Մեծ շախմատիստը

Մեծ շախմատիստը
Ոմանք հիացմունք են ապրում՝ հետեւելով այն «շախմատային պարտիային», որը վերջին տարիներին խաղում է Սերժ Սարգսյանը։ Քչերը կարող էին այդքան հմտորեն փոխել-հարմարեցնել-համապատասխանեցնել ՀՀ օրենքներն ու հայաստանյան իրականությունը սեփական եւ սեփական կուսակցության շահերին։



Այնպես անել, որ իշխանության բոլոր քայլերն ու գործողությունները ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում հավանության արժանանան։ Որ ո՛չ հայ հասարակությունն ընդվզի մեծ խումբ մարդկանց՝ Սերժ Սարգսյանի թիմի հարատեւությանն ուղղված քայլերի դեմ, ո՛չ միջազգային կառույցներն ասեն՝ այս ի՞նչ եք անում՝ բռնապետություն եք սարքում, ոտնահարում եք դեմոկրատիայի կանոնները։ Քչերը կարող էին այնպես անել, որ ողջ երկրի բնականոն կյանքը եւ բացարձակապես բոլոր ինստիտուտների գործունեությունը, ինչպես նաեւ տարբեր կլանների, խմբերի, անձանց խաղաղ գոյատեւումը կախված լինեն մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը լինի հենց ինքը՝ ՀՀԿ առաջնորդը։



Այնպես անել, որ մի հսկա կուսակցություն, որը կարծես թե հաղթել է ընտրություններում եւ ստացել բացարձակ մեծամասնություն ու դա արել է թիմային մեծ աշխատանքի շնորհիվ, բացարձակապես ոչինչ չներկայացնի իրենից՝ ոչինչ չորոշի, ոչինչ չիմանա, ոչ մի պրոցեսի վրա ազդեցություն չունենա։ Ամեն ինչ իմանա, ամեն ինչ որոշի եւ ամեն ինչի վրա ազդեցություն ունենա միայն մեկ մարդ՝ Սերժ Սարգսյանը։ Եվ իրենց հավատարմությունը, անվերապահ նվիրումը նրան ապացուցած անձինք լինեն պաշտպանված, երաշխավորված ապագա ունենան, իսկ իր հակառակորդներն ու քննադատները՝ բազում, բյուր դժվարություններ ու զրո հեռանկար։ Իսկապես մեծ շախմատիստի ունակություն պետք է ունենաս, որպեսզի երկրում հետընթաց արձանագրվի, աղքատության աճ, արտագաղթի մեծացում, սակայն քո եւ քո թիմի գործերը հրաշալի լինեն։



**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**