«Հրապարակ». Դասագրքերի խնդրից մինչեւ հայագիտության դեմ արշավներ

«Հրապարակ». Դասագրքերի խնդրից մինչեւ հայագիտության դեմ արշավներ

Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպվել էր «Հայոց լեզու եւ հայ գրականություն․ զարգացման միտումները, հանրամատչելիացման հնարավորությունները եւ դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» համահայկական գիտաժողով, որին 16 տարբեր զեկույցներով հանդես եկան ոլորտի մասնագետները` ինստիտուտի տնօրեններ, պրոֆեսորներ, մանկավարժներ:  

ԳԱԱ գիտության հանրամատչելիացման եւ զարգացման ծրագրերի վարչության պետ, պրոֆեսոր Կամո Աթայանը, խոսելով գիտության հանրամատչելիության մասին, նշեց, որ այդ խնդիրը միշտ է հուզել ոլորտի մասնագետներին, իսկ վերջին տարիներին անջրպետ է առաջացել լեզվի եւ հասարակության միջեւ, ինչը պայմանավորված է նաեւ նոր տեխնոլոգիաների լայն կիրառմամբ: Ըստ նրա՝ կյանքն ու հասարակական զարգացումները նոր խնդիրներ են դնում հայոց լեզվի առաջ: 

Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանի դիտարկմամբ, ազգային մշակույթի կենտրոնում հայոց լեզուն եւ հայ գրականությունն են, որոնք ազգային ինքնությունը պայմանավորող գլխավոր գործոններն են: Նա հորդորեց Հրաչյա Աճառյանի անվան լեզվի եւ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտներին՝ չընկրկել հայագիտության դեմ արշավներին, երբ, օրինակ, որոշ հայ գրողների գործեր դպրոցական դասագրքերից դուրս են թողնում:  

«Փոքր ազգերի ձուլման գործընթացն ընթանում է լեզվի ձուլման պրոցեսին զուգահեռ, այսպես եղել է դարեր շարունակ, այդպես է նաեւ այսօր»,- մտահոգություն հայտնեց Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը: Նա անընդունելի համարեց, որ ամենակարեւոր հեռուստաալիքներից մեկի` Հ1-ի եթերով հաղորդավարը խոսում է «ա»-երով ու խոսակցական լեզվով, մինչդեռ հեռուստատեսային խոսքը շատ արժեւորվում է մեր ժողովրդի մեջ ու ընկալվում է հանրության կողմից որպես ճշմարիտ խոսք: Իսկ իրականում նման դեպքերն ու օրինակները մեծ վնաս են հասցնում հայոց լեզվին: 

Նա հիշեց, որ եթե խորհրդային տարիներին «առաջադիմության» էին ձգտում ռուսերենով, հիմա դա անում են անգլերենով, սակայն ոչինչ չպետք է արվի մայրենի լեզվի հաշվին: Կատվալյանը նկատեց` թեեւ Սահմանադրությամբ ՀՀ պետական լեզուն հայերենն է, բայց Սահմանադրության պահանջը չի պահպանվում, քանի որ իրականում հայերենն աղճատված է թե՛ հեռուստատեսային տարբեր հաղորդումների, թե՛ քաղաքային տարբեր ցուցանակների, գրությունների վրա:

Վ. Կատվալյանը նկատում է, որ չնայած «Լեզվի մասին» ՀՀ օրենքն էլ սահմանում եւ խրախուսում է հայերենով հրատարակությունները, ինչպես նաեւ՝ դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, գիտական, գիտատեղեկատվական գրականության ստեղծումը, սակայն վերջերս լայնորեն շրջանառվում է այն մտայնությունը, որ գիտության լեզուն անգլերենն է: Ըստ նրա՝ անկախ նրանից, որ գիտության միջազգային լեզուն անգլերենն է, անհրաժեշտ է պահպանել նաեւ հայերենի դիրքերն ու շահերը։ «ՀՀ-ում, համաձայն օրենքի, գիտությունը պետք է ստեղծվի ու զարգանա հայերեն, իսկ ձեռք բերված արդյունքները, ըստ անհրաժեշտության, միջազգային հարթակներում ներկայացվեն անգլերեն, սա պարզ լուծում է հարցին, որը, չգիտես ինչու, անտեսում են»,- նշեց Կատվալյանը, որն իր ելույթից հետո եւս մեկ անգամ անդրադարձավ ներկաներից մեկի հարցադրմանը՝ «արդյոք այսօր հայերենը գիտությա՞ն լեզու է»։

«Հայերենն այնքան ճկուն լեզու է, որ երբեք չի ընդհատվել հայերենի՝ գիտության լեզու լինելու գործընթացը: Սա կայսրապետական հորինված մոտեցում է, բոլոր լեզուներն էլ գիտության լեզու են, այդ ի՞նչ պատահեց, որ այսօր հանկարծ հայերենը չի կարող լինել գիտության լեզու, ի՞նչ է եղել...»:

Ներկաներից մեկը Կատվալյանից հետաքրքրվեց, թե ինչ է մտածում այսօրվա կրթության եւ գիտության պատասխանատուների որդեգրած քաղաքականության մասին, եւ արդյոք այդ քաղաքականությունն ընդունելի՞ է, ինչին ինստիտուտի տնօրենը կարճ արձագանքեց. «Ամեն ինչ անցողիկ է...» (նկատի ունենալով ոլորտի պատասխանատու պաշտոնյաներին): 

Մեկ ուրիշն էլ հետաքրքրվեց, թե Լեզվի ինստիտուտը Լեզվի կոմիտեի հետ համագործակցո՞ւմ է, բայց Կատվալյանը հարցին հարցով պատասխանեց, մասնավորապես նշելով, թե երբեւէ տեսե՞լ են, որ Լեզվի կոմիտեն գոնե մի անգամ մի պաշտոնյայի ոչ հայեցի խոսքի հետ կապված ձայն բարձրացնի, ապա կարճ նկատեց. «Անունը կա, ամանում չկա...»: 
Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Արմինե Աղաջանյանի զեկույցն էլ անդրադառնում էր արդիականացվող կրթական համակարգում գիտամեթոդական եւ գիտահանրամատչելի գրականության դերին: Այստեղ մանկավարժի ելույթին արձագանքեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, նշելով, որ կուզեր ավելի գործնական առաջարկներ հնչեին, թե մասնավորապես ինչն է պակասում այսօրվա դասագրքերին, ինչ թերություններ կան դրանցում։ «Ձեռնարկներն էլեկտրոնային եղանակով են հասանելի դարձվում, սակայն քիչ չեն դեպքերը, երբ ուսուցիչները ցանկանում են դրանք ունենալ ձեռքի տակ, եւ ցանկալի կլինի, որ գոնե ուսուցչի համար մեկ օրինակ տպագիր ձեւով հասանելի լինի...»,- նկատեց դպրոցի ուսուցչուհին: 

Ա. Նիկողոսյանի դիտարկմամբ, պետք է ազնիվ լինենք այս հարցում, եթե որպես չափորոշչային պահանջ դրվում է նաեւ դասագրքերում ժամանակակից հեղինակներին ներկայացնելու խնդիր, ապա չպետք է աղմուկ բարձրացնենք, երբ այս կամ այն գրողը դուրս է մնում դասագրքից: Այստեղ, սակայն, գիտաժողովը վարողն առաջարկեց` շատ չխորանալ դասագրքերի թեմայի մեջ, քանի որ դա այնքան ծավալուն հարց է, որ մի առանձին գիտաժողովի նյութ կարող է դառնալ: 
Ժամանակակից հայ գրականության լեզվի խնդրին իր զեկույցում անդրադարձավ բ.գ.թ. Աբգար Ափինյանը՝ նախ նկատելով, որ մեր գիտնականների գրքերը տպագրվում են փոքր տպաքանակով, կյանք չեն մտնում եւ չեն դառնում հասարակական գիտակցության կողմնորոշիչը: Ինչ վերաբերում է Ժամանակակից հայ գրականության լեզվին, նա նշեց, որ չկա պետական վերահսկողություն այս հարցում, իսկ մասնավոր հրատարակչություններին հետաքրքրում է միայն իրենց շահույթը: Իսկ, ընդհանուր առմամբ, մեր լեզուն աղավաղվում է ամենուր եւ ամեն օր` գրքերում, հեռուստատեսությամբ, Ազգային ժողովում, կառավարության նիստերում, ու անգամ այս իրավիճակում Լեզվի կոմիտեն լռում է:

Ի պատասխան հրատարակչությունների հասցեին արված ռեպլիկին, Արքմենիկ Նիկողոսյանն արդեն իր ելույթում արձագանքեց Ա. Ափինյանին՝ նշելով, որ կարելի է շատ լուրջ մենագրություն գրել եւ հրատարակել Առաքել Բաղիշեցու մասին, բայց այն շատ քիչ հետաքրքրություն կառաջացնի ընթերցողների շրջանում: Ինչ վերաբերում է նրան, որ գիտնականների գրքերը տպագրվում են շատ քիչ տպաքանակով, ապա, ըստ նրա, դա էլ դեռ շատ է, քանի որ, մեծ հաշվով, հանրային ընթերցողական պահանջարկ չկա, եւ լավագույն դեպքում 40-50 օրինակ է վաճառվում: Նա կարեւորեց գրքերի տպագրությունից հետո այդ գրքերի մասին խոսակցություն բացելն ու ծավալելը հենց նույն գրականագետների կողմից, ինչը հաճախ չի արվում: