Ժամանակ կա, դեռ կմտածեմ. Հայանիստում ընտրություններ են լինելու

Ժամանակ կա, դեռ կմտածեմ. Հայանիստում ընտրություններ են լինելու
2018թ. մարտի 11-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի և Շիրակի մարզերում ՏԻՄ ընտրություններ են կայանալու, այդ թվում՝ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ:



Արարատի մարզի Հայանիստ համայնքի ղեկավար Բալաբեկ Սարկիսյանը 2010թ-ին է ընտրվել գյուղապետ, եւ փորձել է բացահայտել նախկին գյուղապետի չարաշահումները:



Մարտի 11-ին Հայանիստում կրկին ընտրություններ են: **Բալաբեկ Սարկիսյան**ից հետաքրքրվեցինք կմասնակցի՞ ընտրություններին, թե ոչ. «Դե ժամանակ ունենք, կմտածեմ»,- ասաց գյուղապետը:



-**Դուք մեղադրում էիք նախկին գյուղապետին չարաշահումների մեջ, քրեական գործ հարուցվե՞ց**:



-Ոչինչ չարեցին, դուք ինձանից էլ լավ գիտեք, որ եթե հարցը փակվել է այդ կարգի, մեր խոսելն անիմաստ է: Չարաշահումներին սահման չկա, եթե մի մարդ օտարի ակումբի շենքը, եւ համայնքին պատկանող այլ շինություններ, ինչի՞ մասին է խոսքը: Աշխատում ենք, որ մի հատ տարածք ձեռք բերենք, որ գյուղի համար մի բան անենք: Ես հո չեմ ուզում, որ էդ մարդուն տանեն նստացնեն, թող այնպես անեին, որ համայնքի բյուջեից տարած գումարները վերադառնար համայնքին: Բայց բարձր մակարդակով այս գործը փակվեց:



-**Ասում են՝ ամեն տարի «Երկրապահ կամավորականների միությանը» օգնություն եք տալիս**:



-Ամեն տարի նրանք գրություն են ուղարկում, մենք էլ իքս գումարի չափով ամեն տարի օգնում ենք:



-**Վստա՞հ եք, որ ձեր տված գումարները նպատակին են ծառայում**:



-Տված գումարն այդքան էլ մեծ չի՝ 20 հազար դրամ, համոզված եմ, որ իր նպատակին կծառայի:



Նշենք, որ գյուղապետը 2 տարի շարունակ ամեն տարեվերջին «աշխատանքային պարտականությունները ժամանակին և բարեխիղճ կատարելու, արդյունավետ աշխատելու համար» մեկ ամսվա աշխատավարձի չափով պարգեւատրում է ինքն իրեն եւ համայնքապետարանի աշխատակիցներին:



**Նելլի Կարապետյան**