«Հրապարակ». Տեր-Պետրոսյանն իր պատմական առաքելության կարեւորությունը չնկատեց, այլապես ինքն այդ քայլը չէր անի

«Հրապարակ». Տեր-Պետրոսյանն իր պատմական առաքելության կարեւորությունը չնկատեց, այլապես ինքն այդ քայլը չէր անի

Վեհափառի առաջարկությամբ ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպման ֆորմատը, կարծես թե, տապալվեց։ Լեւոն Տեր-Պետրոսյանը համարեց, որ այդ ֆորմատը սպառել է իրեն, եւ դուրս եկավ՝ հայտարարելով, որ ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսությունը չի կայացել։ Մյուս մասնակիցները, կարծես, համաձայն չեն այս ձեւակերպմանը եւ հայտարարել էին, որ Տեր-Պետրոսյանի առաջարկը՝ կիսել Փաշինյանի հետ փաստաթղթեր ստորագրելու պատասխանատվությունը, իրենց համար ընդունելի չէ։ Եվ չնայած Մայր Աթոռը հայտարարեց, որ Վեհափառը, ֆորմատը շարունակելու հետ կապված, քննարկումները շարունակում է, սակայն, պարզ չէ՝ Հայաստանի երկու նախկին ու Արցախի երկու նախկին նախագահների մասնակցությամբ այս ֆորմատը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ։ Կարծես թե մասնակիցները տրամադրված են վերակենդանացնել այն։

Այս ֆորմատի կենսունակությանն ու արդյունավետությանը, սակայն, ոմանք թերահավատորեն են տրամադրված եւ վստահ չեն, որ այն կարող է որեւէ օգուտ տալ։ Թեեւ կա կարծիք, որ ֆորմատը հարկավոր է փոխել՝ ընդլայնել, ասենք՝ նախկին վարչապետներին ընդգրկելով։ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը մեզ հետ զրույցում վերահաստատեց իր այն միտքը, որ ի սկզբանե համոզված էր, որ նման հանդիպումները որեւէ արդյունք չեն տալու։ Հարցրինք նրան՝ իսկ եթե որոշեն ընդլայնել ֆորմատն ու նախկին վարչապետներին էլ ներգրավել, կհամաձայնի՞ մաս կազմել դրան, եթե հրավիրեն։ «Ես չեմ կարծում, որ ընդլայնումով այն ավելի արդյունավետ կդառնա»։
ՀՀ ամենաերկարամյա վարչապետներից մեկը՝ Հրանտ Բագրատյանն էլ առանձնապես մեծ ակնկալիքներ չունի այս ֆորմատից։ «Ես կարճ կասեմ՝ հանդիպումներ հազար հատ կայանում են, բայց էսօրվա պրոբլեմները հանդիպումները չեն, էսօրվա պրոբլեմը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է»,- ասաց նա։ Սակայն չցանկացավ ասել՝ կհամաձայնի՞, արդյոք, եթե ընդլայնվի ֆորմատը, ու իրեն ընդգրկեն այդ հանդիպումներին։ Ասաց, որ ճիշտ չի համարում պատասխանել «եթե»-ներով հարցերի։

Խոսեցինք նաեւ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ։ Նա, ի տարբերություն նախորդ երկու վարչապետների, հատուկ ընդգծեց նախկին նախագահների հանդիպումների կարեւորությունը։ «Այդ ֆորմատը շատ էական նշանակություն կարող է ունենալ, որպեսզի հանրության շրջանակում քաղաքական զարգացումների նկատմամբ վերաբերմունքը չգնահատվեր, չորակվեր որպես միջկուսակցական պայքար, հետեւաբար՝ աթոռակռիվ, այլ ուղղակի գնահատվեր հանրությանը կամ մեր պետականությանն այս փուլում ձեւավորված կործանարար սպառնալիքների դեմն առնելու անհրաժեշտ նախաձեռնություններ։ Համաձայնեք, որ «Դիմադրության շարժում», «Հայրենիքի փրկության շարժում»՝ սրանք շատ կարեւոր են հանրային կարծիք եւ հանրային մոտեցում ձեւավորելու տեսանկյունից, բայց, միաժամանակ, քանի որ նախաձեռնողները հիմնականում հանդիսանում էին կուսակցության ներկայացուցիչներ, շատ հարմար էր եւ շատ հեշտ էր այդ նախաձեռնությունները ներկայացնել որպես պայքար իշխանության համար»,- ասաց Հարությունյանը։

Նա հիշեցրեց, որ ողջունել է Վեհափառ հայրապետի նախաձեռնությունը՝ որ երեք սուբյեկտ կա մեր իրականության մեջ՝ դրանք նախկին նախագահներն են, որոնք կանգնած են եղել անկախ Հայաստանի պետականության կայացման հիմքերում, եւ ելնում է այն ընկալումից, որ հանրապետության նախագահը ոչ թե պաշտոն է, այլ՝ պատմական առաքելություն։
«Եթե դուք պաշտոնաթող նախագահ եք, ապա ձեր պատմական առաքելությունը դեռ չի դադարել։ Այսինքն՝ դուք դեռ պարտավոր եք այդ առաքելությունն իրականացնել։ Ես էդպես եմ ընկալել եւ հիմա էլ եմ էդպես ընկալում։ Հետեւաբար, նույնիսկ Տեր-Պետրոսյանի հարցազրույցից եւ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո ես Հանրայինի եթերով խոսել եմ եւ հրապարակավ ասել, որ ձեռնպահ կմնամ լուրջ քննադատական վերաբերմունքից, որովհետեւ կարեւորում եմ այդ ֆորմատի կայանալը»,- նշեց Խոսրով Հարությունյանը։

- Իսկ ի՞նչն այնպես չստացվեց այդ  հանդիպումներում։

- Դե, հիմա, չեմ կարող ասել։ Ես հասկացել եմ մի պարզ բան․ Տեր-Պետրոսյանն այդ ֆորմատը տեսնում էր ընդամենը որպես մի առաքելություն, որը պետք է ապահովեր ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը։ Ես այդ կարծիքին չեմ եղել։ Այդ երկխոսության համար չարժեր Վեհափառ, Հայաստանի ու Արցախի նախագահներ ներգրավել։ Ես չեմ կարծում, որ այդպիսի նախաձեռնությամբ հանդես գալու համար պետք էր այդ ֆորմատը։ Հիմա ինձ մոտ կա տպավորություն, որ, այդուհանդերձ, Տեր-Պետրոսյանն իր տված հարցազրույցում արձանագրում էր, որ իր նպատակը գոնե այդ ֆորմատում կայանում էր նրանում, որ փորձեինք ստեղծել հանրային միջավայր, որը հնարավորություն կտար կամ որը կնպաստեր ինչ-որ մի լուծման, ինչը հնարավորին չափով նվազագույն ցավագին կլիներ այս իրավիճակից դուրս գալու հարցում։

- Ճի՞շտ հասկացա, որ Դուք կարծում եք՝ եթե Տեր-Պետրոսյանը դուրս է գալիս, ապա ֆորմատի արդյունավետությունը կարող է տուժել, որովհետեւ մեկ նախագահ դուրս է գալիս՝ անկախ այն բանից, թե որ նախագահն է այդ մեկը։

- Այո, ես գտնում եմ, որ այդ ֆորմատն այլեւս չի աշխատի, գոնե նրա հանրային արդյունքը, էֆեկտն այնպիսին չի լինի, ինչպիսին կլիներ երեք նախագահներով։ Եվ էստեղ Տեր-Պետրոսյանի դուրս գալը ֆորմատից, ըստ էության, ոչ թե խոսում է այն մասին, որ երեք նախագահները չեն կարող որեւէ ընդհանուր հայտարարի գալ կամ չեն կարող մշակել ինչ-որ մի ընդհանուր մոտեցում, այլ ավելի շատ խոսում է այն մասին, որ ինքը՝ Տեր-Պետրոսյանը, իր պատմական առաքելության կարեւորությունը չնկատեց, այլապես ինքն այդ քայլը չէր անի։

- Իսկ կա՞ քննարկում՝ ընդլայնելու ֆորմատը եւ ներգրավելու ոչ միայն նախկին նախագահներին, այլեւ նախկին վարչապետներին, եւ արդյոք դա արդյունավետ կլինի՞։ Եվ եթե Ձեզ հրավեր լինի, կմասնակցե՞ք։

- Անկասկած, բոլոր պարագաներում, քանի որ կար նաեւ այդպիսի առաջարկ, որ լինեն ոչ միայն նախագահները, այլեւ՝ վարչապետներ, պաշտպանության նախարարներ, ես այդ կարծիքին չեմ՝ անկեղծ ասեմ, որովհետեւ դա շատ մեծ ֆորմատ կդառնա, եւ այդ ֆորմատում քննարկումներ ծավալելն ու ինչ-որ մի առաջարկության հանգելը կլինի դժվար։ Դրա համար ես շարունակում էի մնալ այն կարծիքին, որ երեք նախագահները, որոնք, կրկնում եմ, պատմական իրենց առաքելությունը՝ նույնիսկ պաշտոնաթող լինելու պարագայում, չեն կարող համարել ավարտված, քանի որ իրենք հանրության առջեւ իրենց պատասխանատվությունը եւ պարտավորությունը շարունակում են կրել, քանի դեռ ունակ են աշխատելու եւ գործելու։ Բայց եթե ինձ հրավեր լինի, իհարկե, կմասնակցեմ։ Սակայն այդ մասնակցությունն այն արդյունքը չի տա, որը մենք կարող էինք սպասել հանրապետության երեք նախագահների եւ Արցախի նախագահների, պլյուս՝ վեհափառների հանդիպումից։