Թանկություն եւ շոուներ

Թանկություն եւ շոուներ
2018-ի առաջին ամիսը կիսվեց, գրեթե մոռացվեցին ամանորյա աժիոտաժն ու հոգսերը, թեեւ ոմանք դեռ երկար կփակեն տոնական սեղանների համար արած պարտքերն ու երկար կզգան տոնի տխուր «հետեւանքները»։ Եռակի հոբելյանական տարին դժվարությամբ, դանդաղ, բայց մտնում է իր իրավասությունների մեջ՝ ոմանց խոստանալով բուռն անցուդարձ ու մաս փախցնելու հեռանկար, մյուսներին՝ նոր դժվարություններ։ Եթե տարվա առաջին հատվածը հագեցած կլինի քաղաքական իրադարձություններով՝ նոր նախագահի, վարչապետի ընտրություն, կառավարման առանց այն էլ խախուտ համակարգի ցնցումներ, ապա փետրվար-մայիսից կսկսվի շոուների ժամանակահատվածը՝ Առաջին հանրապետության 100-ամյակ, ղարաբաղյան շարժման 30-ամյակ, աշնանը՝ Երեւանի 2800-ամյակ, տարեվերջին՝ Ֆրանկոֆոնիայի համաժողով։



Մի խոսքով՝ ծանր տարի է սպասվում, մանավանդ՝ եթե կադրային նշանակումներին, տոներին ու քաղաքական իրադարձություններին գումարենք նաեւ թանկացումների այն ալիքը, որն սկիզբ առավ դեկտեմբերին եւ ավելի թափ հավաքեց հունվարին։ Աղքատ եւ օրեցօր աղքատացող ժողովրդին տոներով ու «ամյակներով» զարմացնող իշխանությունը, իհարկե, կարծում է, որ եթե չի կարողանում հաց «հասցնել», պետք է շոուներով կերակրի սոված զանգվածներին։ Իսկ թանկացումների դեմն առնելու, մարդկանց իրական եկամուտներն ինդեքսավորելու փոխարեն բավական են թանկացումների թեմայով լսումները եւ նախագահականում անցկացվող խորհրդակցությունները։



Երբ պետական այրերը լուրջ դեմքով նստած քննարկում են, թե ինչ վատ բան է թանկությունը, եւ երկրի նախագահի բերանից հնչում են թանկացումները դատապարտող արտահայտություններ, հավանաբար, ոմանք կշտանում են այդ տեսարաններից, բավարարվում լսածով եւ հանգիստ սրտով անկողին մտնում՝ մեր իշխանությունը մեր մասին հոգ է տանում։



**Արմինե ՕՀԱՆՅԱՆ**