Սերժ Սարգսյանը ոչնչացնում է նախագահի ինստիտուտը

Սերժ Սարգսյանը ոչնչացնում է նախագահի ինստիտուտը

Սերժ Սարգսյանն երեկ նախագահական նստավայրում թեյի սեղանի շուրջ մի խումբ մտավորականների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է իր պատկերացումները Հայաստանի Չորրորդ Հանրապետության նախագահի ինստիտուտի վերաբերյալ։ Նրա համոզմամբ նոր նախագահը պետք է լինի մի անհատ, որը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել։

Մասնավորապես նախագահական հաղորդագրության մեջ նշված է․ «Խոսքը պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս: Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել»։

Նախագահական ինստիտուտի վերաբերյալ Սերժ Սարգսյանի պատկերացումներն իրավական տեսանկյունից որևէ խնդիր չեն առաջացնում, բայց բովանդակային տեսանկյունից մոտեցումն այս ձևախեղում է պետականության և հանրապետության իմաստն ու նշանակությունը։ Ես համաձայն չեմ տարածված այն մոտեցման հետ, թե պառլամենտական հանրապետություններում նախագահի պաշտոնը ֆորմալ նշանակություն ունի։ Նույնիսկ Եվրոպայի միապետները (Միացյալ թագավորություն, Դանիա, Բելգիա, Իսպանիա և այլն) ձևական նշանակություն չունեն և չափազանց կարևոր ու կոնկրետ գործառույթներ ունեն։ Չգիտես ինչու մեր միջավայրում տիրապետող է այն մտայնությունը, թե Անգլիայի թագուհին կամ էլ պառլամենտական որևէ հանրապետության նախագահը որպես կանոն ձևական կարգավիճակում են լինում՝ օժտված սիմվոլիկ նշանակությամբ։ Այս թեզը իսկապես մոլորություն է, որը կարող է վնասել քաղաքացիների կողմից պետական ինստիտուտների բովանդակային ու գործնական ըստ պատշաճի ընկալմանը։ Օրինակ Իտալիան խորհրդարանական հանրապետություն է, բայց նախագահն այնքան մեծ նշանակություն ունի, որ վարչապետ-նախագահ-խորհրդարան մրցակցության և դիմակայության արդյունքում երկիրը պարբերաբար հայտնվում է քաղաքական ճգնաժամերի մեջ։

Եվ այսպես հստակ արձանագրենք, որ նախագահի պաշտոնը քաղաքական է և այն պետք է զբաղեցնի քաղաքական ու պետական գործունեության բազմամյա փորձ ունեցող ինչ-որ հեղինակավոր անհատ։ Իհարկե զավեշտալի է վերստին կրկնել այս պարզ ճշմարտությունը, քանի որ ըստ էության առանց կրկնելու էլ a priori այն պետք է բոլորին հայտնի լիներ, բայց ինչպես տեսնում ենք, որ՝ ոչ։ Մեր միջավայրում նույնիսկ ԱԺ ամբիոնն ու քաղաքական շարժումներն են ապաքաղաքականացնում, իսկ ինչու պետք է խնայեն նախագահի քաղաքական ինստիտուտը։ Իսկապես իրավիճակն աբսուրդային է։

Տեսեք, ըստ նոր սահմանադրության հանրապետության նախագահը պետության գլուխն է և հետևում է Սահմանադրության պահպանմանը։ Նախագահը ստորագրում է ԱԺ-ի ընդունած օրենքները, ընդունում է կառավարության հրաժարականը, վարչապետի առաջարկությամբ փոփոխություններ է իրականացնում կառավարության կազմում, կառավարության առաջարկությամբ կնքում է միաջազգային պայմանագրեր և այսպես շարունակ։ Հիմա ի՞նչ Սերժ Սարգսյանի կարծիքով բոլոր այս սահմանադրական լիազորությունները գյուղատնտեսակա՞ն են, թե՞ մշակութային։

Իմ խորին համոզմամբ Սերժ Սարգսյանը Չորրորդ Հանրապետության նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել հլու-հնազանդ, կամակատար ինչ-որ մեկին, որը խելոք, առանց խնդիրներ առաջացնելու կնստի իր նստավայրում, չի խանգարի և հարկ եղած դեպքում «թատերական» ժպիտով կխաղա այն դերը, որը կորոշի Սարգսյանը։

Մեծ հաշվով Սերժ Սարգսյանը փորձում է ոչնչացնել, քարուքանդ անել նախագահի ինստիտուտը՝ լավ հասկանալով, որ նույնիսկ խորհրդանական կառավարման համակարգում նախագահը կարող է խնդիրներ առաջացնել և հարկ եղած դեպքում խոչընդոտներ ու արգելքներ առաջացնել կառավարության համար։ Հենց այս մարտահրավերն է փորձում կանխել Սարգսյանը՝ նախագահի պաշտոնում տեսնելով ապաքաղաքական, քաղաքականությունից գլուխ չհանող, պետական կառավարման համակարգում զուտ մարդաքանակ ապահովող ինչ-որ մեկին, որի անունը դեռ հայտնի չէ։