Նախագահ կընտրեն Սերժ Սարգսյանի՞, թե՞ Սահմանադրության պահանջով

Նախագահ կընտրեն Սերժ Սարգսյանի՞, թե՞ Սահմանադրության պահանջով
Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի ընտրությունը վերածվում է կրկեսային ներկայացման։ Ի հեճուկս Սահմանադրության պահանջներին, նախօրեին Սերժ Սարգսյանն էլ իր պատկերացում-չափորոշիչները ներկայացրեց, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ հաջորդ նախագահը։ «Խոսքը պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ երկրից դուրս»,- ասաց նա նախագահական նստավայրում մի խումբ մտավորականների հետ թեյի սեղանի շուրջ։ Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն եւ, որ ամենակարեւորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել։



2015 թվականին ընդունված Սահմանադրությունը չի պահանջում լեզուների իմացություն կամ, ասենք, երբեւէ քաղաքականությամբ չզբաղված լինելու պահանջ չի դնում։ Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի ներկայացրած հանելուկից հետո նախագահացուների որոնողական ակտիվ աշխատանքներ են սկսվել սոցիալական ցանցերում։ Հանրության ակտիվ շրջանակներն անուններ են մատնանշում, թե ով է Սերժ Սարգսյանի նկարագրած անհայտ թեկնածուն․ Ռալֆ Յիրիկյանից մինչեւ Հենրիխ Մխիթարյան, Ռուբեն Վարդանյանից մինչեւ Շառլ Ազնավուր, անգամ՝ Քիմ Քարդաշյան։



2008 թվականին նախագահի թեկնածու առաջադրված **Տիգրան Կարապետյանը** զարմացած է, որ մարդիկ լրջորեն քննարկում են Սարգսյանի հայտարարությունը։ Կարապետյանը հիշեցնում է՝ «ինչքա՜ն-ինչքան բաներ է նա ասել ու չի կատարել»․ «Ես Սերժ Սարգսյանի ոչ մի խոսքին չեմ հավատում, ովքեր հավատում են, թող իրենք էլ քննարկեն»։ Կարապետիչը կարծում է՝ ով-ով, բայց այս իշխանությունն իրավունք չունի որեւէ չափորոշիչ ներկայացնել․ «Ժողովրդին հասցրել են ծայրահեղ աղքատության․ լափել են, հիմա գալիս՝ չափորոշիչներ են ներկայացնում, այնպես որ, ես չեմ էլ ուզում որեւէ բան ասեմ։ Մի բան միայն կարող եմ ասել, որ քաղաքականությունն ամենուր է՝ ե՛ւ բիզնեսւոմ, ե՛ւ մշակույթում, ե՛ւ ամեն տեղ»։



2003-ին նախագահի թեկնածու առաջադրված **Արշակ Սադոյանի** համար էլ անհասկանալի է, թե ինչպես կարելի է ասել ՀՀ չորրորդ նախագահ՝ «Հայաստանի չորրորդ նախագահն Անգլիայի թագուհի է»,- իր ուղղումն է մտցնում նա։ Սադոյանը նկատի ունի, որ հաջորդ նախագահը խիստ սահմանափակ լիազորություններ է ունենալու, այդուհանդերձ, համամիտ չէ, թե սահմանափակ լիազորություններ ունեցող նախագահի համար առաջադրվող խիստ պահանջներն անտրամաբանական են․ «Եթե նախկինում ժողովուրդն էր ընտրում նախագահին, ապա հիմա՝ խորհրդարանը, հետեւաբար, չափորոշիչներն անհրաժեշտ են»։ Սադոյանը, սակայն, զարմանում է․ «Եթե քաղաքականության հետ առնչված եղած չլինի, ծանոթ չլինի քաղաքական գործունեությանը, այդ դեպքում ո՞նց է նախագահ աշխատելու», այլ հարց է, որ նախագահության ընթացքում կուսակցական գործունեություն չծավալի։ Սադոյանը համամիտ է Սերժ Սարգսյանի մատնանշած պահանջներին, ավելին՝ անհրաժեշտություն է համարում ոչ միայն լեզուների իմացությունը, այլեւ գիտամանկավարժական փորձը․ «Ո՜նց կարելի է ՀՀ անունից գնալ մի տեղ եւ միայն թարգմանությամբ բավարարվել»։ Հիշեցրինք, որ Սերժ Սարգսյանն ու նրա նախորդն էլ չէին տիրապետում մի քանի լեզուների, իսկ հիմնադիր նախագահն էլ ավելի շատ մեռած լեզուների էր տիրապետում, մինչդեռ նրանք բոլորն ընտրվել էին եւ համարվում էին պետության գլուխը նախագահական համակարգում։ «Դրա համար էլ էս օրին ենք»,- ծիծաղելով՝ արձագանքեց Արշակ Սադոյանը։ Նա ասում է՝ քանի որ Հայաստանի քաղաքական հետագա գործունեության տեսանկյունից չի կարեւորում նախագահի պաշտոնը, ուստի չի էլ մտածել, թե ով կարող է լինել հաջորդ նախագահը։



Նախագահի ամենատուժած թեկնածու Պարույր Հայրիկյանը լուրջ ասելիք ունի այս թեմայով, սակայն չի կարող խախտել լռության ուխտը, միայն ասաց․ «Ասպարեզում երեւալու իրավունք չունեն բոլոր այն սրիկաները, որոնք երկնեցին այս Սահմանադրությունը»։ Նա խոստացել էր՝ եթե Հայաստանի իշխանությունը ստորագրի ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը, ինքը վեց ամիս հարցազրույց չի տա։ «Ես ասել էի, չէ՞, որ սրանք այդ համաձայնագիրն ստորագրելու ունակ չեն։ Ճիշտ է՝ դա ասոցացման համաձայնագիր չէր, բայց, ամեն դեպքում, մի բան ստորագրել են, ես էլ խոստումս չեմ կարող դրժել, շնորհակալ եմ ինձ հիշելու համար»,- ասաց Հայրիկյանը։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**