Դարը փոխվեց՝ մեթոդները մնացին

Դարը փոխվեց՝ մեթոդները մնացին
Կարելի՞ է արդյոք 2018-ին պայքարի նույն մեթոդներն ու մարտավարությունը կիրառել, ինչ 1988, 1998, անգամ 2008 թվականներին։ Ի վերջո, քաղաքական պայքարը, հավանաբար ,բոլոր ժամանակներում նույն տրամաբանությունն ու ընթացքն է ունեցել եւ նույն կանոններով է իրականացվել։ Բայց փողոց դուրս գալու, հրապարակներում պայքարելու մեթոդները կարծես այսօր այնքան էլ արդիական չեն։ Եթե 1988-ին Ազատության լեփ-լեցուն հրապարակն օրակարգ էր թելադրում, այժմ այդ հրապարակում մանկական հեծանիվներ ու չմուշկներ են քշում, տատիկներն արեւածաղիկ են վաճառում, մի քիչ ավելի էլիտար «բիզնեսմենները»՝ սուրճ։



Հրապարակը դադարել է ազատության, պայքարի խորհրդանիշ լինելուց, կորցրել է իր քաղաքական նշանակությունը։ Եվ պատճառն այն չէ, որ հրապարակը զավթել են ապաքաղաքական տարրերը, պատճառն այն է, որ հանրային գիտակցության մեջ են կտրուկ փոփոխություններ կատարվել, եւ շարքային քաղաքացին հույսը կտրել է փողոցային պայքարի միջոցով հաջողության հասնելու, իր կյանքում որեւէ բան փոխելու հեռանկարից։ Այս պարագայում մարդկանց փողոց դուրս բերելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։ Այն շատ մեծ ջանքեր, ռեսուրսներ, կամք եւ նյարդեր է պահանջում։ Մանավանդ՝ համատարած մեղադրանքների, քամահրանքի, թերահավատության, կասկածամտության մթնոլորտում։



Մարդկանց մի մասը նման փորձեր անողներին, անշուշտ, կանվանի «իշխանական պրոյեկտ», մյուսները դրանք այնքան անիմաստ կհամարեն, որ կծաղրեն, երրորդները կհիշեն փողոցային պայքարի նախորդ՝ ձախողված փորձերը, չորրորդները կհայտարարեն՝ կմասնակցեինք, եթե դուք չլինեիք կազմակերպիչը։ Այնպես որ՝ հունվարի 19-ի երթի ժամանակ «Ելք»-ին մեծ փորձություն է սպասվում՝ ձախողվելու-մերժվելու կամ հերթական կարեւոր փորձառությունը ձեռք բերելու առումով։



**Արմինե Օհանյան**