Քաղաքական ուժերի արտաքին քաղաքական ծրագրեր․ երազանքներ և իրատեսություն

Քաղաքական ուժերի արտաքին քաղաքական ծրագրեր․ երազանքներ և իրատեսություն

«Հրապարակը» ներկայացնում է, թե արտաքին քաղաքական մասով ինչ նախընտրական դրույթներ են ներկայացրել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 25 քաղաքական ուժերը։

Դրանց պայմանականորեն կարելի է բաժանել 2 մեծ ենթախմբերի , որ բավականին «տրիվիալ» են՝ ռուսամետ և արևմտամետ դաշտում խաղացողներ։ Վերջիններիցս դաշնակցային գործընկերության առումով բավականին արմատական տրամադրություններ են նախանշվում  ՔՊ-ի հետ հետընտրական կոալիցիան չբացառող «Հանրապետություն» կուսակցության նախընտրական պլատֆորմում․ ոչ միայն դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն, այլև․«Աշխատանքներ պետք է իրականացվեն նաև Արևմուտքի հետ՝ ՀՀ արտաքին անվտանգության ապահովման այլընտրանքային ուղիների ձևավորման համար»։ Մասնավորապես՝ նպաստել բոլոր բնագավառներում ԵՄ երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը, առանձնակի ուշադրություն դարձնել ՀՀ և Ֆրանսիա հարաբերություններին, ընդլայնել և խորացնել համագործակցությունը ԱՄՆ-ի և ԵՄ-ի անվտանգությունն ապահովող հիմնական կառույցի` ՆԱՏՕ-ի հետ։

«Հանրապետությունը» առանձնացնում է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների նշանակությունը տարածաշրջանային մարտահրավերների ու տնտեսական զարգացման համատեքստում: «Թե՛ ռազմական ոլորտում, թե՛ ներդրումների ներգրավման, թե՛ նոր տեխնոլոգիաների կիրառման համատեքստում ԱՄՆ-ը կարող է լինել կարևոր գործընկեր»: 

«Ազգային ժողովրդավարական բևեռ»․ «Ընդունել 1918-20 թթ․ Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության  որդեգրումից բխող և Հայկական հարցի  (ներառյալ ՝ Արցախի հարցի ) լուծման համատեքստում  Հայաստանի  Հանր ապետության տարածքային ամբողջականության վերականգնման հիմնական  նպատակի իրագործմանը  ծառայող Ազ գային անվտանգության ռազմավարական հայեցակարգ։

Մեկ այլ ․«Հայաստանը Թուրքիային հանձնող Ռուսաստանի փոխարեն  ձեռք  բերել  իրական դաշնակիցներ ՝ արտաքին ռազմավարության անկյունաքար դարձնելով  «ԱՄՆ-ի  ոչ ՆԱՏՕ-ի անդամ  հիմնական դաշնակից » (Major non-NATO ally of the United States) կարգավիճակ ստանալու առաջնահերթությունը ,քայլեր ձեռնարկել  ՄԱԿ-ի ԱԽ և ԵԱՀԿ  Մինսկի  խմբի ձևաչափերում 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարությունը (բացառությամբ հրադադարի  և  հումանիտար հարցերի վերաբերյալ  դրույթներից) և դրա հիման վրա և (կամ ) դրանից բխող այլ փաստաթղթերը դատապարտելու ո ւ չեղարկելու , ի  կատարումն  դրանից առաջացրած հետևանքները  չեզոքացնելու, այդ թվում և առաջին հերթին ՝Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները 2020 թ․ նոյեմբերի 9-ին զբաղեցրած  դիրքեր  վերադարձնելու, դրանք Շուշիի և Հադրութի շրջաններից դուրսբերելու, Արցախի կարգավիճակի ու միջազգային խաղաղապահների խնդիրները լուծելու համար»։

ԱՄՆ-ի ,Ֆրանսիայի և այլ ապագա դաշնակիցների աջակցությամբ  սկսել  որակապես միանգամայն  նոր պաշտպանական համակարգի  ներուժի զարգացում։

ԱԺԲ-ի «Անվտանգություն և պաշտպանություն» գլխում հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին կարող են առնչվել հետևյալ պարբերությունները․« Արմատապես վերանայել անվտանգության մարմինների համակարգը՝ ստեղծելով միմյանց հավասարակշռող և անվտանգության ապահովման ամբողջ ծավալն ապահովող ու համադրող կառույցների համակարգ՝ քաղաքական-վերլուծական հետախուզություն, արտաքին հետախուզություն, պաշտպանական հետախուզություն, ներքին անվտանգություն և հակահետախուզություն, օպերատիվ-քրեական հետախուզություն։

3. Վերանայել անվտանգային-պաշտպանական ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման համակարգը։ 

ՔՊ․ Իրենց քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով Արտաքին գործերի նախարար ու փոխնախախարարներ չունեցող Նիկոլ Փաշինյանի կուսակցության նախընտրական ծրագրի դրույթները  սկսվում են՝

Հայ-ռուսական ռազմավարական դաշինքը
 
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրերի հիման վրա հագեցվում են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները: Սյունիքի մարզի Գորիսի և Սիսիանի շրջաններում հիմնվել են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետեր, Սյունիքի մարզի մի շարք հատվածներում Հայաստանի պետական սահմանի պահպանությանը մասնակցում են ռուսական սահմանապահները:
 
Հայաստանի Հանրապետության անդամակցությունը ՀԱՊԿ-ին
 
Հայաստանը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին և շարունակելու է աշխատել պայմանագրային և փաստաթղթային բազայի էլ ավելի կատարելագործման ուղղությամբ, ինչը լավագույնս կարտացոլի անդամ պետությունների շահերը և համատեղ նպատակները:
 
Տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորումը և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը
 
Տարածաշրջանային կայունության հաստատումը և տարածաշրջանի ապաշրջափակումը Հայաստանի անվտանգության կարևոր երաշխիք է, և, հետևաբար, պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի այլ անվտանգային և կենսական շահերի հաշվին, այլ հակառակը, պետք է նպաստի դրանց ամրապնդմանը:
 
Տարածաշրջանի ապաշրջափակմանն ուղղված մեր արտաքին քաղաքական ջանքերը, մյուս դերակատարների կողմից կառուցողական դիրքորոշման ցուցաբերման դեպքում, կարող են բերել ինչպես Հայաստանի անվտանգային համակարգի հավելյալ երաշխիքների, այնպես էլ Հայաստանի տարածաշրջանային դերակատարության բարձրացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, տնտեսական հզորությունների ավելացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղ և փոխշահավետ գոյակցության մթնոլորտի ձևավորմանը: Այս տեսանկյունից առանցքային է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններից բխող քայլերի ամբողջական և անվերապահ իրագործումը:
 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը
 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հակամարտության լուծման և Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը:
 
Բոլոր ուղղություններով նախաձեռնողական և արդյունավետ ներգրավման արտաքին քաղաքականությունը
 
Մեզ համար արտաքին քաղաքականության կարևոր նպատակներից է աշխարհի բոլոր տարածաշրջաններում գտնվող պետությունների և կազմակերպությունների հետ Հայաստանի երկկողմ և բազմակողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և արդյունավետ համագործակցությունը։ Այս համատեքստում ևս մեր հիմնական գործընկերների հետ փոխշահավետ և բովանդակային փոխգործակցությունը կարևոր բաղադրիչ է Հայաստանի անվտանգային ճարտարապետության մեջ:

«Հայաստան» դաշինքի «365 օր. Ապագան սկսվում է հիմա» կոչվող ծրագրում արտաքին քաղաքական ծրագրում կարդում ենք՝

Հայաստանը ՌԴ-ի հետ կվերագործարկի փոխհարաբերությունները բոլոր ուղղություններով և  տարածաշրջանային մարտահրավերներին համահունչ՝ կզարգացնի նոր ուղղություններ։

«Մենք ունենք արագ վերականգնման ներուժ: Մենք կանենք ամեն ինչ, որ դա հետաքրքիր և կենսական կարևոր հարց դառնա նաև մեր դաշնակիցների ու առաջին հերթին Ռուսաստանի համար: Չափազանց կարևոր է նոր օրակարգ ձևավորելը: Մենք չենք կարող նոր գաղափարներ առաջ չբերել: Մենք ի վիճակի ենք մեր բարեկամների հետ ապահովել ու պաշտպանել ՀՀ-ի շահերը: Մենք կվերականգնենք մեր կորցրած դիրքերը միջազգային կառույցներում»,-քարոզարշավի ընթացքում հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը։

Մեկ այլ մեջբերում այս քաղաքական միավորի արտաքին քաղաքական ծրագրից․

«Արժանապատիվ խաղաղություն․ հանդես ենք գալիս հավասարկշիռ և հետևողական արտաքին քաղաքակնության արդյունավետ տարաշրջանային համագործակցության և բոլոր հարևանների հետ արժանապատիվ հարաբերությունների հաստատման օգտին»։

Տարածաշրջանում շահեր հետապնդող դաշնակից երկրների հետ կձևավորվեն համագործակցության, փոխօգնության և տարաշրջանային խաղաղության հաստատման նոր մոդելներ։ «Մենք մերժում ենք պարտվածի հոգեբանությունը՝ վստահ լինելով, որ Հայաստանն իր դաշնակիցների հետ կարող է ձևավորել տարաշաշրջանային նոր օրակարգ  և պաշտպանել սեփական շահերը»,-ասվում է 2-րդ նախագահի կողմից գլխավորված քաղաքական ուժի նախընտրական պլատֆորմում։

Խորացվելու է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ՝ որպես «անմիջական հարևանի ու աշխարհաքաղաքական ընդհանուր շահեր ունեցող երկրի»։ Ասվում է նաև՝ Վրաստանը բարեկամ երկիր է, որտեղ  իրացվում է ջավախահայության ազգային իմքնությունը։

Որակական նոր հանգրվանի է հասցվելու Իրանի հետ նոր համագործակցությունը, նոր մակարդակի՝ Չինաստանի հետ համագործակցություն։

Այլ միջազգային կառուցների ու միավորների մասին մի փոքր լակոնիկ է․ շարունակելու ենք համագործակցությունը ՄԱԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԵԽ, ԵՄ և այլ միւազգային կազմակերպություններում  և դրանցում լիարժեք կատարել Հայաստանի ստանձնած պարտավորությունները և իրացնել անդամության ընձեռած հնարավորությունները։

Արտաքին քաղաքականության ոլորտում, ըստ Ռոբերտ Քոչարյանի, կվերականգնեն վստահությունը երկրի հանդեպ՝ որպես կանխատեսելի ու հասկանալի գործընկերոջ: Երկկողմանի մակարդակով բարեկամ պետություններին կառաջարկվի նոր ու հասկանալի օրակարգ:
Խոստանում են ընդլայնել Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը։

«Պատիվ ունեմ»․ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՀ-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժերից բաղկացած դաշինքի կողմից արտաքին քաղաքկան խնդիրները ձևակերպված են որպես՝

«Գործընկեր կառույցների ու երկրների, դաշնակիցների հետ հարաբերությունների հետագա խորացում, գործընկերային հարաբերությունների նոր ուղղությունների մշակումը, հակոտնյա շահեր հետապնդող երկրների հետ արդյունավետ երկխոսության հաստատում»։

Ընդգծվում է ՌԴ-ն, որը «ՀՀ ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է», որի հետ համագործացությունը անվտանգության ոլորտում պետք է բարձրացվի նոր մակարդակի։ «Երկու երկրների քաղաքական կյանքում ժամանակավոր վայրիվերումները չեն  կարող հարցականի տակ դնել անվտանգային, քաղաքական, տնտեսական առումներով  անկյունաքարային կարևորություն ունեցող հայ-ռուսական հարաբերությունները, փոխվաստահությունն ու բարեկամությունը»։ Եվս մեկ հատված «Պատիվ ունեմ»-ի արտաքին  քաղաքական պլատֆորմից, որտեղ ընգծվում է նաև՝ անվտանգության ոլորտում համագործակցությունը պետք է հիմնված լինի իրական կարիքների, ուշադրություն, լիարժեք բավարարման ու փաստացի առկա ու պոտենցիալ սպառնալիքների օպերատիվ արձագանքման սկզբունքների վրա՝ անկախ այլ գործոններից։ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում  Հայաստանը պետք է հանդես գա որպես լիարժեք ակտիվ ու նախաձեռնող անդամ, ջանքեր ներդնի ի նպաստ այս կառույցների զարգացման ու դրանց միջազգային հեղինակության ամրապնդման համար։ Արտաքին քաղաքական բաղադրիչ պետք է լինի Հայաստանի համար կարևորագույն հարցերի ներառումն այս կառույցների օրակարգեր։

Ինչպես ՀՀԿ-ի պարագայում, բավականին կոմպլեմենտար արտաքին քաղաքական վեկտոր է․ Իրան, (խորացվի համագործակցությունը Հայաստան-Իրան-Հունաստան եռակոկողմ ձևաչափի ներքո և Հայաստանն էլ նախաձեռնի Հայաստան-Իրան -Ռուսաստան կայուն համագործակցության ձևաչափ ) Չինաստանի, իսկ ԵՄ-ի հետ համագործակցության զարգացում և խորացում։ ԵՄ-ն, առհասարակ, պետք է լինի Հայաստանի համար արտաքին քաղաքական գերակայություն։ Իսկ երկկողմ և եվրաատլանտյան կառույցների հետ բազմակողմ համագործությունը պետք է հիմնված լինի ընդհանուր արժեքների վրա։ «ԱՄՆ -ի  հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր ուղղությունն է»։
 
ՀԱԿ-ի 18 էջանով ծրագիրը կոչվում է՝ «Հայաստանի նոր ճանապարհը»։

Ջախջախված բանակ, քայքայված տնտեսություն ունեցող Հայաստանում, որի սահմանների պաշտպանության գլխավոր երաշխավորը դարձել է Ռուսաստանը, իսկ չուծված ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է պայթյունավտանգ վիճակում պահել տարածաշրջանը, Կոնգրեսի առաջնային գործն է լինելու անվտանգության վերականգնումը, տարածաշրջանային կայունության ապահովումը եւ ղարաբաղյան հակամարտության աստիճանական կարգավորումը, բոլոր հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը։ Հետեւաբար, ՀԱԿ քաղաքականությունը խարսխված է լինելու հետեւյալ ուղղությունների վրա.
 
1.1.  Ռուսաստանի հետ ռազմավարական շահերի ներդաշնակման եւ համատեղ ծրագրերի իրականացման նպատակով պետք է ստեղծել ինստիտուցիոնալ համակարգ, որը կհամակարգի այդ ուղղությամբ ԱԳՆ-ի, Անվտանգության խորհրդի, կառավարության տարբեր գերատեսչությունների գործունեությունը։

Մեկ այլ մեջբերում ՀԱԿ-ի ծրագրից․«Հաշվի առնելով Ռուսաստանի շահագրգռությունը տարածաշրջանային անվտանգության բալանսի վերականգնման ուղղությամբ, պետք է անհապաղ համատեղ աշխատանք սկսել  հայոց բանակի վերածննդի եւ վերազինման, այդ թվում` Հայաստանում ռազմական նոր տեխնոգիաների հիման վրա համատեղ արտադրական հզորություններ ստեղծելու ուղղությամբ։ 
 
1.2. Ռուսաստանի եւ Մինսկի խմբի այլ համանախագահների օգնությամբ պետք է ներգրավվել Ադրբեջանի հետ վստահության կառուցման միջոցառումների (Confidence Building Measures) բանակցությունների մեջ՝ նպատակ դնելով այնպիսի փոխզիջումային քայլերի մշակումն ու իրականացումը, որոնք կստեղծեն  երկու պետությունների միջեւ վստահության բավարար պաշար՝ Զինված հակամարտության դադարեցման մասին պայմանագրի ստորագրման համար»։ Գնահատվում է՝ կնքելով պայմանագիրը՝ հակամարտող կողմերը կստանձնեն ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու միջազգային պարտավորություն, կամրապնդեն հակամարտության գոտում տեղակայված խաղաղապահ զորքերի  մանդատը, կվերացնեն հաղորդակցման  ու տրանսպորտի ուղիների գործածության բոլոր արգելանքները, կստեղծեն Արցախի ժողովրդի համար անվտանգ ապրելու, ինքնակառավարում իրականացնելու, տնտեսության զարգացման եւ միջազգային ներդրումների հնարավորություններ։ Զինված հակամարտության դադարեցման պայմանագրի հիման վրա խաղաղություն հաստատելուց հետո՝ պետք է սկսվի վստահության կառուցման միջոցառումների բանակցությունների երկրորդ, երկարաժամկետ փուլը, որի վերջնական նպատակը պետք է լինի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը, առաջին փուլում չլուծված մյուս վիճահարույց հարցերի կարգավորումը։

Ըստ ՀԱԿ-ի՝Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքը պետք է դառնա համաշխարհային տնտեսական համակարգի հետ ինտեգրացիան։ Հայաստանը պետք է շարունակի իր համագործակցությունը Եվրոպական Միության, Միացյալ Նահանգների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ ազատական բարեփոխումների ապահովման բնագավառում։

«Հայոց հայրենիքն» էլ խոստանում է․«Մենք, իշխանության գալով ,կվարենք Հայաստանի և Սփյուռքի ներուժների ամբողջական միավորման կուրս՝ որպես գերակայություն ընդունելով ՀՀ պետական շահը: ՀՀ-ն Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, ՀԱՊԿ անդամ, ԱՊՀ հիմնադիր անդամ: 2. Մենք կշարունակենք խորացնել հարաբերությունները դաշնակիցերի հետ: Առանձնահատուկ գործընկեր-բարեկամական հարաբերությունների խորացումը ՌԴ-ի հետ կլինի մեր արտաքին հարաբերությունների կարևոր բաղկացուցիչը»: 

«Վերելք»-ում ռուսական մասով առանձնակի շեշտադրումներ չկան, եթե, իհարկե հաշվի չառնենք, որ այս կուսակցությունն առաջարկում է վարել մերձաարևելյան ակտիվ քաղաքականություն։ Մի ակնարկ, առանց կոնկրետացման ակնհայտորեն՝ ՌԴ մասով․«Համագործակցությունը կարող է հաջող լինել միայն այն դեպքում, երբ կհարգվեն իրավահավասարության, փոխադարձ շահավետության և պարտավորությունների փոխադարձ կատարման սկզբունքները, ինչպես նաև, երբ կկատարվեն կնքված 30 համաձայնագրերը և ստանձնած պարտավորությունները»։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի չորս գլխուխներից մեկն էլ արտաքին քաղաքականությունն է։Ցավոք, դրա հետ առայժմ չի հաջողվել ծանոթանալ, քանի որ տեղադրված չէ ԿԸՀ-ում, բաց աղբյուրներից որոնումներն էլ անարդյունք էին։