Ադրբեջանական ալոգիզմ

Ադրբեջանական ալոգիզմ
Բաքվի բոլոր լրատվամիջոցները տեղեկությւոն են տարածել, որ «օկուպացված Շիխլար եւ Օրթա  Գարվանդ գյուղերի դիմաց գտնվող Միրիշյալի գյուղը ենթարկվել է հայկական զինված ուժերի գնդակոծությանը, կրակել են փոքր տրամաչափի հրազենից»:



Սույն հաղորդագրությունն, իհարկե, ունի զուտ քարոզչական նպատակ: Ըստ երեւույթին, Ադրբեջանում նախապատրաստվում են ինչ-որ գործողությունների: Հետաքրքրականն այն է, սակայն, որ կառավարության այս տարվա ելույթում Իլհամ Ալիեւն անդրադարձել է նաեւ 2016թ. ապրիլյան էսկալացիային եւ հայտարարել, որ ադրբեջանական զինված ուերին «հաջողվել է զբաղեցնել այնպիսի դիրքեր, որոնք ապահովում են մերձճակատային շրջանների բնակչության անվտանգությունը»:



Աղդամի շրջանի Միրիշալի գյուղի «գնդակոծության» մասին տեղեկատվությունը լիովին հակասում է Իլհամ Ալիեւի հավաստիացման. եթե նախանցյալ տարի ադրբեջանական բանակը «մեծ հաջողություններ է ունեցել, գրավել դիրքեր, որոնք ապահովում են մերձճակատային շրջանների բնակչության անվտանգությունը», ապա ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո, որ այսօր հայկական կողմը կարողանում է փոքր տրամաչափի հրաձգային զենքից «գնդակոծել Աղդամի շրջանի Միրիշալի գյուղը»:



Ահա, թերեւս, հիմնական հարցադրումը, որ ադրբեջանական հանրությունը պետք է անի Իլհամ Ալիեւին: Դա, ինչ խոսք, տեղի չի ունենա: Բաքվում կշարունական «խաղաղ բնակավայրերի գնդակոծության» թեման: Ամենայն հավանականությամբ, դա կարվի, որպեսզի հող նախապատրաստվի շփման գծում լարվածության մեծացման համար: Երբ ադրբեջանական լրտվամիջոցներն սկսում են միաձայն խոսել հայկական կողմից «սադրանքների» մասին, պետք է հասկանալ ճիշտ հակառակը՝ Բաքուն է նախապատրաստվում նախահարձակ գործողությունների: Գարունը կարող է թեժ լինել:



**Վահրամ Աթանեսյան**