Հասարակություն՝ առանց ինքնապաշտպանության բնազդի

Հասարակություն՝ առանց ինքնապաշտպանության բնազդի

Շատերը հարցնում կամ վրդովվում են, թե ինչու է հասարակությունը նման թմբիրի մեջ, ինչու են մարդիկ տրված ամենօրյա հաճույքներին, երբ երկիրն ունի անվտանգային լուրջ խնդիրներ, երբ նոր հարձակման եւ նոր պատերազմի վտանգը մեր գլխին կախված դամոկլյան սուր է եւ կարող է ամեն վայրկյան պոկվել ու իջնել մեր պարանոցին: Պատճառն այն է, որ կորցրել ենք մեր ինքնապաշտպանության բնազդը, որը յուրահատուկ է բոլոր կենդանի օրգանիզմներին, ոչ այնքան կորցրել ենք, որքան հետեւողականորեն բթացվել է:

2013 թվականին հայտնի գրող, հրապարակախոս, արցախյան շարժման ակունքներում կանգնած Զորի Բալայանը մի ծավալուն բաց նամակ էր գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` նրան հիշեցնելով Գյուլիստանի պայմանագրի մասին, որով Արցախն Իրանից անցավ Ռուսական կայսրության վերահսկողության տակ: Նամակում Բալայանը գրում էր, որ այդ պայմանագիրն անժամկետ է, կնքվել է բոլոր ժամանակների համար, եւ ՌԴ նախագահին կոչ էր անում տեր կանգնել այդ պայմանագրին, կարճ ասած՝ Արցախը կրկին միավորել Ռուսաստանին: Հիշում ենք, թե այն ժամանակ ինչ ահռելի աղմուկ բարձրացավ Հայաստանում եւ Արցախում: Բալայանին մեղադրում էին «պոդխալիմաժի» մեջ, մեղադրում էին ազգային ինքնասիրությունից զուրկ լինելու, հիշողությունը կորցնելու եւ մեր բոլորի փոխարեն որոշումներ կայացնելու համար իրավասություն չունենալու մեջ: Կար հասարակական կոնսենսուս, որ Արցախը հայկական է, մենք՝ ինքներս, ընդունակ ենք այն պաշտպանել, եւ Ռուսաստանի նախագահն ո՞վ է, որ մի հատ էլ դիմում եք նրան:
2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով Արցախում հայ-ադրբեջանական շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին, ասում էր. «Եթե բանակցություններ չեն վարվում, ինչպե՞ս կարող են ռուսաստանյան ուժերը հայտնվել Ղարաբաղում կամ ադրբեջանական եւ ղարաբաղյան ուժերի միջեւ»:

Սարգսյանի պատասխանը դիվանագիտական էր, նպատակ չուներ նեղացնել ռուսներին, բայց այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կատեգորիկ հայտարարում էր, որ հայկական զինված ուժերն իրենք ընդունակ են ապահովել խաղաղություն եւ անվտանգություն, եւ խաղաղապահների անհրաժեշտություն չկա: 

Հիմա տարվող քարոզչությունը տրամագծորեն հակառակն է: Հայաստանի իշխանություններն արդեն երկու տարի խոսում են միայն այն մասին, որ ՀԱՊԿ-ն կամ Ռուսաստանը պատշաճ չեն արձագանքում Հայաստանի օգնության պահանջներին, որ չեն կատարում իրենց դաշնակցային պարտավորությունները, Ադրբեջանը զինված ագրեսիայի է դիմում Հայաստանի նկատմամբ, իսկ նրանք անտարբեր դիտորդի դերում են: Ավելին՝ սպառնում են, որ եթե ՀԱՊԿ-ն չապահովի Հայաստանի անվտանգությունը, ապա Հայաստանը կարող է այլ անվտանգության երաշխավորներ գտնել:

Նույն դիսկուրսը նաեւ մերձիշխանական դաշտում է: ԱԺԲ-ն ու մյուս պրոարեւմտյան ուժերն ԱՄՆ-ի ու Եվրամիության դրոշներով հանրահավաքներ են անում եւ պահանջում են հրաժարվել անվտանգության գործող համակարգից, դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ դաշնակցել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ՝ որպես ավելի հուսալի դաշնակիցների, ովքեր ի զորու են կանգնեցնել Ադրբեջանին: 
Այս տարվա սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած ադրբեջանական հարձակումից հետո Հայաստանում ակտիվ պայքար էր գնում որոշելու համար, թե ի վերջո ով կանգնեցրեց ադրբեջանական հարձակումը՝ Էնթոնի Բլինքե՞նը, թե՞ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի, թե ԱՄՆ-ի հորդորով ադրբեջանական բանակը դադարեցրեց իր առաջխաղացումը Հայաստանի տարածքում: 

Ոչ մեկի մտքով անգամ չանցավ մտածել, որ այդ հարձակումը կարող էր կանգնեցրած լինել հայկական բանակը՝ իր հերոսական դիմադրության շնորհիվ: Ոչ մեկն այլեւս չի հավատում, որ Հայաստանն ինքնուրույն կարող է դիմադրել ու պատերազմում հաղթել Ադրբեջանին: Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերյան դեպքերի ժամանակ պատերազմ չհայտարարեց միայն այն պատճառով, որ ստիպված պետք է լիներ խոստովանել, որ իր ղեկավարած Հայաստանը պարտվել է եւս մեկ պատերազմում, եւ, ընդհանրապես, քանի դեռ ինքն իշխանության է, Հայաստանը հաղթելու ոչ մի հնարավորություն չունի: Հայաստանի հանրային գիտակցության մեջ մտել է այն տրամաբանությունը, որ եթե Ռուսաստանը, Իրանը, ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան չկանգնեցնեն Ադրբեջանին, ադրբեջանական բանակը կարող է գալ եւ հասնել Երեւան: Դե, եթե մեզնից ոչ մի բան կախված չէ, էլ ինչո՞ւ, ուրեմն, մտածել սահմանի, պատերազմի, դիմադրության, էլ չենք խոսում հաղթանակի մասին: Ավելի լավ է զբաղվել անձնական եւ առօրեական խնդիրներով, իսկ ինչ լինելու է, միեւնույն է՝ կլինի:

Նման տրամաբանությունը հանրային գիտակցության մեջ արմատավորվել է միտումնավոր: Երբ Փաշինյանը ՀԺ-ում վերջերս տպագրված իր հոդվածում պնդում էր, որ Ռուսաստանի նպատակն այն է, որ Հայաստանին այնքան թուլացնի, որ Հայաստանը պարտադրված լինի միանալ Ռուսաստան-Բելառուս դաշինքին, գուցե այնքան էլ չէր սխալվում: Միայն թե Փաշինյանն ինքն է որպես Հայաստանի փաստացի իշխանության ղեկավար իրականացնում Հայաստանը թուլացնելու ծրագիրը: Թող համեմատի, թե ինչպիսին էր Հայաստանը՝ մինչեւ իր իշխանության գալը եւ ինչպիսի վիճակում է այսօր իր պաշտոնավարման չորսուկես տարիների արդյունքում:

Պատճառը միայն պարտությունը չէ, այլ ավելի շատ պարտությանը նախորդած եւ հաջորդած դեպքերը, իշխանության գործողությունները: Հասարակության եւ իշխանության միջեւ բեւեռացումը խորացել է ու հասել այն աստիճանի, որ Փաշինյանն իր անձնական վախերը հաղթահարելու համար երկրի բյուջեի մեծ մասը ծախսում է ռեպրեսիվ ապարատին` ոստիկանություն, ՀՔԾ, դատախազություն, ԱԱԾ, իր կողքը պահելու համար, որ ճնշեն, հալածեն ու ոչնչացնեն իրեն ատող, իրեն անգամ հրապարակայնորեն դավաճան ու կապիտուլյանտ համարող հասարակությանը: Իշխանության եւ հասարակության օտարացումը հասել է այն աստիճանի, որ հասարակության ճնշող մեծամասնությունը մի օր պատրաստ է լինելու ընդունել ցանկացած, անգամ օտարերկրյա իշխանություն, միայն թե ազատվի սրանցից: Երեկ, երբ խոսում էինք Հայաստանի փրկության ուղիների մասին, մեր փողոցի տարեցներից մեկը, խոսելով հաջորդ իշխանության առաջնահերթ անելիքների մասին, բառացիորեն հետեւյալն ասաց. «Ով էլ գա, մի բան պետք է անի. Հայաստանի բանալիները տանի դնի Բայդենի կամ Պուտինի սեղանին, ասի՝ ախպեր, էս քեզ, ինչ ուզում ես, արա»: Ահա թե ուր է հասցրել Փաշինյանի իշխանությունը Հայաստանը:

Եթե նախկինում մարդիկ Հայաստանի եւ իրենց կյանքի փոփոխությունը տեսնում էին գործող իշխանության փոփոխության մեջ. Լեւոնը. Ռոբերտը, Սերժը գնան՝ լավ կլինի, հիմա արդեն շատ քչերը հույս ունեն, որ իշխանության փոխվելով ինչ-որ բան կարող է փոխվել, շատերը կա՛մ չեն հավատում փրկության հնարավորությանը, կա՛մ այդ փրկությունը տեսնում են օտարների մեջ:

Ավետիս Բաբաջանյան