Մենք պետք է արյունով ու քրտինքով հայրենիք վերականգնենք

Մենք պետք է արյունով ու քրտինքով հայրենիք վերականգնենք

29 տարի առաջ մայիսի 8-ի առավոտյան սկսվեց և 9-ի առավոտյան ավարտվեց հինավուրց հայկական քաղաք, երբեմնի ռուսական կայսրության Անդրկովկասի վարչական տարածքի հայկական մշակութային կենտրոն Շուշիի ազատագրումը: 3 տարի առաջ ավարտվեց Սերժին, իսկ այնուհետև բոլոր նախկիններին մերժելու գործողությունը, և ցնծացող ժողովրդի առաջնորդ Նիկոլը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ:

Փաշինյան Նիկոլ. «Շուշին դժգույն և դժբախտ քաղաք էր»: Դավաճան անմեղսունակի այս արտահայտությունը պետք է սև տառերով դաջվի հայոց պատմության մատյանում: Եվ այդ գրությունը պետք է լինի վերջինը. վերջինը կա՛մ մեր ազգի պատմության և կա՛մ  մեր ազգի պատմության սև էջերի շարքում: Եթե ս.թ. հունիսի 20-ին վերարտադրվի ազգակործան պատուհասի, ինչպես նրան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է բնութագրել, իշխանությունը, ապա կյանքի կկոչվի առաջին տարբերակը: Եվ որպեսզի դա տեղի չունենա՝  «Փաշինյան Նիկոլ» երևույթը պետք է մերժվի, մերժվի բացարձակ, մերժվի առհավետ: Սակայն նրա անունը չպետք է մոռացության ենթարկվի, այն պետք է հիշվի ընդմիշտ՝ որպես խարան մեր ազգի հոգու վրա, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի:

Շուշին  դժգույն և դժբախտ քաղաք չէր, Շուշին սիմվոլ էր՝ խորհրդանիշ: Շուշին սիմվոլ էր մեզ համար էն գլխից, մեր շթնամին Շուշին սիմվոլ սարքեց իր համար: Ու դրա իրավունքը մեր շթնամուն նվիրեց Փաշինյան Նիկոլը, այն անձը, որ դեռևս զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը և դա բավարար չէ՝ ցանկանում է 5 տարով երկարաձգել այն: Մեր համազգային անխելքությամբ կերտված ճակատագրի հեգնանքով էր երևի, որ Շուշիի ազատագրման սկիզբը 26 տարի անց համընկավ մեր պարտության սիմվոլի կողմից իշխանության բռնազավթման գործողության ավարտին: Համաժողովրդական ցնծության ժխորի տակ վարչապետ նշանակվեց մեկը, որ մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս հպարտ էր անվանում, սակայն իրականում մեզ զրկեց ազգային հպարտությունից:

3 տարի առաջ մեզանից ամեն մեկը՝ ահել թե ջահել, կին թե տղամարդ, երջանիկ զգաց իրեն, որ վարչապետ կարգվեց մեր կողմից ընտրվածը: Նա մեզ խոստացավ երջանիկ կյանք, իրականում մի ողջ երիտասարդ սերունդ զոհեց հանուն… չգիտեմ՝ հանուն ինչի… իր աթոռի՞, աթոռի շնորհիվ իր վայելքների՞, թե՞… Չէ, չգիտեմ: Գիտեմ միայն, որ նրանք զոհվեցին, իսկ ոմանք էլ այսօր գերի են թշնամու ձեռքին իր տգիտության, իր ապաշնորհության, իր դավաճանության պատճառով: 
3 տարի առաջ վարչապետ կարգվեց նա, ով գոռաց՝ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ իրականում մեզ զրկեց Արցախից, իսկ արցախցիներից շատերին՝ տնից ու տեղից:

Նա, ով սպառնալիքի տակ է դրել Սյունիքը, սակայն խոսում է ապագա լինելուց: Նա, ով բարոյականություն ունենալու դեպքում 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ինքնասպան կլիներ՝ ընդունելով իր մեղքն ու իր պարտությունը: Դրա փոխարեն փորձում է կրկին ստանալ հայաստանցու քվեն, որպեսզի ավարտին հասցնի մեր հայրենիքի կործանման իր սատանայական ծրագիրը: Հիշում եք, չէ՞, որ ժամանակին ԱԱԾ-ին հանձնարարել էր մայրաքաղաքում սատանա գտնել և ձերբակալել: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կարող էր սատանայի ծրագիրն իրագործողը սատանա ձերբակալել: Եվ ողբերգական աբսուրդի (անհեթեթության) թատրոնի այդ դերասանը շարունակում է երկիր կառավարել ու վերընտրվելու հույսեր փայփայել: Եվ ոչ միայն փայփայել՝ այլ օգտագործելով «աածական-դատախազական-քննչական-ոստիկանական» կառույցները՝ ատամներով կառչել աթոռից:

3 տարի առաջ մենք ազգովի ճակատագրական սխալ գործեցինք, ու Աստված պատժեց մեզ: Մենք պետք է ազգովի քավենք մեր մեղքը՝ ազատվենք «Փաշինյան Նիկոլ» երևույթից, ու արյունով ու քրտինքով հայրենիք վերականգնենք: