրջորեն անվանել գոնե մեկ այլ երկիր, որտեղ, ինչպես մեզ մոտ, առաջնությունը վիճարկում են խեղճուկրակ վեց թիմեր: Անմիջապես ասեմ` չեք կարող ո՛չ Դուք, ո՛չ էլ ֆեդերացիայի նախագահը: Հիշեցնեմ միայն, որ նույնիսկ գաճաճ երկրներում այս առումով բոլորովին այլ է պատկերը: Այսպես, Լյուքսեմբուրգում ուժեղագույնի կոչման համար պայքար է մղում 14 թիմ, Ֆարերյան կղզիներում` 10, Մալթայում` 12: Ձեզ՝ ֆուտբոլային կյանքին մոտ կանգնած մարդուն, չի՞ զարմացնում այն փաստը, որ մեր երկրի առաջնությունը գրեթե ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում, եւ պատահակա՞ն է արդյոք, որ խաղերն անցկացվում են գրեթե առանց հանդիսականների ներկայության, Ձեզ չի՞ անհանգստացնում այն, թե ինչու «խորը քուն» են մտել Արմավիրը, Դիլիջանը, Աբովյանը, Արտաշատը, որոնց թիմերը ժամանակին Հայաստանը վատ չեն ներկայացրել համամիութենական ասպարեզում: Տեղին է հիշեցնել 1985 թվականը, երբ ՖԻՖԱ-ն, հաշվի առնելով Արմավիրի (այն ժամանակ` Հոկտեմբերյան) բոլոր պահանջները բավարարող հրաշալի ստադիոնը, նպատկահարմար գտավ, Երեւանից բացի, այնտեղ անցկացնել աշխարհի երիտասարդական առաջնության խաղ` հարավամերիկացի ֆուտբոլիստների մասնակցությամբ:



Իսկ Դուք տեղյա՞կ եք, թե ինչպիսի ողորմելի ու խղճուկ մրցակցի տպավորություն են թողնում առաջատար համարվող մեր ակումբային թիմերը եվրագավաթների համար արդեն իսկ մեկնարկային հանդիպումներում: Ինչպե՞ս չհիշեցնել, որ այստեղ, նույնիսկ համեստ նվաճումների դեպքում, թիմերը պատկառելի «հոնորարներ» են ստանում, եւ դա նրանց թույլ է տալիս լուծելու ֆինանսական խնդիրներ:



Շարունակելով վկայակոչել լուրջ տագնապները՝ չշրջանցենք եւ այն, որ իրենց բնավ էլ չեն արդարացնում մեր պատանեկան հավաքականները: Պատահական չէ, որ ստեղծված վիճակից դուրս գալու համար ֆեդերացիան իր հույսերը կապում է արտասահմանցի մասնագետներ հրավիրելու հետ: Իսկ ինչո՞ւ են մոռացության տրվել բակային թիմերի մրցումները, մի ասպարեզ, ինչը մասսայական ֆուտբոլի գլխավոր աղբյուր է համարվում: Տարօրինակ չէ՞, որ, փաստորեն, արգելք է դրվել կանանց թիմերի առաջնությանը: Ձեզ չի՞ զարմացնում այն, որ, առանց առաջնություն անցկացնելու, ստեղծվում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հավաքականներ, որոնք միջազգային ասպարեզներում պարտություն են կրում երկնիշ թվերով:



Ինչպես տեսնում եք, հարգելի փոխնախարար, Ձեր հիշատակած ֆուտբոլը, եթե դրան ուշադրություն դարձնեք մոտիկից, սթափ հայացքով, իրականում կախում ունի չլուծված առանցքային բազում խնդիրներից: Դուք երեւի տեղյակ էլ չեք, իսկ ֆեդերացիային, չգիտես ինչու, մինչեւ հիմա քիչ են անհանգստացնում նույնիսկ հանրապետության գլխավոր թիմի` ազգային հավաքականի տապալված ելույթները աշխարհի առաջնության նախնական մրցափուլում: Այլապես անհասկանալի է, թե ինչու իր ենթախմբում նախավերջին տեղում հայտնված մեր հավաքականի հանդիպումները մինչեւ հիմա ո՛չ լուրջ ու հանգամանալի քննարկումների են արժանացել, ո՛չ էլ ստացել լիարժեք փորձագիտական գնահատական:



Արժե՞ շարունակել: Ձեր հայտարարությունը, եթե ուղղակի ու անկեղծ ասենք, Հայաստանին չի էլ վերաբերում, եւ սա է ամենացավալի իրողությունը: Իսկ թե երբ կսկսվի ֆուտբոլային աշխույժ կյանքը՝ մեծ, պրոֆեսիոնալ սպորտից հեռու, տաքուկ տեղ նստած մեր որոշ չինովնիկներ, ավաղ, ի վիճակի էլ չեն աննախանձելի վիճակից դուրս գալու գործնական ուղիներ նշել: Մնում է հույսեր չփայփայել, չհավատալ իրականում ավելի շուտ դիլետանտիզմին բնորոշ, պարզապես գավառական մտածելակերպին ու դատարկ խոստումներին:



Սպորտը, ոչ միայն ֆուտբոլը, ազգային կարեւոր պատվարժան խնդիրներ ունեցող ծավալուն բնագավառ է, ինչը պահանջում է չափազանց լուրջ, գլխավորը՝ արհեստավարժ մոտեցում, զուրկ ոչինչ չասող հայտարարություններից ու, մանավանդ՝ տարածում գտած ու իրականում արդարացման միտում ունեցող տափակ ու կեղծ կատակներից: Այլապես մենք շարունակելու ենք կանգնած մնալ կոտրած տաշտակի առջեւ:



**Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ**