Ադրբեջանը չեղարկու՞մ է բանակցությունները

Ադրբեջանը չեղարկու՞մ է բանակցությունները
Մինչ քաղաքական մեկնաբանները եւ դիտորդները սրված ուշադրությամբ սպասում են Նալբանդյան-Մամեդյարով հերթական հանդիպմանը, ադրբեջանական մամուլում տեսակետ է շրջանառվել, որ պաշտոնական Բաքուն պետք է հրապարակայնացնի ԼՂ կարգավորման միջնորդական առաջարկությունները՝ սկսած 2009թվականից:



Նման տեսակետ է հնչեցրել քաղտեխնոլոգիական նորարարությունների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն: Նրա կարծիքով՝ «դա հուժկու հարված կլինի ԵԱՀԿ Մինսկի խումբ-Հայաստան համագործակցությանը»: Հայտնի է, որ Հայաստանը մշտապես հայտարարում է, որ ԼՂ հարցում իր եւ ՄԽ համանախագահության մոտեցումները համահունչ են: Ըստ երեւույթին, Ահմեդօղլուն հենց դա նկատի ունի: Ադրբեջանցի քաղտեխնոլոգի խոսքում ամենահետաքրքրականն այն է, որ նա հիշեցնում է Հեյդար Ալիեւի նախադեպը, երբ վերջինս 2001թ.-ին գնաց աննախադեպ քայլի՝ Միլլի մեջլիսում կազմակերպելով ԼՂ հարցով բաց լսումներ: Այդ ընթացքում նա գրեթե գաղտնազերծեց Քիուեսթի բանակցությունները: Դա կատարվել էր նպատակադրվածությամբ: Ըստ էության, այդ խորհրդարանական լսումներով փակվեց Քիուեսթի պայմմանավորվածությունների թեման:



Բանակցություններում ստեղծվեց վակուումային իրավիճակ: Ինչպես տեսնում ենք, այսօր առաջարկվում է, որ Ադրբեջանի միակողմանիորեն գաղտնազերծի 2009.թ-ից ի վեր ԼՂ կարգավորման միջնորդական բոլոր առաջարկությունները: Դիտարժան է, որ Ահմեդօղլուն հատկապես շեշտադրում է Կազանի փաստաթուղթը հրապարակայնացնելու անհրաժեշտությունը: Պետք է, թերեւս, ենթադրել, որ Բաքվում նման տրամադրությունների դրսեւորմանը նպաստել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը, որ Ռուսաստանը չունի ղարաբաղյան կարգավորման հատուկ ծրագիր: Բացառված չէ, որ փակուղում հայտնվելով՝ Ադրբեջանն իրոք կարող է գաղտնազերծել ԼՂ կարգավորման միջնորդական առաջարկությունները: «Դրանք մեզ կարող են անհարմարություններ պատճառել»,- ասել է Ահմեդօղլուն:



Բայց նման քայլը կարող է ունենալ ներքաղաքական նշանակություն. Իլհամ Ալիեւը գնում է նախագահական ընտրությունների եւ նրան, երեւի, խիստ անհրաժեշտ է սեփական հանրությանը ներկայանալ որպես ԼՂ հարցում Ադրբեջանին անհարմարություններ պատճառող առաջարկությունները մերժող «համազգային առաջնորդ»:



**Վահրամ Աթանեսյան**