Ազատիչ, թեթեւ տար

Ազատիչ, թեթեւ տար
Մտավորականների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ներկայացնելով իր պատկերացումը հանրապետության ապագա նախագահի մասին, Սերժ Սարգսյանը նշել է, որ, իր կարծիքով, խոսք պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ երկրից դուրս: Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն եւ, որ ամենակարեւորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել: Ընդամենը մի երկու բան ավելացնեմ մեր վաղվա նախագահի կերպարին. նա պետք է ճեփ-ճերմակ հագուստ կրի, գլխին լուսապսակ ունենա, իսկ մեջքին` հրեշտակի թեւեր: Ահա, այսպես արդեն նախագահի կերպարը կամբողջանա լիովին:



Հայաստանում նման մարդ գտնելը, իհարկե, դժվար չէ: Դժվարը Սերժ Սարգսյանի գտած մարդուն այդպիսին պատկերացնելն է: Հազիվ թե Սերժ Սարգսյանը հայ դիցարանից որեւէ մեկին կարողանա «համոզել»` մերօրյա Հայաստանում նախագահ աշխատելու: Եսիմ, այնտեղ Հայկ կա, Վահագն, Արեգ, Անահիտ, Աստղիկ, Տորք Անգեղ, Մեծ ու Փոքր Մհեր… Մեկն էլ կա` Սպանդարամետ է, կարծեմ, անունը, բայց նրան չարժե առաջադրել, որովհետեւ միջազգային հանրությունը մեզ սխալ կհասկանա: Այդ Սպանդարամետը, ճիշտ է, կուսակցական չի եղել, քաղաքականությամբ չի զբաղվել եւ շատ անկողմնակալ մարդ է, սակայն ողջ կյանքում անդրաշխարհն է կառավարել ու ազատ ժամերին զբաղվել դժոխքի օրենսդրության «բարեփոխմամբ»:



Կի՞ն: Հազիվ թե Սերժ Սարգսյանի մտքում այդ պաշտոնի համար հարմար կին լինի, թեեւ վերջին անգամ, երբ նա Բրյուսելում էր, բավականին երկար է զրուցել Լիտվայի Հանրապետության նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ եւ մի գեղեցիկ լուսանկար թողել այդ տիկնոջը` ի հիշատակ: Մենք` հայերս, երբ տեղը գալիս է, ասենք` սեղանների շուրջ, սիրում ենք մեծարել հայ կնոջը, մայրերին, քույրերին, բայց հենց պատգամավոր ընտրելու, պաշտոն տալու պահն է գալիս, հիշում ենք, որ հայ կինը պետք է երեխա ծնի (մանավանդ` տղա), տուն մաքրի, ճաշ եփի… Անարդար է, չէ՞: Բայց մեր հասարակությունն ամեն անգամ գլուխն ի նշան համաձայնության տմբացնում է, երբ նրան ասում են, որ երկրի ղեկավարի պաշտոնում պետք է տղամարդու ամուր ձեռք լինի: Եվ հիմա էլ որպես նախագահի թեկնածու որեւէ կնոջ անուն չի շրջանառվում: Ինչո՞ւ: Գերմանիայի պաշտպանության նախարարը կին է` Ուրսուլա ֆոն դեր Լեյե: Եթե ավելի խորանանք` վարչապետն էլ է կին` գերմանացիների համար անայլընտրանքային Անգելա Մերկելը: Եվ այդ կանայք աշխարհով մեկ զորքեր են տեղաշարժում, որոնք հիմնականում տղամարդկանցով են համալրված: Սրա՞ն ինչ կասեք:



Սերժ Սարգսյանը, մեր կարծիքով, միտումնավոր է ՀՀ ապագա նախագահին բացառապես «ներկայացուցչական ֆունկցիաներ» վերագրել: Հավանաբար, ցանկություն կա, որ ՀՀ 4-րդ նախագահը զուտ ներկայացուցչի` միջոցառումների ժամանակ Հայաստան ներկայացնողի, միջոցառմանը ներկա գտնվողի դերակատարություն ունենա: Այդպես հեշտ կլինի կառավարության ղեկավարի համար: Այդ դեպքում վերջինիս միակ հակակշռող ուժը կլինի խորհրդարանը, իսկ խորհրդարանում ամեն ինչ «ՕՔ» է կառավարության որոշումներն ու օրենքները «թըպպըցնել-անցկացնելու» առումով: Հետեւաբար, քաղաքականությունից հեռու մարդուն նախագահ նշանակելը լավագույն տարբերակն է գործադիրի ղեկավարի համար:



Այդ մարդը չպետք է կուսակցական եղած լինի, ոսկի մարդ պետք է լինի, անաչառ եւ շատ օտար լեզուներ պետք է իմանա: ՀՀ 4-րդ նախագահի համար այսպիսի ահավոր շեմ մեկ էլ Սերժ Սարգսյանը կարող էր սահմանել, մի մարդ, որ ՀՀ նախագահի պաշտոնում (10 տարի) գոնե 5 րոպեով ՀՀԿ-ի ղեկը չի վստահել ոչ մեկին: Բայց դա դեռ ոչինչ: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության մեջ ՀՀ 4-րդ եւ հետագա նախագահներին Սերժ Սարգսյանի ներկայացրած պահանջներից ոչ մեկը չկա: Ահավասիկ`



1. Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով:



2. Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:



3. Նույն անձը հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:



4. Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որեւէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք:



5. Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ:



Ուշադրություն դարձրեք հատկապես 2-րդ եւ 5-րդ կետերին, որոնցից առաջինում ասվում է, որ հայերենի իմացությունն արդեն բավարար է, իսկ մյուսում, որ նա չի կարող որեւէ կուսակցության անդամակցել միայն պաշտոնավարման ընթացքում: Վերջ: Ուրեմն ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը ՀՀ քաղաքացիներին բաժանում կուսակցականների եւ ոչ կուսակցականների եւ դեռ կուսակցականների իրավունքներն էլ, մեղմ ասած, ոտնահարում: Էլ չեմ ասում, որ հիմա կգտնեն մեկին, որ պատրաստ կլինի երդվել, որ երբեք կուսակցությունից կուսակցություն չի թռել, ճամբարափոխ չի եղել, որեւէ կուսակցությունում «դաժե» պահակ չի աշխատել:



Կամ՝ ի՞նչ է այդ նորաձեւությունը` ՀՀ նախագահն օտար լեզուներ պետք է իմանա, որպեսզի կարողանա Հայաստանը պատշաճ ձեւով ներկայացնել արտերկրում: Զոռով բերանս բացել են տալիս… Մեր Սահմանադրությունը գրողները հիմար չեն եղել, չէ, որ գրել են` ՀՀ նախագահ կարող է դառնալ հայերենին տիրապետող անձը: Հայերենի իմացության այդ պահանջով օտար լեզուների իմացությունը չի արգելվում, բայց փոխարենը, ինչո՞ւ է օտար լեզվի իմացությունը տիրապետող պայման դառնում, քանի որ այդպես է ուզում Սերժ Սարգսյանը:



Երանի թե Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնացած մտավորականներից որեւէ մեկը ելույթ ունենար ու ներկայացներ իր պատկերացրած նախագահին: Մտավորականի ձայնը, ի վերջո, ժողովրդի ձայնն է, ու մենք կիմանայինք, որ մեր կարծիքն էլ է Սերժ Սարգսյանին հասել: Բայց դա մեր մտավորականներին, ավաղ, տրված չէ: Նրանք սովոր են նախագահի առաջ խելացի դեմքերով նստել լուռ ու մեդալ ստանալ պատեհ առիթներով:



Մեդալ ասացի` հիշեցի: Սերժ Սարգսյանն ինձ այդպես էլ մեդալ չտվեց, թեեւ ես ՀՀ նախագահներից միայն իր պաշտոնավարման տարիներին եմ «կռուգլասուտոչնի» ապրել Հայաստանում` սահմանելով նրան հանդուրժելու, տանելու, ինչու ոչ` հարգելու, պատվելու, ներելու եւ սիրելու յուրահատուկ ռեկորդ: Վերջին օրով չէի ցանկանա այդ գեղեցիկ տպավորությունը մունդռել, բայցեւ չեմ կարող չասել, որ մեզ մոտ այս օրերին աննորմալ մի բան է տեղի ունենում: Այնպիսի խորհրդավորություն է ստեղծվել ՀՀ հաջորդ նախագահի եւ վարչապետի անվան շուրջ, ասես գողություն ենք անում կամ մի ուրիշ վատ բան: Կարծում եմ` Սերժ Սարգսյանը մի քիչ թեթեւ պետք է նայի այդ ամենին, որովհետեւ իշխանափոխությունը դեռ աշխարհի վերջը չէ: Հասկացանք` անցումային փուլ է, ցնցումներ պետք չեն: Այ ձեր ցավը տանեմ, 2015 թվից, ինչ իմացանք, որ Հայաստանի կառավարման համակարգը փոխվում է, ցնցումների մեջ ենք, նո՞ր պետք է ցնցվենք:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**