Լրատվամիջոցներին մեղադրելը խոսում է այդ թիմի քաղաքական հասունության բացակայության մասին
Նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ իշխող ՔՊ-ն նորից թիրախավորել են լրատվամիջոցներին, այս անգամ` «Հրապարակ» օրաթերթին: ՔՊ-ական ուսապարկերից մեկը Ֆեյսբուքում գրել էր, որ Հովիկ Աղազարյանը կուսակցությունից հեռացվել է «Հրապարակ» օրաթերթին տեղեկություններ փոխանցելու` «պետական գաղտնիքներ» տրամադրելու համար: «Օդում կախված լուրերի» եւ «Չար լեզուներն ասում են» ձեւակերպումների սիրահար Նիկոլ Փաշինյանը դավաճանություն է համարում հանրությանը վերաբերող թեմաների մասին լրատվամիջոցներին ինֆորմացիա փոխանցելը, հասարակությանն իրազեկելը: Մինչդեռ ժամանակին իշխանության եկավ ամեն ինչի մասին հանրությանը տեղեկացնելու բարձրագոչ խոստումներով: Անգամ ասում էր` չի կարող լինել մի պահ, որ դուք արթնանաք ու իմանաք, որ Արցախի հետ կապված որոշում եմ կայացրել` առանց ձեզ տեղեկացնելու, առանց ձեզ հետ խորհրդակցելու:
Եվ դա ասում էր Հանրապետության հրապարակում` հազարավոր մարդկանց առաջ: Փաշինյանը նաեւ մոռանում է, թե տարիներ շարունակ ինչ էր հրապարակում իր խմբագրած «Հայկական ժամանակում» եւ անգամ ազատազրկման էր դատապարտվում ինչ-որ լուրեր հրապարակելու համար, քանի որ դատարանում չէր կարողանում ապացուցել դրանց ճշմարտացիությունը կամ որեւէ ապացույց չէր կարողանում ներկայացնել դատարանին, որովհետեւ դրանք սեփական աղբյուրներից հայթայթված տեղեկություններ էին: Նա հրապարակումներ էր անում, որոնք սկսվում էին` «հացի հերթում լսեցի», կամ` տարբեր համակարգերում ինֆորմատորներ ուներ, որոնց փոխանցած տեղեկատվությունն էր հրապարակում, օրինակ, որ մաքսայինում Արտաշես Գեղամյանի կնոջ ներքնաշորերում ոսկե զարդեր են հայտնաբերվել եւ առգրավվել: Սակայն ոչ մեկը նրան չէր մեղադրում արգելված տեղեկատվություն ստանալու մեջ, եւ նրա ինֆորմատորներին էլ ո՛չ կուսակցություններից, ո՛չ պետական մարմիններից չէին հայտնաբերում ու հեռացնում` մեղադրելով արտահոսքի կամ պետական դավաճանության մեջ: Մենք զրուցել ենք Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:
Նա անդրադառնալով թեմային նշեց. «Եթե խոսում են պետական գաղտնիքի մասին, նախ պետք է ապացուցեն, որ իրոք խոսքը պետական գաղտնիքի մասին է: Հովիկ Աղազարյանի տված տեղեկությունները ԶԼՄ-ներին կարելի՞ է արդյոք համարել պետական գաղտնիք, ինձ թվում է` ոչ: Հանրային լայն հնչեղություն ունեցող հարց է սա, իսկ ՔՊ-ի ու Աղազարյանի կոնֆլիկտը գնալով խորանում է, լրատվամիջոցները բնական է, որ լայնորեն տարածում են Աղազարյանի իրավունքների ակնհայտորեն խախտված իրավունքների մասին, ինչը նորմալ է: Նա կարող է դիմել լրատվամիջոցներին և իրեն պաշտպանելու միջոց համարել դա:
Ես այդտեղ ոչ մի խնդիր, որևէ դավադրություն չեմ տեսնում: Եթե պետական գաղտնիքի մասին լիներ իսկապես խոսքը, նախ այդ մարդը պետք է ենթարկվեր պատասխանատվության և հետո` գաղտնիքը կրողը, տվյալ դեպքում` պարտադիր չէ, որ նա Աղազարյանը լինի: Նոր միայն կարող են գնահատականներ տալ, ճի՞շտ են արդյոք վարվում լրատվամիջոցները, թե՞ ոչ: Նման վերլուծություն ոչ ոք չի արել, պաշտոնական մակարդակում չկա ոչ մի կոնկրետություն, միայն ինչ-որ մասնավոր դժգոհություններ ենք լսում Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի, ինչպես նաև լրատվամիջոցների նկատմամբ: Սա քաղաքակիրթ աշխարհին անհարիր մոտեցում է: Լրատվամիջոցներին մեղադրելը խոսում է այդ թիմի քաղաքական հասունության բացակայության մասին, այդքան մի բան», - եզրափակեց Նավասարդյանը:
Կարծիքներ