Ի՞նչ են ուզում, պատերա՞զմ

Ի՞նչ են ուզում, պատերա՞զմ
Նոր տարին ադրբեջանական քարոզչությունն սկսեց «Հորադիզի պատմական հարձակման» տարելիցի շուրջ հրաշապատում հեքիաթների ժանրից հրապարակումներով: Ընդ որում, ամեն ինչ ներկայացվում էր որպես Հեյդար Ալիեւի «ռազմագիտական հանճարի փայլատակում»: Պաշտոնական Բաքուն, սակայն, չանդրադարձավ այդ ժամանակաշրջանի եւս մեկ ռազմագործողության՝ Քելբաջարի ուղղությամբ հարձակմանը, որն Ադրբեջանի համար ավարտվեց խայտառակ պարտությամբ, բանակային երկու կորպուսի գլխովի ջախջախմամբ եւ շուրջ 5000 զինխառայողի կորստով: Այդ եւ ռազմաճակատային այլ անցքերի մասին Ադրբեջանում ընդունված չէ խոսել:



Փոխարենը հակառակորդի ռազմական գերատեսչությունը պաշտոնական հաղորդագրություններ տարածելիս օգտագործում է «իրավիճակը ռազմաճակատում» ձեւակերպումը: Դա արվում է տպավորություն ստեղծելու, որ պատերազմն ավարտված չէ, չի գործում հրադադարի ռեժիմը: Պարզապես ակտիվ մարտական գործողություններ չեն ընթանում, բայց բանակը պետք է դրանց պատրաստ լինի: Հարց է առաջանում՝ պատերազմի քարոզչության մեջ որքանո՞վ է անկեղծ ադրբեջանական կողմը: Այդ երկրում իրո՞ք պատերազմի ծարավի են, եւ բոլորն սպասում են, թե երբ է հնչելու հարձակման հրամանը:



«Հրադադարի խախտումները մեզ պետք չեն, քանի որ զորքերի շփման գծում ունենք մեծաքանակ խաղաղ բնակչություն»,- օրերս գրել էր մի ադրբեջանցի մեկնաբան: Սա բավական սթափ հայացք է իրականությանը: Բայց ինչու՞ թեման չի խորացվում, եւ ադրբեջանական հասարակությունը սեփական իշխանություններին չի առաջադրում խաղաղության հասնելու կամ գոնե շփման գծում կայուն իրավիճակ ստեղծելու պահանջ: Բանականությունից զուրկ հասարակությունը միայն կարող է ունենալ պատերազմի կարոտախտ: Ադրբեջանական ժողովուրդը, թվում է, ողջախոհությունը չի կորցրել, բայց եւ չունի իշխանություններին կամք թելադրելու հասունություն կամ, ավելի ճիշտ, համարձակություն: Անհնար է, որ 1994թ. հունվար-փետրվարի Քելբաջարում «անհայտ կորած» ադրբեջանցի 5000 զինծառայողների ծնողները, հարազատները չիմանան ճշմարտությունը եւ չունենան կորստի մարդկային զգացում: Մանավանդ բացառված է, որ ադրբեջանցի ծնողները ցանկանան եւս մեկ նման «հաղթական արշավ»:



Ըստ ամենայնի, Բաքվի իշխող ռեժիմն էլ գիտակցում է, որ պատերազմը կորստաբեր է լինելու: Հակառակ դեպքում չէր մասնակցի բանակցություններին: Քարոզչությունը, մինչդեռ, անում է իր գործը: Հարկ է թողնել «օկուպացված հողերն ամեն րոպե ազատագրելու պատրաստ բանակի եւ նրա հետ սերտ կապի մեջ հասարակության» պատրանք: Իսկ ժամանակն անցնում է: Մոտենում է Քելբաջարի ազատագրման 25-րդ տարին:



**Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ**