«Մասիսի Բերրիություն» ընկերության հայցը ընդդեմ մարզպետարանների

«Մասիսի Բերրիություն» ընկերության հայցը ընդդեմ մարզպետարանների
Պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ամեն տարի գյուղացիները մատչելի գներով ազոտական պարարտանյութեր են ստանում, գնի մի մասը սուբսիդավորվում է պետության կողմից: Մատակարարումները իրականացնում է «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ն:



Նշենք, որ այս ընկերությունը տարիներ շարունակում գյուղատնտեսության նախարարության հետ պարարտանյութերի մատակարարման խոշոր գործարք կնքող ընկերություններից է: Ըստ դատական տեղեկատվական համակարգի «Մասիսի Բերրիություն» ընկերությունը 2017թ.–ին գումարի բռնագանձման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ Սյունիքի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի մարզպետարանների: Պարտքերը կուտակվել են այն պատճառով, որ գյուղապետերը գյուղացիներին պարարտանյութը տրամադրել են գումարը բերքահավաքից հետո ստանալու պայմանով: Իսկ գյուղացիներն էլ բերք չեն հավաքել, հետեւաբար չեն կարողացել գումարը մարել:



Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ` Համբարձում Համբարձումյան հետաքրքվեցինք, թե որքա՞ն է կազմում համայնքներում բաժանված ազոտական պարարտանյութի պարտքը. «Կառավարությունը զիջել է 2012-2016 թվականների ընթացքում գյուղացիներին տրամադրված սերմերի և պարարտանյութերի դիմաց կուտակված պարտքերը: Գավառ համայնքը 600 հազար դրամ է պարտք, որից զիջվել է 120 հազարը դրամը: Զիջվել է Գանձակ համայնքի 24 հազար դրամը եւ Զոլաքարի 2մլն 400 հազար դրամը: Մադինա համայնքը պարտք է 12մլն. 433 հազար դրամ, որից զիջվել է 12 0հազար դրամ: Ախպրաձոր համայնքը 106 հազար: Քիչ գումար են մնացել պարտք, որը աստիճանաբար կմարվի»,-ասաց վարչության պետը:



Կոտայքի մարզպետարանն ընկերությանը պարտք չի: Որոշ համայնքի ղեկավարներ մեզ հետ զրույցում ասացին, որ ի սկզբանե գյուղացիներին պարատանյութը տրամադրել են նախօրոք հավաքագրելով գումարները:



Արդեն 1 տարի է գյուղատնտեսության նախարարությունը մարզպետարաններին եւ գյուղապետարաններին պարտադրել է, որպեսզի գյուղացիներին ազոտական պարարտանյութ, դիզվառելիք եւ սերմացու տրամադրեն միայն կանխիկ տարբերակով:



**Նելլի Կարապետյան**