Դրանով վարկաբեկում եք լիբերալիզմի գաղափարները

Դրանով վարկաբեկում եք լիբերալիզմի գաղափարները
Արտաքին քաղաքական կողմնորոշումների մեջ, ու ընդհանրապես քաղաքակրթական կողմնորոշումների մեջ, միմյանց հակադրվող մեր հասարակական-քաղաքական գործիչների, մտավորականների և ակտիվիստների միջավայրում գավառականությունը ուղղակի արդեն ռեկորդներ է գրանցում: Ինչպես որ գավառական ռուսամոլի համար Պուտինի և նրա պրոպագանդիստների զառանցանքները բացարձակ ճշմարտություններ են, այնպես էլ արևմտամոլ գավառականի համար ուլտրա-լիբերալ ցանկացած ապուշություն` սրբազան մանտրա է: Ռուսամոլների հետ գործ չունեմ (այդ հիվանդությունը չի բուժվում), բայց իրենց արևմտամետ ու լիբերալ համարողներին ուղղակի խորհուրդ կտամ չսահմանափակվել միայն արևմտաեվրոպական ու ամերիկյան ԶԼՄ-ներում ավելի դոմինանտ դիրքերից հանդես եկող ուլտրալիբերալ ու կոսմոպոլիտ ուղղվածության հոդվածները կարդալով:  



Այդ հոդվածների հասցեատերերը իրենց միջին և ստորին խավերն են, այսինքն իրենց տգետ մասսան: Եվ քանի որ ձեզանից շատերը Հայաստանում ներկայանում են որպես այդ ոլորտում մասնագետ-փորձագետներ, ու հայ ժողովրդի մտավորականություն և էլիտա, ուղղակի կոչ եմ անում ձեզ արևմտյան ԶԼՄ-ների կողմից շրջանառվող շատ իդեաներ, որոնք ընդամենը էժան լոլոներ են էժան մարդկանց համար, որպես առաջադիմական գաղափարներ չպարտադրեք մեր հասարակությանը. դրանով դուք վարկաբեկում եք նախ և առաջ արևմտյան իսկական լիբերալիզմի իդեալները:



Նրանց թերթերում տպվող հոդվածները կարդալու փոխարեն գոնե մի քիչ ուսումնասիրեք նրանց լուրջ սոցիոլոգների և պոլիտոլոգների տեսությունները: Կամ էլ եթե ձեր մակարդակը թերթեր կարդալուց ու քաղաքական թեմաներով հեռուստաշոուներ նայելուց այն կողմ չի անցնում, ուրեմն գոնե Լեհաստանի, Հունգարիայի, բալթյան երկրների ու արևելավրոպական մյուս երկրների թերթերը կարդացեք կամ հեռուստատեսությանը հետևեք, քանի որ նախ Հայաստանը նույնպես արևելաեվրոպական երկիր է, ու մենք պիտի անցնենք այն ճանապարհը, որով նրանք են անցել, և երկրորդ նրանց փորձը ցույց է տալիս, որ իրենց հասարակությունները կայանում են բացառապես ազգային պետականության մոդելով` հենվելով նացիոնալիզմի և լիբերալիզմի վրա, այլ ոչ թէ արևմտաեվրոպական կայսերական ազգերին բնորոշ նեոիմպերիալիստական կոսմոպոլիտիզմի ու ձախ լիբերալիզմի վրա: Մեր միակ գաղափարախոսությունը նացիոնալ-լիբերալիզմը պիտի լինի, այլապես կկործանվենք:



**Թորոս Ալեքսյանյան**