Հարավային Կովկասն Ամերիկայի հեռահար շահերի թիրախում

Հարավային Կովկասն Ամերիկայի հեռահար շահերի թիրախում
Թուրքական Milli Gazete պարբերականը, վերլուծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրանյան քաղաքականությունը, կանխատեսում է, որ այն հետզհետե ավելի կխստանա, քանի որ Վաշինգտոնը Իրանը ընկալում է իր «Մեր Մերձավոր Արեւելք» պլանի իրականացման համար երկու հիմնական խոչընդոտներից մեկը: Այս մասին գրում է վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, մանրամասնելով, որ առաջին խոչընդոտը Թուրքիան է, որն արդեն պարտված է կազմված եւ գործարկման դրված քրդական նախագծով:



Ինքը` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ Արեւմուտքը ցանկանում է կյանքի կոչել հարյուր տարի առաջ կազմված քարտեզների բաժանումները, նկատի ունենալով Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից 1916-ին ստորագրված Սայքս-Պիկոյի համաձայնագիրը, որով նախկին Օսմանյան կայսրության տարածքների զգալի մասը հանձնում էր դաշնակիցների տնօրինությանը Առաջին աշխարհամարտի ավարտից հետո: Եվ այն,որ Թուրքիան կազմաքանդվելու է, հիմա ավելի բաց տեքստով խոսում են Foreign Policy in Focus-ի կամ FPIF-ի փորձագետները, Federation of American Scientist (FAS)-ի վերլուծաբանները եւ Bipartisan Policy Center-ի մասնագետները: Եվ պատահական չէ, նկատում է ռուս վերլուծաբանը, այն, որ Անկարան հիմա խիստ անհանգստացած է ԱՄՆ կողմից սիրիացի քրդերին ցուցաբերած աջակցությամբ:



Այս առնչությամբ Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դոցենտ, փորձագետ Ֆրեդերիկ Անսելը Le Figaro պարբերականին տված հարցազրույցում նկատում է, որ 2018 թվականին որոշ աշխարհաքաղաքական փոփոխություններ տեղի ունենալու են Մեծ Մերձավոր Արեւելք նախագծի հետ կապված եւ այսպես կոչված «Արաբական գարունը» դեռ կշարունակվի եւ կընդարձակվի աշխարհագրորեն: Հիմա արդեն պետք է որպես կայացած իրողություն համարել արաբական աշխարհի կրախը եւ բալկանիզացիան:



Իսկ այն, որ իրանական պրոբլեմատիկան կրկին դառնում է արդիական, աշխարհաքաղաքական հորձանքների դեգրադացիոն ուժը մոտենում է Հարավային Կովկասին, որգ ամերիկյան ստրատեգների կողմից ներառվել է Մեծ Մերձավոր Արեւելք նախագծի մեջ, ենթադրում է իրադարձությունների զարգացման նոր դինամիկա այդ ռեգիոնում, որը նախկինում պարզապես ընկալվում էր որպես միջանկյալ օղակ: Ուշագրավ է այստեղ մի շատ կարեւոր հանգամանք: Բանն այն է, որ ամերիկյան աշխարհաքաղաքականության ստրատեգները նոր նոր են միայն Հարավային Կովկասը ներառել «Մեծ Մերձավոր Արեւելք» պրոյեկտի մեջ: Մինչ այս, այն համարվում էր հետխորհրդային տարածք, որտեղից հարեւան Մերձավոր Արեւելք կարելի էր տեղափոխել բարձր լարման ռազմաքաղաքական ալիքներ: Այս տարածքը տարբեր ժամանակներում եղել է կամ Օսմանյան, կամ Պարսկական կայսրությունների տիրապետության տակ: Այն, ինչ բաժին հասավ հետագայում Ռուսական կայսրությանը, խճճվեց պատմական, սոցիալ-տնտեսական, Էթնիկ-տարածքային, կրոնա-դավանական, աշխարհաքաղաքական եւ այլ խնդիրներում:



Առաջին անգամ այն իրեն ճանաչել տվեց 1918-ին, երբ անկախացան Հարավ-Կովկասյան պետություններ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը: Այն ժամանակ այս երեք պետությունները պայքարում էին իրար դեմ տարածքային վեճերի պատճառով, որը երբեմն վերաճում էր միջէթնիկ բախումների: Այս ամենը «սառեցվեց» բայց չվերացվեց 1920-ականներին այդտեղ հաստատված խորհրդային կարգերով: Ռեգիոնը կրկին իրեն հիշեցրեց 1991-ին, երբ կրկին անկախացած պետությունները նետվեցին անջատողական միտումների հորձանուտը եւ մյուս կողմից էլ Բաքուն, ինչպես 1918-ին որդեգրեց թուրքամետ քաղաքական գիծ հիմք ունենալով` «մեկ ժողովուրդ երկու պետություն սկզբունքը»:



Եթե պայմանականորեն 1991-ին տեղի ունեցած դեպքերը անվանենք «Կովկասյան գարուն», ապա ստացվում է, որ ժամանակակից Վրաստանն ու Ադրբեջանը կորցրեցին Վրացական ԽՍՀ-ի եւ Ադրբեջանական ԽՍՀ-ի մաս կազմող տարածքների մի մասի հանդեպ վերահսկողությունը, այն դեպքում, երբ Հայաստանը պահպանեց իր տարածքները եւ ավելին, ընդարձակեց իր տարածքային վերահսկողությունը: Ներկայումս պաշտոնական Երեւանը մասնակցում է բոլոր ինտեգրացիոն գործընթացներին, որոնք ձեւավորվել են հետխորհրդային տարածքում, այն դեպքում, երբ Թբիլիսին նույնիսկ ԱՊՀ-ից է դուրս եկել եւ փորձում է միանալ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին:



Ադրբեջանի դեպքում իրադրությունը ավելի բարդ է: Այստեղ թուրքամետ քաղաքական գիծը սկսում է ձախողում ապրել, քանի որ Անկարան այլեւս չի վայելում ԱՄՆ, ԵՄ եւ ՆԱՏՕ աջակցություն եւ հնարավոր է, որ Բաքվի եւ Անկարայի համար խնդիրներն ի հայտ գան համաժամանակյա կերպով: Ու այստեղ շատ հավանական է, որ Թեհրանի համար պոտենցիալ էքզիստենցիալ եւ աշխարհաքաղաքական խնդիրները ի հայտ գան այն ժամանակ, երբ Վաշինգտոնը փորձի աշխարհաքաղաքական ալիքները տեղաշարժել դեպի Հարավային Կովկաս եւ Հյուսիսային Իրանի սահմաններ` Մերձավոր Արեւելքից: Ամերիկացի ռազմական փորձագետ Սթիվեն Բլանկը կարծում է, որ իրադարձությունների ընթացքը կարող են փոփոխության ենթարկվել որեւէ կտրուկ գործողությամբ կամ շրջադարձային իրադարձությամբ: Նկատենք, որ Սպիտակ տան ներկայիս տանտերը չի թաքցնում, որ մտադիր չէ աջակցել Թուրքիայի արտաքին քաղաքականության երկու սկզբունքների կյանքի կոչմանը` պանթյուրքիզմին եւ նեոօսմանիզմին, որոնք համահունչ չեն կոլեկտիվ Արեւմուտքի շահերին:



Այս փաղանգում արդեն Անկարան եւ Բաքուն սկսում են պարտություններ կրել: Թրամփի քաղաքականությունը նրանց համար անակնկալ էր բոլոր իմաստոներով: Մերձավոր ապագայում իհարկե Հարավային Կովկասը չի ցնցվի, սակայն ավելի հեռահար ապագայի համար այն կարող է դառնալ պլացդարմ կամ տրամպլին Մեծ Մերձավոր Արեւելքի սցենարային զարգացումների համար, ամփոփում է Ստանիսլավ Տարասովը:



Ստանիսլավ Տարասով, Iarex.ru