Ինչու՞ է Վիգեն Սարգսյանը ողորմություն խնդրում ժողովրդից

Ինչու՞ է Վիգեն Սարգսյանը ողորմություն խնդրում ժողովրդից

Սա պետություն է, թե՞ բարեգործական հիմնարկ: Որքա՞ն կարելի է սեփական անգործությունը քողարկել բարեգործության շղարշով: Այսինքն՝ պետությունը, քաղաքացիների մուծած հարկերը քամուն է տալիս, այլևս չի կարողանում ըստ սահմանված կարգի աջակցել պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներին և ինչպես միշտ այդ հարցը թողնում է բարի ու հոգատար քաղաքացիների վզին: Բայց չէ՞ որ քաղաքացիները հարկեր են մուծում, որ իրենց զինվորները որևէ խնդիր չունենան, լավ սնվեն, պատշաճ բժկական ծառայություն ստանան: Ու՞ր են այդ հարկերը:

Մարդիկ իրենց աշխատավարձերից հավելյալ 1000 դրամ են վճարում, կարելի է ասել զինվորներին ծառայության ժամանակ ծնողներն են պահում, հերիք չի՞, էլ ի՞նչ են ուզում, ինչի՞ են ամեն անգամ ժողովրդից փող ուզում: Մարդիկ զինվորի համար ոչինչ չեն խնայում, նույնիսկ գրպանի վերջին հարյուր դրամն էլ կհանեն կտան փողոցում պատահած առաջին իսկ զինվորականին, հարցը դա չէ, բայց ու՞ր է պետությունը: Պետությունը «հաշվել է քաղաքացիների ատամները»: Իշխանությունն ընդվզող ժողովրդից պաշտպանվելու համար 25 հազարանոց ոստիկանություն է պահում: Պետական ապարատն այն աստիճան է ուռճացված, որ ամեն կոստյումավոր անհաջողակ ծառայողական մեքենա ու քարտուղարուհի ունի, դրանց թիվը հասնում է մի քանի հարյուրի: Կառավարում են անարդյունավետ, անընդհատ թալանում են, բայց երբ հարցը հասնում է վիրավոր զինվորներին, ինքնավստահ ու լղոզված դեմքի արտահայտությամբ խաղում են ժողվրդի հայրենասիրական նուրբ զգացմունքների հետ՝ վերստին դիմելով օգնության խնդրանքով: Ախր ինչքան՞ կարելի է: Պատերազմի սպառնալիքը, ապրելու, աշխարհի երեսից չբնաջնջվելու օրինաչափ բնազդները մարդկանց դարձնում են էմոցիոնալ ու խոցելի: Ապրիլյան պատերազմի սարսափը կուրացրել է նրանց բանականությունը և բանակի անունը լսելիս շատերը պատրաստ են նույնիսկ հետույքները դեմ տալ՝ առանց հասկանալու, որ իրենց էշի տեղ են դնում:

Ախր ոչ ոք չի ասում, թե չպետք է օգնել, իհարկե պետք է: Բայց այդ բարեգործություն կոչվածը չպետք է ինստիտուտի կարգավիճակ ստանա՝ ետին պլան մղելով պետության կողմից ստանձնած պարտավորությունները: Հասկանու՞մ եք, մենք այլևս Օսմանյան կայսրության տիրապետության տակ ապրող կրոնաէթնիկական փակ ու մեկուսացված հանրույթ չենք, այլևս ֆիդայիններին «քյոմակ» անելու ժամանակները անցել են: Հիմա արդեն կա պետություն, մի խումբ մարդիկ ինչ-որ աշխարհագրական տարածքում հավաքվել ու պայմանավորվել են, որ պետություն են ստեղծում, ավելին՝ այդ պայմանավորվածությունը ստացել է բարձրագույն իրավական դրսևորում, որն է՝ հանրաքվեն: Հիմա ու՞ր է այդ պետությունը, ինչու՞ է պաշտպանության նախարարը պարբերաբար ողորմություն խնդրում,  մինչև ու՞ր այս տրամաբանությամբ:

Չէ՛ իսկապես, Հարավային Կովկասում իր գոյությունը մի կերպ քարշ տվող Հայաստան անունով գոյացությունը պետության տպավորություն չի թողնում: Պետություն երբեք չի էլ դառնա, քանի դեռ փոխհարաբերման առաջնային կերպն ադաթներն են ու կրիմինալը, իսկ կենսունակ միակ ինստիտուտը՝ բարեգործությունը: Այստեղ ողորմության և մուրացկանության պրակտիկան է առաջնային պլան մղվել. ինչ-որ մեկը կամավոր կօգնի, ժողովուրդը փող կհավաքի, ռուսաստանաբնակ հայ գործարարը այս կամ այն տեխնիկան կնվիրի, ՀԿ-ները սնունդ կնվիրեն, գիտություն էլ պետք չէ, բոլորը՝ բանակ, բոլորը պետք է քրիստոնյա «ջիհադիստներ» դառնան

Ինձ թվում ա, չեն էլ հասկանում, թե ինչ ենք ասում, միևնույնն է, կուշտ կերած հորթի դեմքի արտահայտությամբ լատինատառ գրելու են. «գրանտակերները կազմաքանդում են բանակը»:

Վիգեն Սարգսյանը իր ազգ-բանակ ազգակործան կոնցեպտով դեռ շատ անելիքներ ունի, և անելիքներն այդ այնքան ժամանակ չեն կորցնելու իրենց շարունակակոանությունը, քանի դեռ ձեզնից շատերը սեթևեթում են նրա առաջ՝ ֆեյսբուքում գովեստի կենացներ ասելով և այսպես շարունակ: Դուք վերջում Վիգեն Սարգսյանի հորդորով հանուն բանակի վաճառելու եք նաև ձեր ներքին օրգանները՝ օրինակ երիկամները:  

Եվ խնդիրը միայն բանակին տրամադրվող օգնությունը չէ, այլ՝ առհասարակ: Այս պետությունը կարծես թե ծայրից ծայր բարեգործների հաշվին կառուցված լինի, նայեք ձեր շուրջը՝ ճանապարհներ, շենքեր, հիվանդանոցներ, ամեն-ամենը անհատ բարեգործներն են կառուցել, իսկ ընդհանրապես այսքան ժամանակ ի՞նչ է կառուցել պետությունը, կա՞ այդպիսի բան: Աղքատ քաղաքացիները, պետությունից հույսը կորցնելով, վերածվել են մուրացկանների՝ ամեն օր հույս հայտնելով, որ այս կամ այն բարեգործը իրենց կօգնի, հաց կտա, տուն կնվիրի և այսպես շարունակ: Իրավիճակն այս իսկապես ողորմելի է:

Ի դեպ իշխանություններին ձեռք է տալիս համակեցական այսպիսի կացութաձևը: Բարեգործությունը սպանում է մարդու մեջ իսկզբանե և բնականորեն բույն դրած հեղափոխականին: Բարեգործությունը սպանում է մարդու աշխատելու ցանկությունը: Հերոսանալու հիանալի մեխանիզմ: Մարդկանց զրկել աշխատելու հնարավորոթյունից, սոված պահել, իսկ մի կտոր հաց շպրտելուց հետո հռչակվել որպես բարեգործ:Նրանց ինչին է պետք ընդվզող և արժեք ստեղծող քաղաքացին, եթե հնարավոր է հպարտ անհատին մուրացկան դարձնել և վերջում 10 հազար դրամով առնել ու վերջնակապես ոչնչացնել, պղծել մարդու մեջ ապրող մարդեղությունը:

Աղքատները բարեգործական փշրանքներ ուտելու փոխարեն պետք է ուտեն հարուստներին ու պաշտոնյաներին: