Անկարան Վատիկանից կխնդրի՞ հաշտարար միջնորդի դեր ստանձնել Անկարա-Երեւան հարաբերություններում

Անկարան Վատիկանից  կխնդրի՞ հաշտարար միջնորդի դեր ստանձնել Անկարա-Երեւան հարաբերություններում
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Վատիկանում: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 5-ին Վատիկանի Առաքելական գրադարանում: Թուրքական պարբերական մամուլն իրենց նախագահի այս այցը համարում է «արտակարգ կարեւոր իրադարձություն»: Ի դեպ, Վատիկան կատարած այցից հետո Էրդողանը կսկսի իր հարավամերիկյան տուրնեն, որտեղ այժմ Առաքելական այցելությամբ գտնվում է Սրբազան Քահանայապետը:



Այնտեղ Թուրքիայի նախագահը նախատեսում է բացի տնտեսական հարցերից, հարավամերիկյան պետությունների ղեկավարների հետ քննարկել նաեւ Սիրիայում եւ Իրաքում տիրող իրադրությունը, ինչպես նաեւ Երուսաղեմի կարգավիճակը: Ինչպես եւ կարելի էր սպասել, նույն օրակարգն է լինելու նաեւ Ֆրանցիսկոս Պապի հետ Թուրքիայի նախագահի հանդիպման ժամանակ:



Հիշեցնենք, որ վերջին անգամ Վատիկան այցելել է Թուրքիայի նախագահ Մահմուդ Ջելալ Բայարը, ում 1959-ին ընդունել է Հովհաննես Քսաներեքերորդ Սրբազան Քահանայապետը: Եթե անդրադառնանք պատմությանը, ապա Սուրբ Աթոռը եւ Թուրքիան հարաբերություններ սկսել են դեռ Օրհան Ղազի (1326−1360) սուլթանի ժամանակ եւ կապված են եղել այն իրողության հետ, որ սուլթանի իշխանության տակ են անցել այն տարածքները, որտեղ բնակվում էին արեւելյան քրիստոնյաները:



1453 թվականին Մեհմեդ երկրորդ Ֆաթըհ սուլթանի կողմից Կոստանդնուպոլսի գրավումը լուրջ բարդություններ է մտցրել այդ հարաբերություններում: Հռոմեական կղերականությունը սկսեց տարբեր դաշինքներ ստեղծել տարբեր պետությունների հետ` Օսմանյան կայսրության դեմ պայքարելու եւ վերջինիս ծավալապաշտական նկրտումները զսպելու համար: Սա իր հերթին բերեց այն բանին, որ Պապական Աթոռը կամա-ակամա հայտնվեց արեւելյան շատ ժողովուրդների հետ կապված հարցերի մեջ:



Սակայն այն բանից հետո, երբ Ֆրանսիան XVI դարում պայմանավորվեց Ստամբուլի հետ եւ ձեռք բերեց կաթոլիկների հովանավոր պետության կարգավիճակ, Կաթոլիկ եկեղեցին ստիպված եղավ այլ մեթոդներ գտնել: Միայն Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո Պապական Աթոռը աջակցություն ստացավ Օսմանյան կայսրության կողմից: Վատիկանի եւ Ստամբուլի հարաբերությունները հատկապես սերտացան Թանզիմաթի տարիներին`1839—1876 թթ: Այդ սերտ հարաբերությունները բերեցին այն բանին, որ Սուրբ Աթոռը կարողացավ իրեն վերցնել Օսմանյան կայսրության տարածքում բնակվող կաթոլիկների հովանավորի կարգավիճակը, ինչը իր հերթին նվազեցրեց Ֆրանսիայի դերակատարությունն այդ պլանում: Փարիզն իհարկե փորձեց սեպ խրել Սուրբ Աթոռի եւ Ստամբուլի հարաբերություններում, սակայն էական արդյունքի չհասավ:



1923 թվականին աշխարհիկ Թուրքիայի Հանրապետության ստեղծումով, որով նաեւ վերջ դրվեց սուլթանությանը, Կաթոլիկ եկեղեցին երկխոսություն սկսեց նոր իշխանությունների հետ, որը կրկին դուր չեկավ Ֆրանսիային եւ Փարիզը փորձեց տորպեդահարել այն եւ այս անգամ հաջողության հասավ:



1930-ական թթ Անկարայի եւ Վատիկանի միջեւ հարաբերություններում նկատվեց ջերմացում, ինչը մեծամասամբ պայմանավորված էր Թուրքիայում Պապական նվիրակ Անջելո Ռոնկալիի ներդրած ջանքերով, ով ի դեպ ապագա Հովհաննես Քսաներեքերորդ Պապն էր: Նա մնաց նվիրակի պաշտոնին 1935-1944 թթ: Վատիկանի եւ Անկարայի հարաբերությունները բնականոն հունի մեջ մտան այն ժամանակ, երբ երկիրը անցում կատարեց բազմակուսակցական համակարգի, եւ իշխանության եկավ Արդարություն կուսակցությունը, որը 1961-ին փոխարինեց զինվորականների կողմից լուծարված Դեմոկրատական կուսակցությանը:



Նշենք, որ Դեմոկրատական կուսակցությունը հատկապես պարզ ժողովրդի մեջ խթանում էր իսլամի վերազարթոնքին: Պարզ ասած Դեմոկրատական կուսակցությունը աշխատում էր այն նույն ոճով, ինչի համար հիմա Արեւմուտքը դատապարտում է Էրդողանին, ով հիմա փորձում է կարգավորել ներքաղաքական խնդիրները եւ դուրս գալ արտաքին քաղաքական մեկուսացումից:



Ինքնին հասկանալի է, որ այս հարցում կրոնը կարեւոր դերակատարություն ունի, քանի որ կրոնական փոքրամասնությունները Թուրքիայում վաղուց արդեն ներգրավված են գլոբալ քաղաքական գործընթացներում եւ բավական ազդեցիկ կարող են լինել Թուրքիայի սոցիալ-տնտեսականեւ քաղաքական հարցերում, նպաստել երկրի դրական վարկանիշով ընկալմանը եւ այլն:



Այս համատեքստում դժվար թթե պատահական կարելի էր համարել այս տարեսկզբին Էրդողանի ներկայությունը Բուլղարիայի նախագահ Բոյկո Բորիսովի եւ Բուլղար Ուղղափառ եկեղեցու պատրիարք Նեոֆիտոսի հետ Ստամբուլի Սուրբ Ստեփանոսի կամ Երկաթյա եկեղեցու վերաբացման արարողությանը: Թուրքական մամուլն այդ ժամանակ գրեց, որ Թուրքիայի նախագահը իր մասնակցությունը կամ ներկայությունը որակել է որպես ուղերձ միջազգային հանրությանն առ այն, որ թուրքական պատմության ցավոտ էջերը չպետք է ստվերեն երկարաժամկետ համակեցության եւ ներկայիս հարաբերությունների փորձառության վրա, քանի որ միասնությունը բազմազանության մեջ է կայանում: Սա նաեւ այլ ժեստ էր, քանի որ, ինչպես հայտնի է, պաշտոնական Սոֆիան այս տարվա հունվարի մեկից ստանձնեց ԵՄ ռոտացիոն նախագահությունը:



Էրդողանի այն ժամանակ արված հայտարարությունը աննկատ չի մնացել Vatican insider-ի կողմից: Պարբերականը գրում է, որ թուրքական պատմության մյուս ամենացավոտ էջը կապված է հայերի հետ: Պարբերականը գրում է, որ Թուրքիայի նախագահը, ով նախկինում բազմաթիվ վեճեր է ունեցել եվրոպական մայրաքաղաքների հետ եւ նաեւ Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի հետ Հայոց Ցեղասպանության հարցում հատկապես, վերջին շաբաթներին հայտարարությունն հայտարարության հետեւից տարածում է, հույս հայտնելով, որ կկարողանա կարգավորել հարաբերությունները ԵՄ հետ եւ այդ առնչությամբ այցելեց Ֆրանսիա եւ ապա նաեւ արդեն փետրվարին այցելելու է Սուրբ Աթոռ:



Սակայն, հիշեցնում է պարբերականը, 2016 թվականին, երբ Կաթոլիկ եկեղեցու Հովվապետը այցելեց Երեւան, Սուրբ Աթոռում թուրքական դեսպանատունը հանկարծակի հիշեց Սուրբ Աթոռում թուրքական դեսպան Թահա Քարիմի նահատակությունը Վատիկանում 1977 թվականի հունիսի 9-ին: Խոսքը հայ վրիժառուների կողմից իրականացված հարձակման մասին է: Ամենեւին չի բացառվում, որ Թուրքիայի նախագահը այժմ կփորձի Սրբազան Հովվապետին խնդրել հաշտարար միջնորդի դեր ստանձնել Հայաստանի հետ հարաբերությունների հարցում, ինչը կօգնի, որպեսզի նա շտկի իր վարկանիշը միջազգային թատերաբեմին եւ լուծի որոշ հարցեր հայ-թուրքական հարաբերություններում: Ի վերջո, արձանագրում է արդեն ռուսական REGNUM լրատվական գործակալության մեկնաբան Ստանիսլավ Ստրեմիդլովսկին, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Վատիկանը Երեւանի հետ ունի փոխվստահելի եւ ընդգծված դրական հարաբերություններ եւ կարող է հարմար հաշտարար միջնորդ լինել հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման գործում:



Հատկապես, որ Վատիկանը որեւէ կերպ ներգրավված չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ հետեւաբար նաեւ, ընդունելի կարող է լինել նաեւ Բաքվի համար: Բացի այս, Սուրբ Աթոռը կարող է օգնել, որպեսզի Էրդողանը լեզու գտնի նաեւ քրդերի մի մասի հետ: Չի բացառվում նաեւ, որ Էրդողանը Վատիկանի օգնության կարիքն է զգում Երուսաղեմի կարգավիճակի հարցում: Հատկապես, որ եւ Անկարան եւ Վատիկանը հայտարարություններով իրենց անհամաձայնությունը հայտնել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմը Իսրայել պետության մայրաքաղաք ճանաչման որոշման հանդեպ:



Մյուս կողմից Էրդողանը հասկանում է նաեւ, որ իսլամական աշխարհը, Թրամփի այդ որոշմանը չափազանց թափթփված արձագանքով, անկախ կտրուկ հռետորաբանությունից, մեծ բան չի կարողանա անել եւ պատրաստ էլ չէ համախմբվելու, ինչին ձգտում էր նա, իսկ եթե Անկարան եւ Սուրբ Աթոռը այս հարցում միասնական հայտարարությամբ հանդես գան, ապա դա կարող է ցույց տալ քրիստոնյաների եւ մուսուլմանների միասնությունը: Ի դեպ, մինչ Անկարան ակտիվորեն քննարկում է նախատեսված այցն ու հանդիպումը, Սուրբ Աթոռում անդրդվելի լռություն են պահպանում այս հարցի առնչությամբ:



REGNUM