Թողեցինք, բայց չաշխատեց

Թողեցինք, բայց չաշխատեց

Նա եկավ հեռվից, եկավ վստահ ու համարձակ: Ասեց վիճակը ծանր է, բայց ես ձեզ կփրկեմ: Նա խոսեց կարճ, անելիքների մասին էլ վստահեցրեց, թե կանեմ ` կտեսնեք, հոխորտաց կառավարության նիստերին, կատաղի հարվածներ ուղղեց հարվածային գործիքներին և այսպես շարունակ: Հարցերին ի պատասխան գուսանները նրա երգեցին այսպես. «թողեք թող աշխատի»:

Թողեցինք աշխատեց. մի նախարարություն տարավ դեպի աջ, մյուս նախարարությունը տեղափոխեց ձախ, փոխեց հաջորդի անունը և ամենակարևորը պահպանեց սփյուռքի հարցերով փորձագետ այն կնոջը: Ժպտաց, ասուլիս կազմակերպեց, դարձավ հանրապետական, խաղաց այո և ոչ-ի այն հայտնի խաղը, ինքն իրեն հարցեր տվեց, բայց ինքն իրեն տրված հարցերին այդպես էլ չպատասխանեց: Բայց վերջում ասեց` կանեմ կտեսնեք:

Անցավ մեկ ու կես տարի: Նա նստած է նորից, բայց չի ժպտում առաջվա պես, չի հոխորտում ինչպես նախկինում, մոռացել է հարվածային գործիքների երբեմնի հմայքը: Խոսում է հանգիստ, բայց ոչ դրսից եկած փրկչի հախուռն կեցվածքով, այլ շարքային հանրապետականի կեղծ ժպիտով, որը ավելի շուտ ժպիտ չէ, այլ խաղի կանոնները վերջապես հասկացածի դեմքի արտահայտություն: Նրան բացատրել են` դու փրկիչ ես, բայց պատվերով, դու ունես առաքելություն, որի ընթացքն ու վերջաբանը այլևս քեզ չեն պատկանում: Նրան հասկացրել են. պետք է հարմարվես ու ճանաչես «գերագույն գլխավոր»-ի գերագահությունը, հակառակ դեպքում օդանավի հետադարձ տոմսերը ի սկզբանե գնված են և փրկագործական առաքելության ավարտից հետո նրան կճանապարհեն:

Արձակուրդի մեջ նա հիմա հիշում է: Ավելի ճիշտ, վերհիշում է իրենից առաջ եկած փրկիչներին, վերլուծում է դրանց նույնական ճակատագրերը՝ ընդդիմադիր, թե իշխանական, նրանք բոլորը փրկել են, բայց` իշխանական բուրգը: Փրկել են, բայց իրենք իրենց փրկել չեն կարողացել, քանի որ հանրապետական բուրգից փրկություն չկա, այն խժռում է նույնիսկ իր հարազատ զավակներին: Այսքանից հետո ինքն իրեն հարց է տալիս` մի՞ թե վերջինը ես եմ: Բայց պատասխանը պարզ է, նա գիտի դրա մասին, որովհետև տեղյակ է եղել, թե որն է իր առաքելության էությունը: Ձախողված պաշտոնավարում, բայց ոչ մեկ տարվա ընթացքում ձախողվելու տեսանկյունից, այլ հեռանկարների բացակայության: Սերժ Սարգսյանի բուրգը հեռանկարներ չի սիրում, այն նախընտրում է իրականության քարացած պատկերներ, որոնք անշարժության մեջ հայտնված պտտվում են բուրգի շուրջ: Կա երկու ճանապարհ` դառնալ բուրգի մի մասնիկը կամ էլ քարացած պատկերների հետ միասին պտտվել դրա շուրջը: Կարեն Կարապետյանը նախընտրեց բուրգը: Հիմա նա կնշանակվի փոխվարչապետ՝ Սերժ Սարգսյանի նվագակցության ներքո ու բուրգի խաղի կանոնների տրամաբանությամբ։